Արամ Սաֆարյանը` ԻԻՀ նախագահի այցի մասին
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի այսօր կայանալիք այցը Հայաստան «Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Արամ Սաֆարյանը Հայաստանի համար համարում է պատմական. «Այս այցից մենք ունենք շատ կոնկրետ սպասելիքներ: Այն, որ Իրանը Հայաստանի հարեւան եւ բարեկամ երկիրն է, եւ մենք ունենք ժամանակի քննությունը բռնած հարաբերություններ՝ սա հարցի մի կողմն է, մյուս կողմն այն է, որ տնտեսական արգելամիջոցների չեղարկումից հետո Իրանը դարձել է սպասված եւ ցանկալի գործընկեր աշխարհի ցանկացած երկրի համար: Սպասվում է, որ բոլոր կարգի ներդրումները ԻԻՀ-ում տեսանելի հեռանկարում կգերազանցեն 120 միլիարդ դոլարը: Այս ահռելի գումարը հնարավորություն է տալիս, որ դեպի իրանական շուկա իրենց հայացքն ուղղեն թե Արեւմուտքի, թե ՌԴ-ի, թե Չինաստանի արտադրողներն ու արտահանողները»: Արամ Սաֆարյանը կարծում է, որ Իրանի նախագահի` Հայաստան այցի ընթացքում կքննարկվի Հայաստանի կողմից առաջ մղվող գաղափարը, որ Հայաստանը պետք է կամուրջ դառնա Հյուսիս-Հարավ պատմական առանցքի համար: «Ակնառու խոչընդոտներ այս ճանապարհին չկան, մնում է հաշվել եւ ճիշտ հաշվել շահը»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ ազատ առեւտրի գոտին, որի մասին համաձայնությունը Հայաստանն ու Իրանը ստորագրել են, ենթադրում է գյուղմթերքների առքուվաճառք, էլեկտրաէներգիայի արդյունահանում, արդյունաբերական արտադրությունների ստեղծում, ինչը կարող է Մեղրիի տարածաշրջանը դարձնել սպասված տնտեսական տարածք իրանցի, ռուս եւ ԵԱՏՄ անդամ երկրների գործարարների համար: «ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստանը միակ երկիրն է, որն Իրանի լոբբինգն է անում: Դա իր տրամաբանական ավարտը պետք է ունենա: Սա մեզ ձեռնտու է, ռիսկերը մեծ չեն, եւ այս ուղղությամբ պետք է աշխատել»,- ասաց Արամ Սաֆարյանը:
Անդրադառնալով Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությանը՝ մեր զրուցակիցն ասաց, որ ակնհայտ է` հանցագործության նպատակը ռուսների եւ թուրքերի միջեւ բախում առաջացնելն է. «Դա մարտահրավեր է ոչ միայն ռուս-թուրքական հարաբերություններին, այլեւ տարածաշրջանի կայունությանը»: Ինքը համոզված է, որ դա չի հաջողվելու, քանզի վստահ է` ռուս-թուրքական համագործակցությունը միտված է Սիրիայում, Իրաքում, առհասարակ Մերձավոր Արեւելքում իսլամական ծայրահեղությունը զսպելուն: «Ես այն մարդկանց շարքում եմ, որոնք կարծում են, որ անվտանգ, ապահով ՀՀ-ն հնարավոր է միայն ՌԴ-ի եւ Թուրքիայի կայուն, կանխատեսելի, բարյացակամ հարաբերությունների դեպքում»,- ասում է Արամ Սաֆարյանը` հակադարձելով հնարավոր տեսակետներին, որ այս միջադեպից հետո ռուս-թուրքական հարաբերությունները պետք է վատթարանային: Նա առհասարակ կարծում է, որ ԼՂ հարցում միակողմանի զիջումներ չանելով` ՀՀ-ն ցանկացած պահի պետք է պատրաստ լինի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը` առանց նախապայմանների, ինչը չի հաջողվում Թուրքիայի փոփոխվող իշխանությունների պարագայում:
Կարդացեք նաև
Ն. Գ.
«Առավոտ»
21.12.2016