«Հումորով կարող եմ վերաբերվել, մարդն ինչքան անլուրջ պետք է լինի, որ անվտանգության համակարգի նմանատիպ թերացումների արդյունքում նմանատիպ գնահատական տա»,-անվտանգության մարմինների աշխատակիցներին ուղղված ՀՀ նախագահի գնահատականների մասին այս կարծիքին է քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը:
«Անվտանգությունը չի նշանակում, որ հարձակվեն ու դու հետո նոր միայն պատասխան տաս, անվտանգությունը նշանակում է կանխարգելել: Բազմաթիվ քննադատություններ են հնչել, որ ապրիլյան պատերազմի ժամանակ ուշ է եղել մեր արձագանքը, ու այդ քննադատությունը հիմնավոր է եղել, այդքանից հետո, եթե չես կարողանում քո հետախուզությունն այնպես կազմակերպել, որ թշնամին չկարողանա քեզ անակնկալի բերել, նշանակում է անվտանգության մասին խոսել չի կարելի:
Ինչ վերաբերում է հուլիսյան դեպքերին, կամ «Սասնա ծռերի» գործողություններին, գալիս մտնում են զորամասերիցդ մեկն ու զորամաս են գրավում, դու անվտանգության մասին ես խոսո՞ւմ: Նույն հաջողությամբ թշնամին կարող էր անցնել սարերով ու նույն բանն իրականացնել, դա՞ էր անվտանգությունը:
Եթե կարելի է ասել տարվա ձախողում, ապա դա անվտանգության մարմինների աշխատանքն էր, անվտանգությունը ո՞րն է, երբ մտավորականերին կամ քաղաքական գործիչներին, քաղաքացիական ակտիվիստներին հրավիրում են զրուցելո՞ւ, երբ որ քաղաքական ընդդիմախոսին քաղաքական հալածանքների՞ են ենթարկում, թե երբ քաղաքացիների նկատմամբ չհիմնավորված ուժ է կիրառվում, դա՞ է անվտանգությունը»,- ասաց Դավիթ Սանասարյանը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահն անցնող 2016 թվականն առանձնահատուկ էր համարել մեր նորագույն պատմության մեջ: Ըստ նրա. «Մենք ստիպված եղանք դիմակայել մեզ անակնկալի բերելու անհաջող փորձ կատարած ոսոխին, իսկ դրանից ընդամենը ամիսներ անց հանգուցալուծել երկրի մայրաքաղաքի կենտրոնում զինված հարձակում իրականացրած և պատանդներ վերցրած հանցախմբի ստեղծած իրավիճակը…»:
«Ես լուրջ չեմ վերաբերում այդ մարդու գնահատականներին կամ ուղղակիորեն ինքնախաբեությամբ է զբաղված»,- հավելեց Դավիթ Սանասարյանը:
Անդրադառնալով ՀՀ նախագահի հայտարարությանը, թե. «մեր ժողովուրդն իրավամբ ակնածանքով է վերաբերվում ազգային անվտանգության ոլորտի ներկայացուցիչներին, քանի որ դուք եք մեր պետականության հիմքերի, սահմանադրական կարգի եւ անվտանգության պահապանը: Ձեր առաքելությունը դուք կատարում եք պատասխանատվության բարձր զգացումով….»՝ Դավիթ Սանասարյանը նկատեց. «Եթե այս բանն ասվեր ուղղակի բանակին, որոշ վերապահումներով կարելի էր ընդունել, ինչ վերաբերում է անվտանգությանը, կներեք էլի…ժողովրդի անվտանգությունը մեծապես ու հիմնականում վտանգում են այս իշխանությունները, երբ ընտրություններ են կեղծվում, թալանվում է երկիրը, երբ երկրից տարբեր քաղաքացիներ փորձում են Ադրբեջան գնալ: Բացի այդ Ժողովրդի անունից չի կարող խոսել մի մարդ, որը ժողովրդի կողմից ընտրված չէ: Եթե ժողովրդի կարծիքն ուզում են իմանալ, կարող են շրջել քաղաքով եւ ժողովրդի կարծիքը կտեսնեն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ