Փաստաբան Տիգրան Հայրապետյանն ահազանգում է, որ ամբաստանյալ Ռազմիկ Ավետիսյանը կարող է մի քանի ամսից մահանալ. նրա առողջական վիճակը ծանր է:
«Նոյյան տապան» մամուլի սրահում Ռազմիկ Ավետիսյանի ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանը փաստեց, որ ամբաստանյալը բազում ինֆարկտներ է տարել ու այժմ նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է. «Անձի վիճակը վատացել է. 2-3 ծանր ինֆարկտներ է տարել, անընդհատ գտնվել հիվանդանոցներում: Մայիսին մահամերձ վիճակում նրան տեղափոխել են հիվանդանոց և վիրահատել: Դրանից հետո միջնորդությունը բավարարվել է՝ կալանքը փոխարինվել գրավով, նա հինգ ամիս գտնվել է ազատության մեջ, սակայն հետագայում բողոք է ներկայացվել դատարանի որոշման դեմ, և Վճռաբեկ դատարանի որոշմամբ կրկին նրան տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց»:
Հիշեցնենք, որ էպիլեպսիայով հիվանդ Ռազմիկ Ավետիսյանը մեղադրվում է Նորք-Մարաշի Արմենակյան փողոցում, թաղապետարանից մոտ հարյուր մետրի վրա կրկնակի վրաերթ կատարելու, երկու երեխաների՝ մահ, երկու չափահասների մարմնական վնասվածքներ պատճառելու համար: Փաստաբանն այս առիթով մտահոգություն հայտնեց, որ նախաքննության մարմինն այդպես էլ քննարկման առարկա չի դարձրել այն հարցը, թե ինչպես էին նման հիվանդություն ունեցող անձին վարորդական իրավունք տվել:
Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ ձգձգվում է դատաքննությունը. «Փետրվարի վերջից մինչև այս պահը դատաքննությունը չի ավարտվել: Դատական նիստերը տարբեր պատճառներով հետաձգվում են: Ունենք մի իրավիճակ, որ վերջին ութ-ինը ամիսների ընթացքում դատական ակտ չի կայացվում»:
Կարդացեք նաև
Պարոն Հայրապետյանը նշեց, որ Ռազմիկ Ավետիսյանի գործով չի կատարվում օրենսդրության պահանջը. «Անձը սրտի 4-րդ աստիճանի ծանր ինֆարկտ է տարել: Ունենք բոլոր բժշկական փաստաթղթերը: Մեր օրենսդրության համապատասխան հոդվածներով սահմանված է, որ անձի ծանր հիվանդության դեպքում քրեակատարողական հիմնարկի պետը բժշկական եզրակացության հիման վրա միջնորդում է հարկադրանքի միջոցը վերացնելու կամ փոխելու վերաբերյալ: Քրեակատարողականի վարչակազմն ինքը վարույթ իրականացնող մարմնին պետք է հայտնի այս մասին: Մինչդեռ օրենքի այս պահանջը չի կատարվում»:
Տիգրան Հայրապետյանի հավաստմամբ՝ իրենք դիմել են վարչապետին, քրեակատարողական հիմնարկի պետին և այլ մարմինների, սակայն ստացել են լղոզված պատասխաններ: Նա վստահեցրեց. «Քրեակատարողական վարչությունը», «Դատապարտյալների հիվանդանոցը», դատավոր Գագիկ Պողոսյանը և դատախազ Արթուր Չախոյանը չեն կատարում օրենքի հստակ պահանջները»:
Պարոն Հայրապետյանը նաև դժգոհեց ամբաստանյալի պահման խցի պայմաններից. «Խուցը պատժախցի է նմանվում. փոքրիկ տարածք է, հնարավոր չէ, որ մարդ մաքուր օդի դուրս գա»:
Ամփոփելով՝ պարոն Հայրապետյանը նշեց, որ եթե Ռազմիկ Ավետիսյանը մահանա, ապա ողջ պատասխանատվությունն ընկնելու է պետության վրա. «Պետությունն անձի իրավունքները խախտելու համար պարտավոր է լինելու վճարել հսկայական գումարներ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ