«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը դիմել էր ՀՀ Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալություն, եւ դեկտեմբերի 20-ին վարչական վարույթի լսումներ էին՝ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից Սահմանային Էլեկտրոնային Կառավարման Տեղեկատվական (ՍԵԿՏ) համակարգի հասանելիության հարցով։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ նիստի ընթացքում իրենց դիրքորոշումն են ներկայացրել. «Սա ընդհանրապես հակաօրինական է եւ ընդհանրապես համաչափ չէ: Ազգային անվտանգության ծառայությունը նիստին չէր մասնակցում, թեեւ հրավիրված էր, ենթադրում եմ, որ իրենք համարում են, որ անձնական տվյալներն իրենց համար շատ մանր հարց է, եւ իրենք վեհ խնդիրներ ունեն լուծելու՝ Ձերժինսկու ժամանակներից մնացած ավանդույթներով»:
Դանիել Իոաննիսյանը հավելեց, որ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը գրավոր ընթացակարգով հարցումներ կանի Ազգային անվտանգության ծառայություն՝ պարզելու իրենց տեսակետը: Եվ հնարավոր է, որ առաջիկա շաբաթների ընթացքում համապատասխան որոշում կայացնի. «Ես հակված եմ մտածել, որ գործակալությունը կբավարարի, որովհետեւ խախտումն ավելի ակնհայտ չի կարող լինել: Անձնական տվյալների պաշտպանության խախտումը պոզով-պոչով չի լինում: Լինում են բարդ դեպքեր, երբ պետք է երկար մտածել, քննարկել, հասկանալ: Այստեղ ամեն ինչ այնքան պարզ եւ հասկանալի է, որ երկար մտածելու, քննարկելու բան չկա: Ամեն դեպքում՝ իրենք Ազգային անվտանգության տեսակետը պետք է լսեն, կարող է՝ իրենք այնպիսի բան են ասում, որ մենք էլ ենք համաձայնում, թեեւ՝ դժվար»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ