Ջրամատակարարման որակը գնալով վատանում է
Ինչո՞ւ են քաղաքացիները ամենատարրական, կենցաղային հարցերով դիմում հանրապետության նախագահին, վարչապետին, գլխավոր դատախազին եւ ամենաբարձրաստիճան պաշտոնյաներին: Վերելակը չի աշխատում` նամակ են գրում նախագահին, աղբը չեն տանում՝ վարչապետին են դիմումը հասցեագրում, քաղաքաշինական հարցերով եւս դիմումները ոստիկանապետին, անգամ Ազգային անվտանգության ծառայությանն են ուղղում, ջուր չունեն՝ կրկին նախագահի գրասենյակ են նամակ գրում, մինչդեռ այդ խնդիրների համար պատասխանատուն համատիրության ղեկավարից, «ԺԷԿ-ի» պետից սկսած` վարչական շրջանի ղեկավարներն են, Երեւանի քաղաքապետն ու նրա ենթակաները, Կադաստրի կոմիտեն, Ջրմուղը:
Վանաձորի Երեւանյան խճուղու թիվ 72, 76 շենքերի բնակիչները հոգնել են բողոքելով. ծանր սոցիալական պայմաններին ավելացել է նաեւ ջրի խնդիրը: Ուր ասես՝ չեն դիմել, թեժ գծերին են հաղորդագրություններ թողել` նորմալ ջրամատակարարում ունենալու համար, բայց հարցը չի լուծվում ու չի լուծվում:
Նշյալ հասցեում, բնակիչների հավաստմամբ, ամենօրյա ջրամատակարարում է եղել ու մշտական, սակայն օրերից մի օր ջրամատակարարման որակը կտրուկ վատացել է: Պատահել է, որ շաբաթով այդ հասցեի բնակիչները ջուր չեն ունեցել: Երբ հետաքրքրվել են` ինչն է պատճառը, «Լոռի» ջրմուղից պատճառաբանել են` վթար է եղել: Եվ այդպես՝ պարբերաբար: Բազմաթիվ բողոքներից հետո արդեն քանի օր է՝ ջրամատակարարումը, ճիշտ է, ընդհատումներով, բայց վերականգնվել է: Սակայն ոչ նախկինի պես ամեն օր, այլ երկու օրը մեկ, օրումեջ:
Բնակիչներին 7 օր առանց ջրի թողնելու համար որեւէ մեկը պատասխանատվություն չի կրել, չի փոխհատուցել: Բնակիչների խոսքերով՝ այդ օրերին որ ծայրից ասես՝ ջուր են կրել, որպեսզի կենցաղային հոգսերը հոգան. «Փոքր երեխաներ ունենք, մեծահասակներ կան մեր շենքերում, հիգիենայի խնդիրներ կան, առանց ջրի ինչպե՞ս կարող ենք լուծել: Խնդրեցինք՝ գոնե մեքենայով ջուր բերեն, բայց ոչ մի բան չարեցին: Մարդիկ հնարավորություն չունեն, որ ջուր գնեն, ստիպված հեռուներից ջուր ենք կրել»,- «Առավոտի» հետ զրույցում դժգոհեցին վերոնշյալ հասցեի բնակիչները` կասկածներ հայտնելով, որ չի բացառվում` իրենց ջուրը կտրել են ինչ-որ մեկի ջրի բիզնեսը խթանելու համար. «Կարող է խանութներում մնացել է ջուրը, ուզում են, որ սպառվի, թե չէ՝ ինչու են շաբաթով մարդկանց անջուր թողնում»:
Երկու շենքերում միասին վերցրած մի քանի հարյուր բնակիչ են ապրում, որոնց թվում, ինչպես բնակիչները մեզ հետ զրույցում նշեցին, փոքրիկ շատ երեխաներ էլ կան, որոնց ընտանիքների համար առանց ջրի մնալը շատ դժվարություններ է առաջացրել. «Պատկերացրեք, որ երեխաներին չէինք թողնում հաճախ զուգարան գնան, քանի որ ջուր չկար»:
Կարդացեք նաև
Նշյալ թաղամասերում ջրամատակարարման պատասխանատուն «Լոռի» ջրմուղն է:
Սեփ.լր.
«Առավոտ»
20.12.2016