Այսօր պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն իր ֆեյսբուքյան նորաբաց էջում հայտարարություն էր տարածել ակտիվ քաղաքական գործընթացներին, նախընտրական պայքարին միանալու մասին:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ իր համար բոլորովին անակնկալ չէր Սեյրան Օհանյանի այդ հայտարարությունը:
Մեր հարցին՝ Սեյրան Օհանյանը ուժե՞ղ մրցակից է ՀՀԿ-ի համար՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Բայց ինչո՞ւ եք կարծում մրցակից է, արդեն սկսել եք որակումնե՞ր տալ»: Մեր դիտարկմանը, որ նախընտրական պայքարն արդեն թեժ մրցակցություն է ենթադրում՝ Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց. «Մենք որեւէ քաղաքական ուժի չենք թերագնահատում եւ որեւէ քաղաքական գործչի: Այն բոլոր քաղաքական գործիչները, որոնք կծառայեն ի նպաստ իրենց եւ մեր երկրի, մեր պետության, մենք նրանց բոլորին ողջունում ենք»:
Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ «Ինձ համար քաղաքական գործընթացներում հայտ ներկայացնելը ինքնանպատակ չէ, այլ Հայրենիքին ծառայելու նոր ինքնադրսևորում»:
Կարդացեք նաև
Վահրամ Բաղդասարյանի խոսքերով՝ «Ցանկացած ոլորտում կարելի է հայրենիքին ծառայել: Բնականաբար, նաեւ քաղաքական դաշտում կարելի է ծառայել: Իր հայտարարությունում ես որեւէ անակնկալ չեմ տեսնում: Դա յուրաքանչյուր քաղաքացու որոշելու խնդիրն է, թե որտեղ ինքը ավելի պիտանի կլինի իր երկրի համար: Ինքը նախընտրել է քաղաքական գիծը, մենք շատ նորմալ ենք վերաբերվում դրան»:
Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան հայտարարության տակ արդեն մեկնաբանություններ կան՝ թագավոր մարդ, մեծատառով մարդ, փրկվեց ժողովուրդը, դուք մեր փրկիչն եք: Երբ փոխանցեցինք, թե օգտատերերն ինչպիսի հիացական մեկնաբանություններ են գրում Սեյրան Օհանյանին՝ Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց. «Այսօր, եթե դուք ցանկանաք, մեր այս հարցազրույցից հետո կարող են մի քանի հարյուր նման տիպի գրառումներ գրել մեր այս հարցազրույցի տակ՝ նորից նույն տերմինոլոգիայով՝ փրկիչ, թագավոր եւ այլն: Բայց մենք ունենք մի փրկիչ, դա Աստված է: Մեր ազգին փրկիչներ պետք չեն, մեր ազգին պետք են մեր ազգը, երկիրը, պետականությունը սիրող մարդիկ եւ միասնականություն»:
Մենք ճշտեցինք՝ ասելով, որ մեր հարցազրույցի տակ էլ կարող են այսօր գրվել փրկիչ, թագավոր, նկատի ունեք, որ այդ գրառումները Սեյրան Օհանյանի հայտարարության տակ կարող են «սարքա՞ծ» լինել՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ես նման բան չասացի, դուք ասացիք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ