Լրահոս
Օրվա լրահոսը

Արտագաղթից ապահովագրող ապահովագրություն

Դեկտեմբեր 20,2016 14:18
appa

Սիրում եմ դպրոցների մոտ կանգնել, զրուցել մեր մանուկների հետ, հայացք նետել մանկությունս և հիշողությունից ջնջել հնազանդության քարոզները:

Նայում եմ այդ մանուկներին, բայց հրճվելու փոխարեն թախծում եմ, ասես ի զորու չեմ ցրել մեր երեխաների հոգիները թունավորող խոպանչիների գաղջ օդը՝ «էս երկրում էրեխեքի համար ապագա չկա…»:

«Էս երկրում ապագա չկա» ասողները եղել են, կան ու կլինեն…

Ինձ միշտ սաստում են Հովհաննես Թումանյանի «Հին օրհնություն» բանաստեղծությունը զավեշտի վերածելու համար.

-«Ապրե՜ք, երեխե՜ք,

Բայց մեզ պես չապրեք…»:

Մեկը հարցներ էդ բանաստեղծության հերոսին՝ թամադային.

-Ա՛յ բիձա, իսկ դու ի՞նչ ես արել, որպեսզի էդ էրեխեքը քեզ պես չապրեն, քեզանից ավելի լավ ապրեն…

Այժմ, այդ նույն հարցը ինքս ինձ եմ տալիս. իսկ ե՞ս ինչ եմ անում…և ի՞նչ կարող եմ անել` լինելով սոսկ ապահովագրական գործակալ…

Մեր երեխաների յոթ տարեկանը լրանալուց հետո ավարտվում է պետական հոգածությունը և նրանց առողջական խնդիրների ծախսերը ընկնում են ծնողների ուսերին:

Ծախսերը ծնողական խնամքի նյութական կողմն են սոսկ, իսկ հիմնական առաքելությունը չկայացած կյանքի «գաղափարախոսության» փոխանցումն է՝ «սաղ սուտ ա…»:

Դպրոցական հասակից երեխայի ապահովագրական պատմությունը չմեկնարկել նշանակում է նրան դարձնել սոցիալապես հաշմանդամ:

Ապահովագրական մշակույթի իրական կրողները կլինեն նրանք, ովքեր մի քանի հազար դրամ վճարի ետևում, ապահովագրությունից զատ, կտեսնեն նաև իրենց երեխայի քաղաքացիության հեռանկարը՝ «ապահովագրական պատմություն»-ը:

Հետագայում, գիտակից ծնողների երեխաների կյանքի ուղեկիցը կդառնան՝ վարկային, հարկային և այլ պատմությունները: Պատմություններ, որոնք կվկայեն սեփական երկրում նրանց զավակների ապրել կարողանալու մասին և, բնականաբար, կփակեն արտագաղթի ճանապարհը:

Տարեց մարդու առողջության ապահովագրությունը բազմաթիվ բացառություններ ունի, քանզի ապահովագրական գործակալությունները հիմնականում տեր են կանգնում ապահովագրումից հետո ծագած առողջական խնդիրներին:

Ինչո՞ւ հակադրվել ու հակաճառել, եթե կարելի է երեխայի առողջությունը ապահովագրել, խնդիր ծագած պահին դիմել բուժծառայության, վերականգնել առողջությունը: Նման պարագայում տեղին կլինի «հիվանդության պատմություն» բժշկական տերմինը փոխարինել «առողջության պատմություն»-ով:

Ես ջանք չեմ խնայի, որ մեր երեխաները ապահովագրական պատմություն ունենան, քանզի համոզված եմ, որ դա քաղաքացի կերտելու լավագույն միջոցն է…

 

 Վահագն ԿՈԶՄՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031