Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը «նեղացածների նոր խո՞ւմբ» կստեղծի, թե՞ քաղաքական լուրջ թիմ

Դեկտեմբեր 20,2016 18:45

«Ես որոշում եմ կայացրել՝ ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքական և մասնավորապես ընտրական գործընթացներին»,- այսօր ֆեյսբուքյան իր էջում այսպիսի հայտարարություն էր արել ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Նա հայտարարել էր, որ համախոհների թիմ է ձեւավորում՝ առաջիկայում քաղաքական գործընթացների՝ ընտրությունների մասնակցելու համար: Ընդ որում, Սեյրան Օհանյանն ասել էր, որ քաղաքական հայտ ներկայացնելն իր համար ինքնանպատակ չէ, այլ՝ հայրենիքին ծառայելու նոր ինքնադրսեւորում:

Թե որքանով է ճիշտ, երբ զինվորական մարդը քաղաքականություն է ուզում մտնել՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Ռազմական այդպիսի փորձառություն ունեցող անձնավորության՝ հայրենիքին ծառայելու լավագույն դրսեւորումը պետք է լիներ, եթե ոչ ուղղակի բանակի, ապա ռազմարդյունաբերական համալիրի մասնագիտական կարողություններն ավելի արդյունավետ օգտագործելու ոլորտում: Բայց դա չի բացառում քաղաքականությամբ զբաղվելով՝ հայրենիքի առջեւ իր պատասխանատվությունը իրացնել: Այստեղ հարցն այլ է՝ մի պետական գործիչ, պաշտոնյա, ով տարիներ շարունակ համագործակցել է ՀՀԿ-ի հետ, արդյո՞ք նա մտադրված է իր քաղաքական գործունեությունը շարունակել այլ կուսակցության մեջ»:

Ըստ Խոսրով Հարությունյանի, տրամաբանական կլիներ, եթե նա քաղաքականությամբ զբաղվեր ՀՀԿ-ի հետ եւ ՀՀԿ-ի շարքերում. «Եթե նա չի ասում, որ կուսակցության հետ, պետք է ենթադրել, որ ինքը, տարիներ շարունակ համագործակցելով ՀՀԿ-ի հետ, այդուհանդերձ գտնում է, որ այդ կուսակցության կողմից իրականացված քաղաքականությունը իր լիարժեք սպասելիքներն ու ակնկալիքները չի արդարացրել: Ու հարց է առաջանում՝ ե՞րբ հայտնվեց այդ մոտեցումները, չէ՞ որ ակնթարթային չեն ձեւավորվում նման հարցադրումները: Կարելի էր դրա մասին վաղուց խոսել եւ այլ քայլերի դիմել միգուցե»:

Խոսրով Հարությունյանն ասաց, որ չէր ուզի քննադատական խոսք ասել Սեյրան Օհանյանի հասցեին, հաջողություն է մաղթում նրան, եթե ուզում է քաղաքականությամբ զբաղվել, միայն թե՝ «եթե խոսքը լուրջ եւ որակյալ քաղաքական գործունեության մասին է, այլ ոչ թե նեղացածների ինչ-որ մի նոր խումբ մեջտեղ գա»:

Մեր հարցին՝ Սեյրան Օհանյանը ՀՀԿ-ի համար լուրջ մրցակից կարո՞ղ է լինել՝ Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ մեկ անհատը կարող է ՀՀԿ-ի հետ մրցակցություն ձեւավորել, որովհետեւ իրականում ՀՀԿ-ն բավականին կուռ կառուցվածք ունի եւ ազդեցիկ քաղաքական կարողություններ: Արդյո՞ք իր հմտություններով, փորձառությամբ նա կարող է իր շուրջը հավաքել մարդկանց, քաղաքական թիմ, որը կարող է հետագայում ձեռնոց նետել ՀՀԿ-ին՝ դա ժամանակը ցույց կտա: Բայց ես Սեյրան Օհանյանին, որպես քաղաքական գործիչ՝ իր որակները չեմ նկատել: Ժամանակը ցույց կտա»:

Մեր դիտարկմանը, որ երբ Վիգեն Սարգսյանը դառնում էր ՊՆ նախարար՝ բանակից հեռու լինելով՝ ասում էիք՝ դա քաղաքական պաշտոն է՝ Խոսրով Հարությունյանն արձագանքեց, որ այս կարճ ժամանակահատվածում Վիգեն Սարգսյանը ներկայացել է որպես քաղաքական գործիչ, նրա մեկնաբանությունները, բանաձեւումները քաղաքական են, իսկ Սեյրան Օհանյանին, որպես քաղաքական գործիչ, չեն նկատել. «Երբ որ խոսքը գնում է քաղաքականությամբ զբաղվելու մասին, ինձ մոտ այսպիսի հարց  է առաջանում՝ հանրային կյանքի կազմակերպման ինչպիսի գաղափարախոսություն է դավանում տվյալ քաղաքականությամբ զբաղվողը կամ հավակնողը: Այդ կոնտեքստում նա հանրային կյանքի կազմակերպման այս կամ այն դոկտրինը դավանող պաշտոնյայի տպավորություն չի թողել, այլ՝ ռազմական գործի հմուտ գիտակի տպավորություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031