ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի համար պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ քաղաքականություն մտնելու որոշումն անակնկալ չէ: «Ունենալով հարգանք նախկին գեներալի անցած քաղաքական, մարդկային եւ ռազմական ճանապարհի հանդեպ, պետք է կրկնել լատինական ասացվածքը՝ Պլատոնն իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»,-ՀՀԿ գրասենյակում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արմեն Աշոտյանը:
Նրա բնորոշմամբ՝ քաղգործունեությամբ այդ ճշմարտությունը որոնելու սահմանադրական իրավունք ունեն բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ նախկին պաշտոնյաները:
Արմեն Աշոտյանը նշեց, որ առհասարակ՝ նախկին պաշտոնյաները ՀՀ քաղաքական կյանքում միշտ փորձում են դիրքավորվել. «Օրինակ՝ նախկին նախագահները՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, վարչապետները՝ Հրանտ Բագրատյան…Սեյրան Օհանյանն առաջինը չէ, ով քաղաքականություն է մտնում որպես նախկին ՊՆ: Հիշենք Վաղարշակ Հարությունյանին: Առհասարակ, կյանքը ցույց է տալիս, որ նախկին պաշտոնյաները քաղաքական արեւի տակ ինչ-որ տեղ են զբաղեցնում եւ չեն ունենում լուրջ ձեռքբերումներ: Սա ընդհանուրի մասին է, խնդրում եմ չանձնավորել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ