Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դեկտեմբերի 20-ին դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում էր News.am-ի օպերատոր Խորեն Գրիգորյանի լրագրողական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործի քննությունը:
Դատական նիստի ընթացքում Արամազդ Կիվիրյանը ներկայացրեց քաղաքացիական հայցը, ըստ որի Գոռ Խաչատրյանը եւ Գարեգին Հովսեփյանը խոչընդոտել են Խորեն Գրիգորյանի լրագրողական մասնագիտական գործունեությունները եւ պատճառել են 145 հազար դրամի վնաս «News.am» ՍՊԸ-ին՝ վնասելով թվային տեսախցիկը: Նա ասաց՝ դատարանից բռնագանձել 145 հազար դրամ որպես հանցագործության հետեւանքով նյութական վնաս եւ 300 հազար դրամ որպես դատական ծախս: Խնդրում ենք վարույթ ընդունել քաղաքացիական հայցը:
Ամբաստանյալների պաշտպան Ղեւոնդ Պապոյանն ասաց, որ 145 հազար դրամի պահանջն ընդունում են եւ պատրաստ են փոխհատուցել, իսկ 300 հազարը խելամիտ դատական ծախսի պահանջ չէ: Արամազդ Կիվիրյանը պատասխանեց, որ 300 հազարը դատական ծախսերի առումով ողջամիտ է: Ամբաստանյալները չառարկեցին. «Տանք մարդկանց փողերը գնանք, իմանայիք տենց ա միանգամից կտայինք, էլ ստեղ չէինք գա»: Դատարանի պարզաբանումից հետո Գոռ Խաչատրյանը ասաց. «Մենք 145 հազարը ընդունում ենք, մնացածը ոնց դատարանը որոշի, մենք պատրաստ ենք»:
Դատական նիստի ընթացքում ամբաստանյալները միջնորդեցին դատաքննության արագացված կարգ կիրառել: Լուսինե Սահակյանը խնդրեց դատարանին ժամանակ տրամադրել, որպեսզի համապատասխան դիրքորոշում կարողանան հայտնել: Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը կկայանա հունվարի 18-ին:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ