«Առավոտի» տեղեկություններով՝ առաջիկայում արդեն կհայտարարվի նախընտրական հերթական դաշինքի, այս անգամ՝ քառյակի մասին: Խոսքը նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ղեկավարած «Համախմբում», նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած «Ժառանգություն», նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետություն» եւ նախկին պատգամավոր Արամ Գասպարի Սարգսյանի ղեկավարած Հայաստանի դեմոկրատական կուսակցության դաշինքի մասին է: Հավանական է, որ նախընտրական այս դաշինքի առաջին հորիզոնականում կլինի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Նա, մեր տեղեկություններով, նոր կուսակցություն չի գրանցելու, այս կուսակցություններից որեւէ մեկին չի անդամագրվելու: Երեկ մամուլի ասուլիսում Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, որ Սեյրան Օհանյանի հետ կհամագործակցեն, եւ առաջիկայում նա կհայտարարի իր քաղաքական ծրագրերի մասին: Վիկտոր Դալլաքյանն այլ անուններ չհնչեցրեց:
«Առավոտը» փորձեց Արամ Սարգսյանից ճշտել տեղեկությունը իր ղեկավարած ուժի այս դաշինքում լինելու հավանականության եւ հնարավորությունների մասին, մանավանդ, որ Վարդան Օսկանյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնի են իբրեւ արեւմտամետ գործիչներ, իսկ Արամ Սարգսյանը` ռուսամետ: Արամ Սարգսյանն ասաց, որ մեր հարցերին կպատասխանի մի քանի օրից: Վիկտոր Դալլաքյանը երեկ հայտարարեց, որ իրենք արտաքին քաղաքական կողմնորոշումների խնդիր չեն դնում:
Կարդացեք նաև
«Առավոտ»
20.12.2016