Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ջրային նախաձեռնություն +» ծրագիրը կարող է միջազգային համագործակցության լուրջ հարթակ դառնալ

Դեկտեմբեր 20,2016 15:47

ԵՄ Արևելյան գործընկերության երկրների համար նախատեսված «Ջրային  նախաձեռնություն +» ծրագիրը մեկնարկել է 2016 թվականին և կտևի մինչև 2020  թվական: Ծրագրի ընդհանուր բյուջեն 24.8 մլն եվրո է: Այն նախատեսված է  Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի  համար: Հիմնական նպատակը այս երկրներում ջրային ռեսուրսների կառավարման  բարելավումն է և ջրային ոլորտում ինստիտուցիոնալ և օրենսդրական  բարեփոխումների իրականացումը:

ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեում ծրագրի մանրամասները  ներկայացրել է ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի (UNECE)  ներկայացուցիչ Փեփ Մարդիստեն՝ նշելով, որ Հայաստանում ծրագրի նկատմամբ  ցուցաբերված հետաքրքրությունը խոստումնալից է. «Այս ծրագիրը նախատեսված է առաջիկա 4 տարիների համար, և այն  նախաձեռնողականությունը, որի ականատեսը եղանք Երևանում՝ շահառու  կառույցների կողմից, հուսադրող և խոստումնալից է: Ջրային տնտեսության  պետական կոմիտեն ևս այս ծրագրի հիմնական շահառուներից մեկն է, այդ  պատճառով էլ մեզ համար առանձնահատուկ կարևորություն ունեն Կոմիտեի  ներկայացրած առաջնահերթությունները: Այս հանդիպումը մեզ հույս է  ներշնչում, որ սա կարող է դառնալ միջազգային համագործակցության լուրջ  հարթակ»,- ասել է UNECE ներկայացուցիչը:

ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը ներկայացրել է ոլորտում առկա հիմնական  խնդիրները և նշել, որ Կոմիտեի առջև ծառացած հիմնական մարտահրավերներից են  ջրի հաշվառման հարցը և ջրի որակի գնահատման լաբորատորիաների  նյութատեխնիկական բազայի թարմացումը:

«Ջրային նախաձեռնություն +» ծրագրի պատասխանատուներն արձանագրել են, որ  վերը նշված խնդիրներն ամբողջությամբ համապատասխանում են իրականացվող  ծրագրի տրամաբանությանը, և շեշտել, որ ծրագրով նախատեսված դրամաշնորհները  մասնակից երկրների միջև բաժանվելու են ոչ թե հավասարապես, այլ՝ ըստ  կարիքների և ներկայացված ծրագրերի:

 

 

ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031