Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) ապրիլյան մարտերից հետո նախաձեռնել և իրականացնում է «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագիրը, որի նպատակն է ծրագրավորում սովորեցնել ՀՀ զինված ուժերում զինվորական ծառայություն անցած այն երիտասարդներին` ովքեր ցանկություն ունեն մասնագիտանալու ՏՏ ոլորտում:
Ծրագրի մասնակից քսանամյա Արմեն Դերիկյանը, ով ապրիլին ծառայում էր Մարտակերտում, այս ծրագրի շնորհիվ արդեն ծրագրավորում և ռոբոտաշինություն է դասավանդում Երևանի թիվ 197 միջնակարգ դպրոցի «Արմաթ» լաբորատորիայում:
Համախմբելով նոր ձեռք բերած ծրագրավորման հմտությունները ծրագրի մասնակիցները իրենց իսկ նախաձեռնությամբ վեբ կայք են պատրաստում ծրագրի համար:
ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը խիստ կարևորում է այս դասընթացների իրականացումը: Նա նշում է, որ սա լավագույն նախաձեռնություններից է, որը մի կողմից լուծում է երիտասարդների աշխատանքի և կարիերային առաջընթացի խնդիրը, մյուս կողմից բավարարում է ՏՀՏ ոլորտի մասնագիտական կարիքները։
Կարդացեք նաև
«Կարծում եմ անհրաժեշտ է այս դասընթացներն իրականացնել անմիջապես զին ծառայության ընթացքում, որպեսզի երիտասարդները զորացրվելուց հետո անմիջապես մտնեն աշխատանքի», – նշում է Հ. Չոբանյանը:
Առաջին փորձարարական այս ծրագիրը մեկնարկել է օգոստոսին` Մերգելյան ինստիտուտի տարածքում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում: Ծրագրի տևողությունը 6 ամիս է, այդ թվում՝ 1 ամիս մասնագիտական փորձաշրջան ՏՏ ոլորտի ընկերություններում: Դասընթացի շրջանակում նախկին զինծառայողները սովորել են ծրագրավորման լեզուներ, ինչպես նաև մասնագիտական անգլերեն:
Ծրագրի նպատակն է ապահովել զինծառայություն անցած երիտասարդների սահուն ինտեգրում, ապահով և արժանապատիվ աշխատանք, նվազեցնել այս թիրախային խմբի արտագաղթելու հավանականությունը:
Ֆինանսական աջակիցների առաջին խումբը, որը միացավ ծրագրին, կանադահայ «Միասին» խումբն է` նպատակ ունենալով թիրախային ընտանիքների համար ստեղծել մշտական ապրուստի միջոց, իսկ կրթությունը և հետագա աշխատանքի ապահովումը դրա լավագույն տարբերակն է: Ծրագրին աջակիցներին են միացել նաև «Այբ» դպրոցի աշակերտների ծնողները:
Ծրագրին կարող են միանալ բոլոր քաղաքացիները՝ հանգանակություն կատարելով 1930052916980200 հաշվեհամարին:
Հունվար ամսին կմեկնարկեն հերթական դասընթացները ավելի քան 80 զորացրված երիտասարդների համար:
«Բանակից ՏՏ ոլորտ» ծրագրին միանալու ցանկություն ունեցող նախկին զինծառայողները կարող են կապ հաստատել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) հետ՝ զանգահարելով 011 54-88-81 (ներքին՝ 12) հեռախոսահամարով:
Նախատեսվում է «Բանակից ՏՏ» ծրագիրը տարածել Հայաստանի (ներառյալ Արցախի) ամբողջ տարածքում: Դասընթացները կիրականացվեն հանրապետության տարբեր համայնքներում գործող «Արմաթ» լաբորատորիաներում:
ԻՏՁՄ Հանրային կապերի պատասխանատու
Շուշանիկ Ներսեսյան