Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետից ուզածս հյուրանոց չէ, այլ մի չորանոց ու կոմբայն է». Բավրայի նախկին գյուղապետ

Դեկտեմբեր 20,2016 22:44

Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Գյումրի կատարած այցի ժամանակ Վրաստանին սահմանամերձ Շիրակի մարզի Բավրա գյուղի նախկին գյուղապետ Կորյուն Սումբուլյանը (Աշոցքի տարածաշրջանում համայնքները խոշորացվեցին, հետեւաբար եւ համայնքապետարանները լուծարվեցին) խնդրեց ժամանակակից կոմբայն տրամադրել իրենց կողմից հիմնադրված հնդկաձավարի վերամշակման գործարանին:

Այսօր Aravot.am-ը Կորյուն Սումբուլյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է գործարանի գործակումը, որտե՞ղ կլինի իրացման շուկան, ի՞նչ քանակի արտադրանք կտան, քանի՞ աշխատատեղ կստեղծեն:

«Սկզբում 7 աշխատատեղ կունենա, հետագայում կավելանա՝ դառնալով 20: Հզոր գործարան է, ունի մոտ 9000 տոննա վերամշակման հզորություն, բայց որպեսզի իր ամբողջ հզորությամբ աշխատի, գոնե 6000 հեկտար հնդկացորեն պիտի ցանվի: Գործարանը երեք մարզի համար է՝ Շիրակ, Արագածոտն, Լոռի: 28 կոոպերատիվ միավորվելով՝ հիմնադրել են «Նոր հատիկ» մթերող-վերամշակող կոոպերատիվը:

Կոոպերատիվի պարտադիր պայմանն այն էր, որ շինության կառուցումը մնում է այն համայնքի վրա, որը լինելու է կենտրոնը: Բավրա համայնքը համապատասխան ոչ մի շենք չուներ, ուստի Դավիթ Լոքյանի միջնորդությամբ դիմեցինք Ջրային կոմիտեին՝ Թավշուտի ջրամբարի ավտոտնակներն անհատույց օգտագործման խնդրանքով:

«Համահայկական հիմնադրամի» ջանքերով, արգենտինահայ Դեվեճյանների ընտանիքի միջոցներով այս տարի ծածկի տակ առանք ամբողջը, մնացել են հարդարման, լաբորատորիայի կառուցման ու մնացած մանր-մունր աշխատանքները: Ժողովուրդը սպասում է գործարկմանը, լավ գործարան է: Շոգեխաշման կաթսաները աշխատում են հնդկացորենի կեղեւը այրելու միջոցով: Սա միջոց է էներգետիկ այլ աղբյուրներից կախվածություն չունենալու ու նաեւ խնայողություն անելու համար», -ասաց նախկին գյուղապետը:

Թե որտե՞ղ կիրացվի արտադրանքը, Կորյուն Սումբուլյանը պատասխանեց. «Հայաստանի Հանրապետությունում բնակչության թվի հաշվարկով մեկ անձը տարեկան օգտագործում է 3,8 կիլոգրամ հնդկաձավար: Ստացվում է, որ մեր երկրում սպառվում է տարեկան մոտ 8000-9000 տոննա հնդկաձավար: Երբ սկսենք գործարկել, իրացման խնդիրներով զբաղվել, կտեսնեք՝ որտեղ իրացնել: Կարծում եմ մենք մրցակից կլինենք ներկրողներին, օրինակ՝ ՌԴ-ում հնդկացորենի բերքատվությունը քիչ է, աշխատուժը՝ թանկ»:

Մեր հարցին, թե ի՞նչ տեխնիկա էիք ուզում վարչապետից, մեր զրուցակիցն ասաց՝ չորանոց ու ժամանակակից կոմբայն: «Գործարանն ունի իր սարքերը, բայց չունի նախնական զտման սարք, որպեսզի նորից չտեղափոխենք, ապամոնտաժում չանենք, տեղափոխելը մի հատվածից մյուս հատվածը բավական բարդ է, գործարանը բավականին մեծ տարածք է, դրա համար ուզեցի նաեւ սերմազտիչ: Սերմազտման սարք ամբողջ շրջանը չունի: Զտելու ընթացքում բերքն են չորացնում, չորանոց է պետք: Կոմբայններ ունենք, բայց շատ հին են, սովետական հին տեխնիկաներ են: Հիմա կան ժամանակակիցները՝ լազերային հնձիչներով, կորուստն ավելի քիչ է, ավելի հարմարավետ է: Բերքահավաքի համար հիմնական խնդիրը կորուստն է, ես ոչ թե սովետական կոմբայնին եմ անում դնում, այլ մեր հողերը փոքր չափակտորներով են, իսկ դրա հնձելու ընդգրկման լայնությունը բավական մեծ է, դրա համար բավական բերք թողնում է դաշտում: Իսկ հնդկացորենի հնձման ժամանակ ավելի կոմպակտ ու ավելի ցածր, գետնին մոտ աշխատող հնձիչներ են պետք: Երբ պտուղը հասունանում է, կախվում է հողի մակերեսին, եւ եթե հնձիչը չմտնի բերքի տակ, հատիկը կմնա դաշտում, այսինքն` կորուստը մեծանում է:

Մոտավորապես մինչեւ 30-50 տոկոս կորուստ ենք ունենալու, հնդկացորենը թեթեւ հատիկ է՝ համեմատած ցորենի, գարու հետ: Լայն մակերեսով հատիկ է, մի թեթեւ քամին կարող է կոմբայնի բեռնախցից շպրտել դուրս: Մի կոմբայն ու մի չորանոց եմ ուզել, մերը մի քիչ խոնավ տարածաշրջան է, չորանոցը պարտադիր է, ես իրենցից չեմ ուզել հյուրանոց կառուցել կամ հանգստյան գոտի, սովորական չորանոց՝ սառը պատերով: Ուզում են մետաղից կամ թիթեղից անեն, դա իրենց գործն է, ամբողջ տարածաշրջանին պետք է: Չունենք, դրա համար հողն էլ չենք մշակում, հաց էլ չունենք, երկիր ներկրում ենք ամեն ինչ, որովհետեւ սովորական բաները պահպանելու փոխարեն, քանդում ենք: Ոչ մի շինություն չունենք, որ մեջը չորացնենք, քամուց պաշտպանենք»:

Նշենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը, լսելով նրա խնդրանքն, ասել էր. «Հիմա ինձ ասում եք, որ ի՞նչ անեմ: Դուրսը կոմբայն չկա, որ բանալին տամ, ասեմ՝ խոդի գցի, գնա»: Նա բիզնես ծրագիր էր պահանջել Կորյուն Սումբուլյանից:

Պարոն Սումբուլյանը մեզ տեղեկացրեց, որ իրեն օրերս զանգահարել են կառավարությունից, պահանջել են ծրագիրը, որը եւ ներկայացվել է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031