Լրահոս
Օրվա լրահոսը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացել է շքանշանների հանձնման արարողություն

Դեկտեմբեր 20,2016 22:11

Դեկտեմբերի 20-ին Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշան շնորհվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի թատերագիտության բաժնի վարիչ Հենրիկ Հովհաննիսյանին, պատմական գիտությունների դոկտոր, արևելագետ Նիկոլայ Հովհաննիսյանին, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանին և ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ՀՀ Կառավարությանն առընթեր Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ, Մայր Աթոռի Ճարտարապետական խորհրդի ատենապետ Նարեկ Սարգսյանին:

Արարողությունը բացվեց միասնական Տերունական աղոթքով, ապա ցերեկույթի մասնակիցներին ողջունեց Մայր Աթոռի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Պարույր քահանա Ավետիսյանը:

Այնուհետև Նիկոլայ Հովհաննիսյանի վաստակին ու գործունեությանն անդրադարձավ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Արաբական երկրների բաժնի վարիչ, պ.գ.թ. Լիլիթ Հովհաննիսյանը, Վահե Շահվերդյանին ներկայացրեց արձակագիր, դրամատուրգ, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Նելլի Շահնազարյանը, Հենրիկ Հովհաննիսյանի գիտական վաստակին անդրադարձավ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի գիտական գծով պռոռեկտոր Մհեր Նավոյանը, Նարեկ Սարգսյանին ներկայացրեց Ալեքսանդր Թամանյանի անվան ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն, ճարտարապետ Անուշ Տեր-Մինասյանը:

Ապա «Էջ Միածինն ի Հօրէ» հոգեպարար շարականի երգեցողության ներքո բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակները և շքանշանները:

Նիկոլայ Հովհաննիսյանին ուղղված կոնդակում, որն ընթերցվեց Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի կողմից, գրված է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հղում ենք Ձեզ Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքները և գոհունակությամբ անդրադառնում մեր ժողովրդի կյանքում Ձեր հարուստ, գովարժան վաստակին:

Գիտական ու հասարակական բեղուն գործունեությամբ Դուք տասնամյակներ շարունակ նպաստ եք բերում մեր երկրում արևելագիտության և հատկապես արաբագիտության զարգացման գործին: Ձեր հարյուրավոր գիտական աշխատությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով՝ Ձեր անունը հայտնի դարձնելով նաև Հայաստանից դուրս և արժանացնելով Ձեզ գիտական կոչումների ու միջազգային պարգևների:

Տակավին անցյալ դարի կեսերին Ձեր ջանքերով հիմնվեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Արաբական երկրների բաժինը, որը անցնող տասնամյակների ընթացքին Ձեր հմուտ ղեկավարությամբ իրականացրեց հետազոտական արդյունավոր գործունեություն՝ լույս ընծայելով բազմաթիվ արժեքավոր  ուսումնասիրություններ՝ նվիրված Եգիպտոսի, Սիրիայի, Իրաքի, Լիբանանի և տարածաշրջանի այլ երկրների նորագույն պատմությանը, կրոնական ու ազգային խնդիրներին, արաբական աշխարհի հետ մեր ժողովրդի փոխադարձ առնչություններին:

Խորհրդային տարիներին՝ որպես Արաբական երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի ընկերության հայկական բաժանմունքի նախագահ՝ Դուք նաև գովելի վաստակ բերեցիք արաբական երկրների հետ հասարակական ու մշակութային կապերի զարգացմանը»:

Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ.  Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը ներկայացրեց տիար Վահե Շահվերդյանին ուղղված կոնդակը, որում նշված է. «Համայն հայության Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ բարեմաղթանքներն ենք բերում Ձեզ` Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակիդ և շնորհավորում ծննդյան 70 և բեմական գործունեության 50-րդ տարեդարձերի ուրախ առիթով:

Մեծարգո տիար Շահվերդյան,

Հայ մշակույթի և հատկապես հայ թատերական արվեստի հանդեպ ամբողջանվեր սերը ուղղորդել է Ձեր կյանքի ողջ ընթացքը: Ռեժիսորի և բեմադրիչի մասնագիտական կրթություն ստանալով Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտում՝ Դուք  կոչվեցիք ղեկավարելու Վանաձորի դրամատիկական թատրոնը, որ պատվավոր և պատասխանատու հանձնառություն էր երիտասարդ արվեստագետի համար: Վանաձորում ավելի քան երկու տասնամյակների նվիրյալ ծառայությամբ Դուք նոր շունչ բերեցիք Դրամատիկական Թատրոնի գործունեությանը և բարի ավանդ՝  Հայաստանի հյուսիսային շրջաններում մշակութային կյանքի զարգացմանը:

Ձեր կարողությունների ու փորձառության բարձր գնահատանքով Ձեզ վստահվեց Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան մայր թատրոնի տնօրենի և գեղարվեստական ղեկավարի պաշտոնը՝ աստվածապարգև Ձեր շնորհներն առանձնակի ջանադրությամբ ի սպաս դնելու մեր երկրի մայր թատրոնի առաքելության արդյունավորմանը: Մայր թատրոնում Ձեր գործունեության ընթացքում Դուք բեմադրեցիք հայ և համաշխարհային դրամատուրգիայի բազմաթիվ հանրահայտ գործեր, որոնք տարիներ շարունակ ընդգրկված եղան թատրոնի խաղացանկում և բարձրորեն գնահատվեցին ոլորտի մասնագետների և թատերասեր հանրության կողմից:

Գովելի է, որ տասնամյակներ շարունակ նաև մանկավարժական բեղուն գործունեություն եք իրականցնում Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ Ձեր սաներին գիտելիքների հետ փոխանցելով նաև Ձեր հոգու անկեղծ սերն ու նվիրումը թատերական արվեստի հանդեպ»:

Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանն ընթերցեց տիար Հենրիկ Հովհաննիսյանին ուղղված Հայրապետական կոնդակը, որում մասնավորապես նշված է. «Մեծարգո տիար Հովհաննիսյան, տասնամյակներ շարունակ Դուք գիտական, գրական, ստեղծագործական ու հասարակական բեղմնավոր գործունեությամբ ծառայում եք հայրենի մեր երկրին ու հավատավոր ժողովրդին: Ձեր անհոգնաբեկ աշխատանքի արգասիքները` բազմաթիվ գրքերն ու թարգմանությունները, հրապարակախոսական հոդվածները, հեղինակային հեռուստահաղորդումները նախանձախնդիր ու շնորհաշատ մտավորականի համբավ  են բերել արժանավոր հայորդուդ:

Բարձր գնահատանքի է արժանի Ձեր վաստակը հայ թատերագիտության բնագավառում։ Տասնամյակներ շարունակ Դուք հետևողական նախանձախնդրությամբ ուսումնասիրում եք հայ թատրոնի պատմությունը՝ ներկայացնելով մեր ժողովրդի կյանքում թատրոնի սկզբնավորման ու հետագա զարգացման ընթացքները: Ձեր աշխատություները գիտելիքի հետ միաժամանակ ընթերցողներին փոխանցում են հայ թատրոնի և առհասարակ հայ մշակոյթի հանդեպ Ձեր հոգու անկեղծ սերն ու նվիրվածությունը:

Գիտական գործունեությանը զուգընթաց Ձեր գիտելիքներն ու արվեստագետի բարձր ճաշակը սիրով ու պատրաստակամությամբ փոխանցել եք նաև հարյուրավոր երիտասարդների՝ մանկավարժական երախտարժան առաքելություն իրականացնելով մեր երկրի բարձրագույն կրթական հաստատություններում:

Մեր ժողովուրդը ճանաչում է Ձեզ նաև Ձեր հեղինակային հեռուստահաղորդումների միջոցով, որոնք տակավին խորհրդային տարիներից շարունակաբար հեռարձակվել են հայկական եթերներից: Ձեր խոսքը մշտապես առանձնացել է իր լեզվական և իմաստային խորը հղկվածությամբ՝ լինելով հայրենասիրության ու ազգասիրության պատգամ և արտահայտելով հայոց լեզվի անաղարտության պահպանման և հայ մշակութային ժառանգության ճանաչողության հանդեպ Ձեր աննվազ նախանձախնդրությունը:

Մենք ուրախ ենք հաստատելու, որ մշտապես ականատես ենք եղել Ձեր որդիական սիրուն ու նվիրումին` հանդեպ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը»:

Տիար Նարեկ Սարգսյանին ուղղված կոնդակն ընթերցվեց Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի կողմից: Այնտեղ ի մասնավորի ասված է. «Մեծարգո պրն. Սարգսյան, գոհունակություն է Հայրապետիս համար առանձնակի բարձր գնահատանքով անդրադառնալ մեր ժողովրդի կյանքում Ձեր արդյունաշատ գործունեությանն ու նշանակալի վաստակին: Դուք տասնյակ տարիներ հայրենանվեր ոգով Ձեր կարողություններն ի սպաս եք բերում հայրենի մեր երկրում ճարտարապետության և քաղաքաշինության զարգացմանն ու առաջընթացին: Հայաստանի և արտերկրի ուսումնական հաստատություններում ամբարած գիտելիքներով և մասնագիտական Ձեր կարողություններով Դուք առավել արդյունավորեցիք Ձեր գործունեությունը Մայր Հայրենիքում: Ի գնահատություն ճարտարապետության ասպարեզում Ձեր ներդրումի և նշանակալի ձեռքբերումների` Դուք հայրենի իշխանությունների կողմից կոչվեցիք պատասխանատու պաշտոնների, որոնց շարքում` ՀՀ Կառավարությանն առընթեր Ճարտարապետական խորհրդի նախագահ, Երևանի գլխավոր ճարտարապետ և ՀՀ քաղաքաշինության նախարար: Ձեր ստեղծագործական տաղանդով Դուք հեղինակել եք ինքնատիպ ճարտարապետական նախագծեր` իրականացնելով կառուցումը հոյակերտ շինությունների, ինչպիսիք են նախագահական նստավայրին կից քառայարկ վարչական մասնաշենքը, Հյուսիսային պողոտան, մայրաքաղաք Երևանում կառավարական վարչական համալիրը, ուր իրենց կարևոր գործունեությունն են իրականացնում մի քանի նախարարություններ: Ձեզ շնորհված պատվավոր մրցանակներն ու կոչումները բարի վկայություն են արժանավոր հայորդուդ արձանագրած բազում հաջողությունների ու գովարժան ձեռքբերումների:

Արդյունաշատ է նաև Ձեր մանկավարժական երկարամյա գործունեությունը։ Տարիներ շարունակ Դուք դասավանդել ու վարչական հանձնառութիւններ եք ստանձնել Երևանի Ճարտարապետաշինարարական ինստիտուտում, կրթօջախի սաներին փոխանցելով Ձեր բազմափորձ գիտելիքները, գովելի ավանդ բերել ճարտարապետների նոր սերնդի պատրաստության երախտարժան գործին:

Հարգարժանպրն. Սարգսյան, Մենք առանձնակի գոհունակությամբ ենք անդրադառնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին մատուցած Ձեր ծառայություններին:

Իբրև Մայր Աթոռիս ճարտարապետական խորհրդի ատենապետ` Դուք սիրով ու նվիրումով և ամենայն պատրաստակամությամբ Ձեր մասնագիտական կարողությունները ծառայեցնում եք Մայր Աթոռի շինարարական ծրագրերի իրականացմանը` ի խնդիր մեր պատմական սրբավայրերի ու աղոթավայրերի նորոգության, նոր եկեղեցիների ու եկեղեցական շինությունների կառուցման»:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեծարյալներին շնորհեց Հայ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանները:

Վերջում շնորհաբաշխության առիթով իրենց սրտի խոսքն ասացին նաև մեծարյալները` իրենց ընծայված բարձր պատվի համար շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին և անդրադառնալով Հայոց Եկեղեցու կարևոր առաքելությանն ազգային կյանքում:

Ցերեկույթին երաժշտական կատարումներով հանդես եկան նաև Էջմիածնի Հայորդյաց տան սաները:

Միջոցառումն ամփոփվեց Նորին Սրբության «Պահպանիչ» աղոթքով:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին                     

Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031