ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ողջունում է «ՔՊ», «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների նորաստեղծ ընդդիմադիր դաշինքը: «Մինչ այդ ասել էի, որ լիբերալ դաշտն անտեր էր մնացել: Ուրախ եմ, որ առաջացել է բնական միավորման հնարավորություն՝ ազատական գաղափարախոսության հիման վրա»,-ՀՀԿ գրասենյակում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արմեն Աշոտյանը:
Խոսելով առաջիկա քաղաքական տարվա մասին՝ նա «Դարվինի աչքերով» նայեց սպասվելիք գործընթացներին՝ կարծիք հատնելով, որ քաղաքական դաշտն էվոլյուցիա ապրելու կարիք ունի. «Կարեւոր է, որ քաղաքական կյանքում մրցունակ տեսակները մնան: Չի կարելի ասել, որ մեկը պետք է ոչնչացնի մնացածներին»:
Փորձելով բնորոշել քաղաքական էվոլյուցիայի գլխավոր դերակատար-ուժերին՝ Արմեն Աշոտյանն ասաց. «Կան դինոզավրեր, սողուններ, նաեւ բույսեր, որոնք ձգտում են իրենց տեղը գտնել…»
Կարդացեք նաև
ՀՀԿ փոխնախագահը կարեւորեց այն հանգամանքը, որ առաջիկա տարում քաղաքական դաշտում «ֆորս-մաժորային» իրավիճակներ չլինեն. «Որ երկնաքարեր չընկնեն, մայրցամաքներ չանցնեն օվկիանոսի տակ…Ունենք հնարավորություններ՝ գրավիչ եւ մրցունակ քաղաքական միջավայր ունենալու համար: «Հաղթել ՀՀԿ-ին» եւ «լինել իշխանություն» սկզբունքները, որոնցով առաջնորդվում են ընդդիմադիրները, քիչ են մոտիվացիայի համար: Կարեւոր է, որ ամեն քաղաքական ուժ գտնի իր քաղաքական գրավչության նախապայմանը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ