Ուկրաինայի Լվով քաղաքում անվանի գիտնական, շուրջ 200 հայագիտական աշխատությունների հեղինակ Յարոսլավ Դաշկեւիչի ծննդյան 90-ամյակին նվիրված վերջերս կայացած գիտաժողովին, որից թուրքական պատվիրակությունը ցուցադրաբար հեռացել էր, ի թիվս այլ գիտնականների, մասնակցում էին նաեւ հայ գիտնականներ եւ հայագետներ աշխարհի տարբեր երկրներից: Նրանց թվում էր արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Չուգասզյանը:
Aravot.am-ի հետ զրույցում պարոն Չուգասզյանը պատմեց, որ դեռեւս ամիսներ առաջ Ուկրաինայից իրեն տեղեկացրել էին, որ թուրքերը բավականին դրամ են վճարել, որպեսզի Իվան Ֆրանկոյի անվան Լվովի ազգային համալսարանը կազմակերպի այդ գիտաժողովում նաեւ թուրքական մասնաճյուղ: Ավելին՝ թուրքերը ցանկացել են, որպեսզի գիտաժողովի աշխատանքային լեզուներից մեկը թուրքերենը լինի՝ ուկրաիներենին եւ անգլերենին զուգահեռ:
«Ինձ ահազանգեցին, որ այդտեղ բացակայում է հայկական մասնաճյուղը: Եվ Ուկրաինայի հայկական համայնքը միջոցներ ձեռք առավ, որ անպայման լինի հայկական մասնաճյուղ, հայերենն էլ մտցվի աշխատանքային լեզուների մեջ: Ես տեղեկացրի իմ գործընկերներին՝ պատմաբաններին, արվեստի մասնագետներին, որպեսզի ձեւավորենք այնպիսի պատվիրակություն, որը ըստ պատշաճի հարգանքի տուրք մատուցի Դաշկեւիչի հոբելյանին, որը ահռելի գիտելիքների տեր մարդ է եղել եւ մեծ հայագետ, 40 լեզվի է տիրապետել»,- նշեց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Նաեւ հավելեց, որ Դաշկեւիչը իր երիտասարդության տարիներին այլախոհական գործունեության պատճառով ձերբակալված է եղել եւ նույնիսկ որոշ ժամանակ անցկացրել է Արցախում՝ որպես բանտարկյալ: «Երեւի այդ տարիներից է նրա մոտ հետաքրքրություն առաջացել հայերի եւ հայերենի նկատմամբ: Իմիջիայլոց, ուկրաինացի գործընկերներս ասում էին, որ Դաշկեւիչը հայկական ծագում ունի: Հիշում եմ, երբ տեսնում էի իրեն Մատենադարանում, իսկապես հայկական դիմագծեր ուներ: Մի անգամ էլ Պարույր Մուրադյանի կողքին տեսա, երկուսն էլ բարձրահասակ էին, արծվաքիթ, կարծես երկու եղբայր լինեին: Դաշկեւիչը գրել է հայ-ուկրաինական, հայ-լեհական հարաբերությունների մասին, Լվովի հայկական եկեղեցու, Ուկրաինայի հայկական խաչքարերի, արձանագրությունների մասին, մասնակցել է մեր՝ արվեստի միջազգային գիտաժողովներին, որոնք կազմակերպվում էին 78, 85 թթ. Հայաստանում: Դաշկեւիչը գրեթե ամեն տարի գալիս էր Հայաստան, աշխատում Մատենադարանում իր հայագիտական աշխատությունների վրա»:
Լեւոն Չուգասզյանի ձեւակերպմամբ, հայկական պատվիրակությունը Լվովի երկօրյա գիտաժողովին ներկայացել է հավուր պատշաճի: Ասում է. «Դա համարյա կոնգրես էր, ոչ թե գիտաժողով, որովհետեւ 10 մասնաճյուղեր էին աշխատում, որոնցում բազմաթիվ զեկուցումներ էին ընդգրկված: Հայկական մասնաճյուղին մասնակցում էին նաեւ Կարինա Պիվավարսկայան, Ալեքսանդր Բոժկոն, Իրինա Գայուկը, հայկական համայնքից թարգմանիչներ, լրագրողներ, Լվովի հայկական համայնքի ղեկավարներից Նիկոլայ Քոչարյանը, որը շատ մեծ ջանք էր դրել, որպեսզի գիտաժողովը կազմակերպվեր: Բացահայտեցինք, որ ի դեմս Դաշկեիչի, գործ ենք ունեցել հանրագիտարանային գիտելիքների տեր հայագետի հետ, որը բազմաթիվ լեզուներով աշխատություններ է գրել, բազմաթիվ աղբյուրներ օգտագործել ու շատ լուրջ ավանդ ունի հայագիտության մեջ»:
Ինչ վերաբերում է թուրքական պատվիրակությանը, նրանց ներկայացուցիչը նախ դժգոհ տեսքով ելույթ է ունեցել, որն անգամ թարգմանչուհին չի կարողացել թարգմանել, ապա ցուցադրաբար լքել է դահլիճը՝ մյուս անդամների հետ: «Իրենք չմասնակցեցին անգամ ամփոփման վերջին նիստին, որն, ի դեպ, ասես վերածվել էր հայ-ուկրաինական հարաբերությունների ամփոփման»,- ասաց պարոն Չուգասզյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ