Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան նոր էջում՝ նախընտրական պայքարին մասնակցելու հայտարարության տակ արդեն մեկնաբանություններ կան, որ նա թագավոր է, ազգի փրկիչն է եւ այլն:
Այս առնչությամբ մեզ հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն ասաց. «Ես ֆեյսբուքյան մեկնաբանություններին լուրջ չէի նայի, որովհետեւ ինչպես պրակտիկան ցույց է տալիս, ֆեյսբուքյան իրականությունը եւ ռեալ կյանքը իրար հետ որեւէ աղերս չունեն: Իհարկե, մեզանում կան մարդիկ, որոնք փոխանակ սեփական պատասխանատվությունը գիտակցեն հույսները դնում են փրկիչների, թագավորների վրա: Չկա այդպիսի բան, դա Գյուլնազ տատի հեքիաթներում է լինում միայն»:
Ըստ Խոսրով Հարությունյանի, իրեն հարգող քաղաքացին, մարդ, որը թեկուզ իր համեստ մասնակցությունը պատկերացնում է հանրային կյանքում, երբեւէ որեւէ մեկին թագավոր չի ներկայացնի, որովհետեւ վաղուց այդ ժամանակներն անցել են. «Դրա համար միայն պետք է ցավալ, որ դեռեւս թեկուզ վիրտուալ իրականության մեջ այդ մտածելակերպն իր տեղն ունի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ