Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատախազն ասում է` սուս մնա, Գուգո՛, հլը հարցին մի պատասխանիր». Սարի թաղում կալանավորվածների դատական գործերի վիճակը

Դեկտեմբեր 20,2016 17:24

«Իրավական գնահատական հուլիսյան իրադարձություններին, Սարի թաղում կալանավորված քաղաքացիների դատական գործերին» թեմայով «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը Սարի թաղում կալանավորված բնակիչների փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն անդրադարձավ դեկտեմբերի 16-ին այս գործով կայացած դատական նիստին. «Ինը մեղադրյալների վերաբերյալ գործը գտնվում է  դատարանում: Զուգահեռ անջատված մասը`քրեական գործը, գտնվում է նախաքննության փուլում: Բոլորին նույն մեղադրանքն է առաջադրվել և դրանք կոնկրետացված չեն: Մեղադրյալներից որևէ մեկը տեղյակ չէ, թե ինչպիսի գործողություններ կատարելու համար է ինքը մեղադրվում»:

Պարոն Սիմոնյանը վրդովվեց, թե ընտանիքին զրկում են ծնողից, երեխային կերակրողից և ասում են, թե հետագայում կպարզենք` ինչ մեղադրանք է առաջադրվել: Լիպարիտ Սիմոնյանը նշեց, որ դատարանի դահլիճում անգամ տուժող կոչված անձի ցուցմունքներից ակնհայտ է, որ նրանք չգիտեն, թե ովքեր են եղել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրողները»:

Փաստաբանը նշեց, որ դատական նիստերն անվերջ հետաձգվում են, միտումնավոր այնպես են անում, որ իրենց` խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդության մերժումից հետո աշխատանքային ժամն ավարտվում է և հնարավոր չի լինում որևէ այլ միջնորդություն ներկայացնել:

Պարոն Սիմոնյանը պնդում է, որ չկան հստակ ապացույցներ, որ հստակ գործողություններ են ձեռնարկվել ոստիկանների նկատմամբ. «Մեղադրական որոշման մեջ պետք է նկարագրվեն այն գործողությունները, որը անձը կատարել է: Տվյալ դեպքում բոլորին մեղսագրված է նույն գործողությունը: Կոնկրետ Հարություն Թորոսյանը չգիտի, թե ինչի համար է մեղադրվում»:

Նշենք, որ Սարի թաղի դեպքերով կալանավորված ինը անձինք մեղադրվում են քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելը: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է 5-10 տարվա ազատազրկում: Փաստաբանը վրդովված է, թե ինչու Սարի թաղի բնակիչներին վնաս հասցնելու համար գործ չի հարուցվել:

Սարի թաղի բնակիչ Էդուարդ Զեյթունյանի կինը` Լալա Բեռնեցյանը, հայտարարեց, որ դատական նիստերից ակնկալիքներ չունի. «Բազմիցս դիմումներ եմ ներկայացրել ՄԻՊ գրասենյակ, լսեցին իմ գանգատը, ասացին, որ իրենց մոտ տեղեկանք կա, որ իմ ամուսինը համապատասխան բուժում ու դեղորայք է ստանում: Հետո պարզեցինք, որ անցել է բուժզննում, բայց նշանակումներ չեն եղել: Ամուսինս ճնշման, սրտի խնդիրներ ունի և օրերով քնած է»:

Սարի թաղի բնակիչ Հարություն Թորոսյանի եղբայրը` Թորոս Թորոսյանը վստահեցրեց, որ եթե այժմ էլ Սարի թաղի բնակիչներին զրկեն հոսանքից ու գազից, նորից նույն քայլին են դիմելու:

Անդրադառնալով ինը կալանավորվածներին` պարոն Թորոսյանը հայտարարեց, թե նրանք հանցագործներ չեն, նորմալ աշխատող մարդիկ են. «Եթե չկա որևէ հիմք մեղադրանքի առումով, ապա ինչո՞ւ համար է խափանման միջոցը կալանք ընտրվում: Քննչական կոմիտեում ի՞նչ իրավունքով է պատժամիջոցը ստորագրվում, եթե չկան համապատասխան փաստեր: Ժամանակը չէ՞, որ վարչապետը կրճատումներ անի քննչական կոմիտեում և դատախազությունում»:

Հարցին ինչո՞ւ հենց այդ ինը անձանց ընտրեցին, պարոն Թորոսյանը պատասխանեց. «Հրահանգ է եղել պատժել: Նույն հաջողությամբ ուրիշ իննին պիտի բռնեին»:

Հարություն Թորոսյանի եղբայրը վրդովվեց, թե ինչո՞ւ չի հայտարարվում, թե ինչում են մեղադրվում: Դառնալով դատավորի պահվածքին` ասաց. «Ինքը չի մոռանում սիրուն կոստյում- շալվար հագնի, CLK մերսեդեսով գա դատական նիստին, բայց երբ մասնագիտական հարց են տալիս` ի՞նչ է արել այս անձը, չի կարողանում պատասխանել: Մեղավոր կողմից տուժած կողմին հարց են տալիս, խառնվում է իրար, էն կողմից դատախազը կանգնում, ասում է՝ սուս մնա Գուգո, հլը հարցին մի պատասխանի: Ինչ դատավոր, ես այնտեղ Դանիբեկյան չեմ տեսնում, այլ տեսնում եմ մի կողմնակալ անձ»:

Նշենք, որ այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին: Թորոս Թորոսյանը կարծիք հայտնեց, որ եթե դատախազությունում կա որևէ կարգի տրամաբանություն, տղաներին պետք է բաց թողնել: Նա հավաստիացրեց, որ պայքարելու են մինչև վերջ:

Լիպարիտ Սիմոնյանն էլ նշեց, թե հույսեր չի կապում համաներման հետ. «Երբևէ համաներումը չի եղել իմ պաշտպանական տակտիկայի մեջ: Եթե ոչ Հայաստանում, ապա Եվրոպական դատարանում այս հարցով դրական լուծում պիտի տան»:

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031