Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր նոր էջում հայտարարել էր առաջիկա ընտրություններին ակտիվ մասնակցելու մասին:
ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն այս առնչությամբ մեզ հետ զրույցում ասաց. «Անակնկալ չէ: Պետական պաշտոնյան դուրս է եկել պաշտոնից եւ ուզում է քաղաքականությամբ զբաղվել: Թե ինչպես կզբաղվի՝ ինձ հիմա տեսանելի չէ»:
Մեր հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ լինելով ՀՀԿ-ի թիմի անդամ, Սեյրան Օհանյանն այլեւս այդ թիմի հետ չի պատրաստվում համագործակցել, համախոհների նոր թիմ է ընտրում՝ նա պատասխանեց. «Այսօր քաղաքական պրոցեսներ են գնում, երկրում արմատական փոփոխություններ են, այսօր քաղաքական դաշտի վերաձեւավորման խնդիրներ կարող են լինել: Քաղաքականությունը դինամիկ զարգացող բան է, կարող են մարդիկ դուրս գալ, մտնեն նորից: Շատ ընդդիմադիր հայացքների տեր մարդիկ այսօր հնարավոր է իշխանության հետ նույն կարծիքն ունենան: Այսօր վերաձեւավորումները, քաղաքական դաշտի ճշգրտումները ես բնական գործընթաց եմ համարում»:
Երբ փոխանցեցինք, թե Սեյրան Օհանյանի այդ հայտարարություն-գրառման տակ ինչ հիացմունքով են մարդիկ արձագանքում, անվանում նրան թագավոր, փրկիչ եւ այլն՝ Լեռնիկ Ալեքսանյանն արձագանքեց. «Ես հիացած չեմ, բայց ամեն մեկն իր ճանապարհը գնալու իրավունքն ունի: Կապրենք՝ կտեսնենք: Ես հիացած չեմ, որովհետեւ ես այն կարծիքին եմ, որ եթե անհամաձայնություն կար, պետք է այդ հարցերը իր թիմում հիմնվի: Ես դրա կողմնակիցն եմ, բայց նաեւ հարգանքով եմ վերաբերվում մարդկանց, եթե սկզբունքային, գաղափարական խնդիրներ կան, ասենք, եթե անձնական չի»:
Կարդացեք նաև
ՀՀԿ-ական պատգամավորը, խոսելով շրջանառվող այն լուրերի մասին, որ Վիկտոր Դալլաքյանը հնարավոր է Սեյրան Օհանյանի հետ նույն թիմում լինի՝ ասաց. «Աստված տա, որ դրանց հիմքը լինի գաղափարական, սկզբունքային դիրքորոշումը, ոչ թե անձնական, նեղ անձնական, իշխանության գալու կամ իշխանությունում տեղ գրավելու»:
Հարցին՝ Սեյրան Օհանյանը ուժե՞ղ մրցակից է ՀՀԿ-ի համար՝ Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ ՀՀԿ-ի համար, ես չեմ դիտում որպես մրցակից ինչ-որ մեկին: Ես ուժեղ ու թույլը համարում եմ գաղափարը, որովհետեւ գաղափարի դեմ միայն գաղափարով կարելի է պայքարել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ