Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրության մասնակցային գործընթացների խթանման մոտեցումների մեջ ինչ-որ բան փոխելու անհրաժեշտություն կա

Դեկտեմբեր 20,2016 14:55

Դեկտեմբերի 15-16-ը Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի ունեցավ Տեղեկատվության մատչելիության, շրջակա միջավայրի առնչությամբ որոշումների կայացմանը հանրության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին Օրհուսի կոնվեկցիայի հասարակության մասնակցության աշխատանքային խմբի  յոթերորդ հանդիպումը, որին մասնակցեցին նաև Հայաստանի Օրհուս կենտրոնների ներկայացուցիչները՝ Արարատի և Գյումրիի Օրհուս կենտրոնների համակարգողները: Հանդիպմանը հրավիրված էր նաև ՀՀ բնապահպանության նախարարության իրավաբանական վարչության պետ Խաչատուր Խաչատրյանը, ով նաև Հայաստանում համակարգում է Օրհուսի կոնվենցիան:

Առաջին օրը մասնակիցներն ըստ օրակարգի լսեցին տարբեր երկրների փորձը թեմայի շուրջ: Օրակարգի համաձայն Արարատի Օրհուս կենտրոնի համակարգող Գալուստ Նանյանը ներկայացրեց հայաստանյան փորձը «Օրհուս կենտրոնները՝ որպես շրջակա միջավայրի հարցերին առնչվող որոշումների կայացման գործում համայնքի մասնակցության խթանման գործիք» խորագրի ներքո՝  ՀՀ Արագածոտնի մարզի Մելիքգյուղի օրինակով:

Զեկույցից հետո WECF (Եվրոպայի կանայք հանուն ընդհանուր ապագայի) Կազմակերպության ներկայացուցիչը (Ֆինլանդիա), ողջունելով ելույթը, հետաքրքրվեց, թե Հայաստանում հանքարդյունաբերության շահագործման ոլորտում օրենսդրությունն ինչպես է գործում և նման դեպքում ովքեր են պատասխանատուները:

_0075

ՀՀ Իրավաբանության վարչության պետը մանրամասնորեն ներկայացնելով Հայաստանի օրենսդրությունը ոլորտի հետ կապված՝ հայտնեց, որ վերջում նման հարցերը լուծվում են իրավական համատեքստում:

Օրակարգի համաձայն իրեց երկրներում որոշումների կայացման գործում հանրության մասնակցության լավագույն փորձը ներկայացրեցին նաև Վրաստանի, Նորվեգիայի, Ուկրաինայի, Սերբիայի և այլ երկրների ներկայացուցիչներ: Հետաքրքրական էր Սերբիայի Գյուղատնտեսության և բնության պահպանության նախարարության ներկայացուցիչ Սաբինա Իվանովիչի ելույթը՝ նվիրված ՇՄԱՓ ընթացակարգի գործընթացներում հանրության մասնակցության փորձին:

Հանդիպման երկրորդ օրը Խաչատուր Խաչատրյանը զեկուցեց Հայաստանի օրենսդրական դաշտի, խոչընդոտների, ձեռքբերումների, գոյություն ունեցող գործունեության ընդարձակմանը վերաբերող որոշումների կայացմանը հասարակության մասնակցության բարելավման ուղղությամբ նախատեսվող փոփոխությունների մասին, որից հետո հնչեցված հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ:

Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի ներկայացուցիչ  Եժի Յեենդրոսկին իր զեկույցներում անդրադարձ կատարեց ինչպես Օրհուսի կոնվեկցիայի, այնպես էլ Էսպոյի կոնվեկցիայի այն դրույթներին, որոնք  վերաբերում են որոշումների կայացման համատեքստում հասարակության մասնակցությանը:

Ներկայացնելով իրենց փորձը՝ Տաջիկստանի  «Տիբեթ» Օրհուս կենտրոնի ներկայացուցիչը հայտնեց, որ քանի որ Տաջիկստանի հեռավոր  բնակավայրերը զրկված են համացանցից, հեռուստատեսությունից և մամուլը գրեթե չի հասնում բնակավայրեր, իրենք որպես տեղեկատվության փոխանակման գործիք ընտրել են դպրոցները. «Դպրոցներում տեղեկատվությունը տարածելով՝ ինքնին  երեխանները դառնում են տեղեկատվության փոխանցող՝ ընտանիք, հարևաններ և ամբողջ հասարակություն, դրանով իսկ հասարակությանն ապահովում ենք տեղեկատվությամբ, և վերջիններս դառնում են մասնակից որոշումների կայացման գործում»:

Ստորագրվող համաձայնագրերի կյանքի կոչման խնդիրները,  որոշումների կայացման գործընթացում հասարակության մասնակցությունը խթանելու համար կանանց և երիտասարդության դերակատարության կարևորության մասին զեկույցով հանդես եկավ  «WECF International» կազմակերպության ներկայացուցիչը: Այնուհետ հայկական պատվիրակության ներկայացուցիչ՝ Գյումրիի Օրհուս կենտրոնի համակարգող Տիգրան Մկրտչյանը նշեց, որ կանանց դերակատարությունը հատկապես կարևոր է. մի կողմից նրանք ավելի շատ ժամանակ են անցկացնում երեխաների խնամքի  և դաստիրակության վրա, մյուս կողմից  դպրոցների ուսուցիչների մեծ մասը կանայք են և նրանք շատ կարևոր և հուսալի «կամուրջ» են հանդիսանում երիտասարդությանը ճիշտ ազդակներ փոխանցելու գործում:

Հայկական պատվիրակությունը նաև հարց բարձրացրեց, թե ինչպես է ստացվում, որ երկրները միանում են միջազգային պայմանագրերի և համաձայնագրերի, սակայն  մինչև վերջ չեն կարողանում իրականացնել իրենց պարտավորությունները: Միջազգային համաձայնագրերի կիրառումը  խթանելու հարցում շատ կարևոր է նկատի ունենալ, որ հաճախ զարգացող երկրները պատրաստ չեն «կրկնօրինակել» զարգացող երկրների փորձը, իսկ արդյունքում կառավարությունները հաճախ ստորագրում են միջազգային համաձայնագրեր, որոնք այդպես էլ մնում են թղթի վրա, փոխարենն ունենում ենք մասնակցային գործընթացների մանիպուլյացիա: Հայկական պատվիրակությունն անհրաժեշտ համարեց մասնակցային գործընթացների խթանման մոտեցումների մեջ ինչ-որ բան փոխելը:

Հանդիպման մանրամասներին կարող եք ծանոթանալ հղումով  :

 

Գալուստ Նանյան

Արարատի Օրհուս կենտրոնի համակարգող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031