Լրահոս
Օրվա լրահոսը

45 միլիոնի գողության գործով սուտ մատնության համար՝ պայմանական ազատազրկում

Դեկտեմբեր 20,2016 21:30

Իջեւանի տարածաշրջանի Աչաջուր գյուղի բնակիչ, 1984թ. ծնված Արման Փիրումյանը  գիտակցելով, որ  իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, անձին մեղադրելով ծանր հանցագործության մեջ, կատարել է սուտ մատնություն: Համաձայն մեղադրական եզրակացության՝ Ա. Փիրումյանը 2015թ. ապրիլի 24-ին ոստիկանության Իջեւանի բաժնում սուտ հաղորդում է տվել այն մասին,թե իբր Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում տեղակայված «Անհատ ձեռներեց Դավիթ Ղալթախչյան» ավտոպահեստամասերի վաճառքի կետից 2015թ. ապրիլի 20-ին 45 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ապրանքների գողությունը կազմակերպել է Ազատամուտ գյուղի բնակիչ Շահնազար Ալավերդյանը:

Ուշագրավ է, որ Ա. Փիրումյանը սուտ մատնությունը կատարել է այն օրը, երբ ողջ հայ ժողովուրդը նշում էր հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Խանութը, որտեղից ավտոպահեստամասերի գողություն է կատարվել, փաստացի պատկանում է Ազատամուտ համայնքի ղեկավար, ՀՀԿ անդամ Ժորա Մարտիրոսյանին : Ա. Փիրումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով(« Հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է ՝ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով»): Այդ հոդվածով բնութագրված արարքի համար որպես պատիժ նախատեսված է առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկում: Ա. Փիրումյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ մինչ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում դատաքննությունը սկսվելը Ա. Փիրումյանը միջնորդել է դատական քննություն անցկացնել արագացված կարգով, հայտարարել է,որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր,խորհրդակցել է պաշտպանի հետ, համաձայն է առաջադրված մեղադրանքի հետ: 2016թ. նոյեմբերի 8-ին Իջեւան քաղաքում դատավոր Ռաֆիկ Մելքոնյանն Ա. Փիրումյանին մեղավոր է ճանաչել նրան առաջադրված հոդվածով եւ դատապարտել 3 ամիս ժամկետով ազատազրկման: Դատավորը վճռել է ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել եւ սահմանել 1 տարի ժամկետով փորձաշրջան: Այդ դատավճռի դեմ օրենքով սահմանված ժամկետում՝ մեկ ամսում, վերաքննիչ բողոք չի բերվել, այն մտել է օրինական ուժի մեջ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031