Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջապես մենք էլ «Մոխրոտիկ» ունեցանք

Դեկտեմբեր 21,2016 13:30

Ազգային օպերային թատրոնն առաջին անգամ անդրադարձավ Ռոսինիի հանրահայտ երկին

Օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Ռոսինիի «Մոխրոտիկը» օպերայի համերգային կատարումը: Թատրոնն իր ավելի քան 80 տարիների ընթացքում առաջին անգամ անդրադարձավ իտալացի կոմպոզիտորի այս լավագույն ստեղծագործությանը, որի ամենաառաջին բեմելը գրանցվել է 1817թ., Հռոմում:

moxrotik_4

Անխոս, օպերասեր հանրությունը կգերադասեր դիտել օպերայի բեմադրությունը, բայց նույնիսկ հեղինակավոր թատրոններում է ընդունված օպերաների համերգային կատարումները: Լայն ընթերցողին տեղեկացնենք դրա պատճառը. ամբողջական բեմադրություն իրականացնելն ամենաթանկ ձեւաչափն է, փոքր-ինչ մատչելի է համարվում թատերականացված համերգային կամ պարզապես համերգային կատարումը: Թեեւ մեր օպերային թատրոնի «Մոխրոտիկի» հայտագրում նշված էր համերգային կատարում, բայց ասենք, որ դա ավելին էր, քան համերգայինը. բեմում օգտագործված էին դեկորներ, մեներգիչներն էլ հանդես էին գալիս համապատասխան զգեստներով եւ կերպարներին բնորոշ դերասանական խաղով:

moxrotik_2

Ըստ Շ. Պերրոյի համանուն հեքիաթի՝ Յա. Ֆերրերտտի լիբրետոյի բոլորիս քաջածանոթ «Մոխրոտիկում» օպերային թատրոնի մեներգիչներն էին՝ Պերճ Քարազյանը (Դոն Ռամիրո), Գոհար Ազիզյանը (Անջեյան), Կիմ Սարգսյանը (Դոն Մանիֆիկո), Աշոտ Ղանթարջյանը (Դանդինի), Արեւիկ Գյուլբուդաղյանը (Տիզբե), Նունե Գրիգորյանը (Կլորինդա), Հայկ Տիգրանյանը (Ալիդորո): Թատրոնի նվագախմբի դիրիժորական վահանակի մոտ էր Զավեն Հարությունյանը: Իսկ բեմում էր ցանկացած օպերային ներկայացման «գլխավոր դերակատար» երգչախումբը (գլխավոր խմբավար՝ Ռադիկ Մելիքյան):

moxrotik_1

Դատելով հանդիսատեսի քանակից՝ մեծ էր հետաքրքրությունը մտապահվող մեղեդիներով իսկապես հարուստ այս օպերայի հանդեպ: Հանդիսատեսի մի մասն էլ հետեւյալ միտքն էր արտահայտում, թե հիանալի կլիներ, որ «Մոխրոտիկը» առաջիկայում բեմադրվեր եւ երեխաներին այդքան ծանոթ հեքիաթը դառնար խաղացանկային, մանավանդ որ այսքան աշխատանք է կատարված:

moxrotik_5

Իսկ թե ինչու «Մոխրոտիկը» երբեք չի բեմադրվել Երեւանի օպերային թատրոնում, «Առավոտի» հետ զրույցում դիրիժոր, օպերային արվեստի երախտավոր, ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանը դժվարացավ որեւէ կոնկրետ պատասխան տալ: Նրա խոսքերով՝ համաշխարհային օպերային գանձարանի այս նմուշից 1970-ականներին հեռուստատեսության եւ ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ եւ օպերային երգչուհի Մարիետա Անտոնյանի կատարմամբ ձայնագրել ենք միայն Մոխրոտի արիան, որը տեղ է գտել ռադիոյի ոսկե ֆոնդում:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներում`  Տեսարաններ «Մոխրոտիկը» օպերայի համերգային կատարումից:

«Առավոտ»

20.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031