«Տեղեկացնում եմ, որ նախարարական կարգավիճակին հրաժեշտ եմ տվել հանգիստ և առանց զգայական զեղումների, հետագայում մերժել եմ ինձ առաջարկվող բոլոր բարձր պաշտոնները, քանի որ ցանկանում եմ իմ փորձը, գիտելիքները և ջանքերը ինքնուրույն ներդնել մեր պետության ներքաղաքական կյանքում փոփոխությունների հասնելու համար»,- ասում է նա։ Ինչ փոփոխությունների մասին է խոսքը, ներքաղաքական կյանքում ինչը դուր չի գալիս Օհանյանին, որ ցանկանում է փոխել, ինչով է պատրաստվում դա փոխել։ Այս հարցերի պատասխանը հայտարարության մեջ չկա, թեև թվում է, թե դրանք առանցքային պետք է լինեին քաղաքական հայտ ներկայացնելու ժամանակ։
«Ինձ համար քաղաքական գործընթացներում հայտ ներկայացնելը ինքնանպատակ չէ, այլ Հայրենիքին ծառայելու նոր ինքնադրսեւորում։ Քաղաքական կառավարման կայացած համակարգերում կարևոր են տարբեր դիրքորոշումներն ու բազմակարծությունը, որոնք հետագայում հիմք են դառնում նոր վերադասավորումների և վերախմբավորումների. «Եթե չկա երկրորդ կարծիք, ապա ինչի՞ց ընտրել լավագույնը»։ Ես կտրականապես մերժում եմ, երբ քաղաքական գործիչների կարծիքների և տեսակետների բախումը վերածվում է ծայրահեղ հակամարտության, փոխադարձ թշնամանքի եւ ատելության։ Դեմ եմ, երբ այլակարծությունը դառնում է քաղաքական հետապնդումների, զրպարտության, հայհոյախոսության թատերաբեմ»,-շարունակում է Օհանյանը։
Ի՞նչ տարբեր դիրքորոշումների մասին է խոսքը, Սեյրան Օհանյանի դիրքորոշումը ո՞րն է, առաջին երկու կարծիքները որո՞նք են, երրորդը ո՞րն է։ Ի՞նչը ինչի հետ կարող է բախվել եւ վերածվել փոխադարձ թշնամանքի։
«Իմ նպատակն է ակտիվորեն մասնակցել 2017թ. խորհրդարանական ընտրություններին՝ ձևավորելով համախոհների թիմ, իսկ քաղաքական մասնակցության համար գտնել առավել արդյունավետ ձեւաչափ, որը հանրությանը կներկայանա իրատեսական ծրագրով՝ խնդիր ունենալով Հայաստանում ձևավորելու նոր որակի քաղաքական եւ տնտեսական համակարգ՝ նոր որակի կառավարմամբ»,- հայտարարում է պաշտպանության նախկին նախարարը։
Կարդացեք նաև
Հնարավոր չէ կռահել՝ Օհանյանի համախոհները ինչին պետք է համախոհ լինեն։ Հիմա ցանկացած ՀՀ քաղաքացի, որ կարող էր լինել Սեյրան Օհանյանի համախոհը, ինչպես կողմնորոշվի, համախոհ է, թե՝ ոչ։ Ինչի՞ն համախոհ լինի, նոր որակի քաղաքական և տնտեսական համակարգի՞ն, նոր որակի կառավարմա՞նը։
Դատելով հայտարարության ընդհանուր ֆոնից, կարելի է ենթադրություն անել, որ Օհանյանն ինչ-որ բանից դժգոհ է, այդ պատճառով էլ մտնում է քաղաքականություն։
Ենթադրվում Է, որ վերոնշյալ բոլոր հարցերի պատասխանը թողնված է հաջորդ հայտարարություններին։ Թեև չի բացառվում, որ դրանք առհասարակ չհնչեն։
Երեկ «Միացյալ Հայաստան» շարժումը հայտարարեց, որ միանում է Սեյրան Օհանյանին. «Սեյրան Օհանյանի սպասված քաղաքական հայտը ստեղծված բարդ ներքաղաքական իրավիճակին նոր ու հաղթական լիցք է հաղորդում (…): Միացյալ Հայաստան շարժումն անվերապահորեն սատարում է Սեյրան Օհանյանին և իր համախոհներին, գաղափարակիցներին, նաեւ մարտական ընկերներին կոչ է անում միանալ նոր ձևավորվող քաղաքական ուժին։ Մենք մեր ողջ ներուժը, մեր կարողություններն ու հնարավորությունները օգտագործելու ենք Սեյրան Օհանյանի շուրջ ձևավորվող քաղաքական ուժի հաղթանակի համար»։
«Միացյալ Հայաստանում», փաստորեն, հասկացել են, թե ինչ գաղափարներ ունի Սեյրան Օհանյանը, և գտնում են, որ պետք է սատարել դրանց իրականացմանը։ Դա նշանակում է երկու բան. կամ մենք չենք կարողանում ըմբռնել Օհանյանի հայտարարության բովանդակությունը, կամ «Միացյալ Հայաստան» շարժման անդամներին հայտնի է մի բան, որ մեզ հայտնի չէ։
Աննա ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում