ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը ընդունել է Ուկրաինայի կողմից պատրաստված բանաձևը՝ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման և այնտեղ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը: Փաստաթղթի տեքստում Ռուսաստանը ճանաչվում է օկուպանտ-պետություն, իսկ Ղրիմը և Սևաստոպոլը՝ ժամանակավորապես օկուպացված տարածքներ:
Բանաձևին կողմ է քվեարկել 70, դեմ՝ 26 երկիր, ևս 77 երկիր ձեռնպահ է մնացել:
Բանաձևը ներկայացվել էր նոյեմբերի սկզբին Ուկրաինայի կողմից: Փաստաթղթի համահեղինակներ են 38 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան:
Մասնավորապես, բանաձևում դատապարտվում է Ղրիմում մարդու իրավունքների, այդ թվում` Ղրիմի թաթարների և ուկրաինացիների իրավունքների խախտումները: Բացի այդ, փաստաթուղթը կոչ է անում Ռուսաստանին «անհապաղ չեղարկել» այն որոշումը, որով Ղրիմի թաթարների մեջլիսը ճանաչվում է ծայրահեղական կազմակերպություն:
Կարդացեք նաև
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ողջունել է բանաձևի ընդունումը՝ նշելով, որ այն ամենաբարձր միջազգային մակարդակով Ռուսաստանի վրա դրոշում է օկուպանտ իշխանության պիտակը:
Ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը փաստաթուղթը որակել էր «ոչ օբյեկտիվ և կանխակալ»:
Ռուսաստանը Ղրիմը բռնակցել է 2014թ. մարտին՝ ռուսամետ իշխանությունների կազմակերպած հանրաքվեի արդյունքում: Ուկրաինան և միջազգային հանրությունը քվեարկության արդյունքները չեն ճանաչել: Դրանից հետո Եվրամիությունը և ԱՄՆ-ը պատժամիջոցներ են սահմանել ռուսական մի շարք ընկերությունների և ռուս պաշտոնյաների նկատմամբ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ