Իրանագետ Գոհար Իսկանդարյանը կասկածում է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիին վաղը կտեսնենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: «Հայոց ցեղասպանության ժամանակ Իրանը թուրքական զորքին թույլ չի տվել հայ գաղթականներին կոտորել իր տարածքում: Երբ հարց ենք բարձրացնում, թե ինչու Իրանը չի ճանաչում հայոց ցեղասպանությունը, վերջինս փաստում է՝ մենք Ձեզ օգնել ենք, բայց չենք ուզում, որ դա լուրջ խնդիր դառնա Թուրքիայի եւ մեր միջեւ»,-այսօր «Հայացք» մամուլի ակումբում ասաց Գոհար Իսկանդարյանը:
Նրա բնորոշմամբ. «Իրանի պետական շահը թույլ չի տալիս դա: Իրեն ամեն կերպ օգնել է հայությանը եւ կօգնի, բայց պետք չի կարծել, որ իր պետական շահը կստորադասի գաղափարներին»:
Անդրադառնալով տեղեկություններին, թե Իրանը ցանկանում է ներգրավվել Մինսկի խմբի միջնորդական առաքելության մեջ, փորձագետը նկատեց. «Այսօր կրկին լսում ենք, որ Իրանը պատրաստ է միջնորդական առաքելությամբ հանդես գալ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ: Եթե Իրանին դա թույլ տանք, հաջորդը Թուրքիան է լինելու, ինչը մեզ ձեռնտու չէ»:
Իրանագետի համոզմամբ՝ Իրանը չի լինի միջնորդական գործընթացների մեջ, քանի որ պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. «Բավական է Իրանը հայտարարի, որ ազգերի ինքնորոշման իրավունքը գերակայող է իր համար, հաջորդ օրը Իրանի քրդերը ոտքի կկանգնեն, հաջորդ օրը՝ ազերիները…կրկին պետական շահի խնդիր է»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ