Դեկտեմբերի 20-ին «Դալան» ցուցասրահում կայացավ Արևիկ Գրիգորյանի «Մտացրիվ» խորագրով անհատական ցուցահանդեսի բացումը:
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց նկարչուհին, սա նրա առաջին անհատականն է, մինչ այդ մասնակցել է խմբակային ցուցահանդեսների: «Ցուցահանդեսս վերնագրել եմ «Մտացրիվ», քանի որ այն մարդու հույզերի մտքերի հետ է կապված, ամեն աշխատանք մի հոգեվիճակի, մի մտածմունքի մասին է: Մարդն անընդհատ մտացրիվ է, մտածում է` խոսի, թե չխոսի, ու պրոցեսն էլ միշտ գնում է, իսկ նկարելով արտահայտվում ես ներսումդ կուտակվածը»,-ասաց Արեւիկ Գրիգորյանը:
Նա «Մտացրիվ» վերնագրով կոնկրետ աշխատանք ունի, բայց իր ձեւակերպմամբ, երբ նայում ես նկարները, կարծես խորագիրը հարմար է բոլոր նկարներին:
Կարդացեք նաև
Ճանաչված նկարիչ Արարատ Սարգսյանը տպավորված էր երիտասարդ նկարչուհու աշխատանքներով: «Առաջին տպավորությունն այն է, որ նոր մշակույթ է երիտասարդական պալիտրայի մեջ: Մեզ մոտ ստեղծվող ամեն մի նկարչություն հասցե ունի: Երիտասարդներ կան, որ դեռ չնկարած` մտածում են, թե ինչպես սպառել, քանի որ ապրել է պետք, եւ այդ առումով կարելի է իրենց հասկանալ: Կան այնպիսի երիտասարդներ էլ, որ հետեւում են Հայաստանում եղած հաջողված տենդենցներին, ապրում այդ տենդենցներով:
Ինչ վերաբերում է Արեւիկ Գրիգորյանին, նրա նկարչության մեջ հետաքրքիր մի բան կա, ինչպես արդեն ասացի, լրիվ ուրիշ մշակույթ է, ավելի շատ անցյալ դարի մոդեռնիստական արվեստի, գերմանական մտքի ազատությունը կա, ու առաջին աչք ծակող բանն էլ այն է, որ ազնիվ է իր մտքերի մեջ եւ ազատ է: Չգիտեմ`հետո ինչպես կշարունակի, ամեն դեպքում, եթե ավելի ինտենսիվ աշխատի, հրաշալի ցուցահանդեսների ականատես կլինենք»,-կարծիք հայտնեց արվեստագետը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ