Լրահոս
Օրվա լրահոսը

«Նուբար բարերար» երշիկի արտադրամասը չգործեց

Դեկտեմբեր 21,2016 14:00

Ինչո՞ւ էր քաղաքացին դիմել Հատուկ քննչական ծառայությանը

Հատուկ քննչական ծառայությունն անցյալ ուրբաթ հանդիպեց Արմեն Հակոբյանի հետ: Մինչ այդ ՀՔԾ-ն մերժել էր քաղաքացու՝ «Հաղորդում կատարված եւ շարունակվող հանցագործության մասին» դիմումը, պետի տեղակալ Վ.Հովհաննիսյանի դեկտեմբերի 5-ի գրությամբ հայտնվել էր, որ մի շարք պաշտոնատար անձանց արարքների ու նրանց կայացրած որոշումների օրինականության եւ հիմնավորվածության վերաբերյալ դիմումատուի սուբյեկտիվ դատողություններից բացի, «ՀՔԾ քննիչներին ենթակա, հատուկ սուբյեկտների կատարած կոնկրետ հանցագործության վերաբերյալ կոնկրետ տեղեկություններ չի պարունակում»:

Ինչո՞ւ էր քաղաքացին դիմել Հատուկ քննչական ծառայությանը, երբ մինչ այդ դիմել էր Էրեբունի համայնքի դատախազին:

Պարզվեց, որ 2013թ. հուլիսին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնի քննիչ Է.Թումաղայանի կողմից որոշում է կայացվել Արմեն Հակոբյանին տուժող ճանաչելու մասին:

Տուժող Արմեն Հակոբյանի եւ մեղադրյալ Ահարոն Կիրակոսյանի միջեւ կնքվել է փոխառության պայմանագիր, համաձայն որի՝ Նուբարաշեն 11 փողոցի 3/1 հասցեում գտնվող երշիկի «Նուբար բարերար» արտադրամասի շենքի շինարարության ավարտման եւ արտադրական տեխնոլոգիաների սարքավորումների ձեռքբերման նպատակով Ա.Հակոբյանը Կիրակոսյանին է տվել 33 175 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Ա.Հակոբյանը պետք է դառնար նշված արտադրամասի անշարժ եւ շարժական գույքի համասեփականատեր եւ ստանար ստացված շահույթի մոտ երեսուն տոկոսը.
«Ահարոնը շատ հստակ էր ներկայանցում երշիկի արտադրամասի գործունեությունը, այդ բիզնեսում նաեւ իմ մասնակցությունը»:

Ութ տարի է անցել նշված պայմանագրի կնքումից, սակայն արտադրամասը չի գործում, ինչն առիթ է դարձել, որպեսզի Ա.Հակոբյանը դիմեր Կիրակոսյանին՝ պահանջելով իր ներդրած գումարը:

Ի դեպ, 2010թ. օգոստոսի 17-ին Ա.Հակոբյանը գումարի պահանջի ու բռնագանձման մասին հայցով դիմել էր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Դատարանը հայցի քննությունից մեկ տարի հետո՝ մայիսի 18-ին բավարարել է հայցը, եւ վճռել հօգուտ Արմեն Հակոբյանի բռնագանձել 25.713.898 ՀՀ դրամ:

Դատարանի վճիռը, սակայն, մինչ օրս չի կատարվել:

Նախաքննությունն իրականացնող մարմինը տուժող ճանաչելու իր որոշման մեջ փաստել էր, որ Ա.Կիրակոսյանը Ա.Հակոբյանի գումարը չվերադարձնելու նպատակով կատարել է անվճարունակության հատկանիշների «կանխամտածված ստեղծում, այն է՝ իր ունեցած անշարժ ու շարժական գույքը ձեւականորեն տարբեր եղանակներով օտարել է իր մտերիմներին՝ Ա.Հակոբյանին պատճառելով խոշոր վնաս»:
Դեռեւս դատական գործընթացի՝ քաղհայցի քննության ժամանակ, Արմեն Հակոբյանը տեղեկանում է, որ Կիրակոսյանը Գրետա Սահակյանի հետ կնքել է նոտարական վավերացմամբ մի պայմանագիր, այն մասին, իբր տասներկու տարի ժամկետով փոխառության գումար է վերցրել նրանից, ըստ այդմ էլ գրավ է դրել նշյալ երշիկի արտադրամասը: Այդ պայմանագիրը ստացել էր պետական գրանցում: Գրավադրված գույքն էլ կողմերը գնահատել էին 49 միլիոն ՀՀ դրամ:

Միաժամանակ Ա. Կիրակոսյանի երկու եղբայրներն են դիմում դատարան՝ նշյալ տարածքի նկատմամբ իրենց սեփականության իրավունքը ճանաչելու մասին պահանջով: Դատարանն էլ այս գործով չիմանալով, որ կան շահագրգիռ կողմեր, այլ դատական ակտ է կայացրել:

Նշենք, որ Էրեբունի համայնքի դատախազ Ս. Բասենցյանը հաստատել է արդեն մեղադրական եզրակացությունը եւ օրեր առաջ քրեական գործն ուղարկվել է դատարան:
Ուշադրության արժանի է այն, որ դատախազը մեղադրական եզրակացությունը հաստատելու որոշման մեջ գրել էր. «Դատական քննության արագացված կարգի կիրառման դեմ չեմ առարկում»:

Ըստ էության, տուժողը դիմել էր Հատուկ քննչական ծառայությանը հենց այն կասկածանքով, որ մեղադրյալի կողքին կան պաշտոնատար անձինք, որոնք հովանավորել են նրան, որպեսզի կատարի այն գործարքները, որոնց մասին նշվեց ստորեւ:
Արագացված դատական կարգի կիրառման դեպքում դատարան չեն կարող կանչվել պաշտոնատար այն անձինք, ում լրացուցիչ վկայի կարգավիճակով կցանկանային տեսնել Ա. Հակոբյանն ու նրա պաշտպանությունն իրականացնող փաստաբանը:
Ա. Կիրակոսյանի նկատմամբ ի սկզբանե ընտրվել էր ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին խափանման միջոցը:

Մեղադրական եզրակացությունը տասնմեկ էջ է: Մեր տեղեկություններով՝ Գրետա Սահակյանի նկատմամբ էլ էր իրականացվել քրեական հետապնդում, սակայն հետագայում առանձնացվել է Ա. Կիրակոսյանի մասը:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

20.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031