Aravot.am-ը սպառողների իրավունքների պաշտպաններ Մելիտա Հակոբյանից եւ Ռուբեն Հայթյանից հետաքրքրվեց, թե վարչապետի փոփոխությունից հետո ի՞նչ փոփոխություններ են նկատել հօգուտ սպառողների, քանի որ Կարեն Կարապետյանը առաջին խնդիրներից մեկը, որը բարձրացրեց պաշտոնավարման առաջին օրերին` սննդամթերքի անվտանգության եւ այլ ապրանքային շուկաներում էլ որակի հարցերն էին:
Մելիտա Հակոբյանը, որը Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահն է, Ռուբեն Հայթյանը` ակադեմիայի մոնիթորինգի բաժնի ղեկավարը՝ ասացին, որ ոչ մի փոփոխություն չեն նկատել, չհաշված սննդամթերքի անվտանգության ծառայության ղեկավարի փոփոխությունը:
Ըստ նրանց մսամթերքի, կաթնամթերքի, հացամթերքի շուկաներում ինչպես որ եղել էին խախտումները, մինչ օրս էլ շարունակվում են:
Կարդացեք նաև
Այսօր սպառողների ազգային ակադեմիայի պատասխանատուները ներկայացրին իրենց ուսումնասիրության արդյունքները` նշելով, որ մի շարք մանր արտադրողներ` անհատ ձեռնարկատերեր, շարունակում են արտադրություն ծավալել սանիտարահիգիենիկ նորմերին չհամապատասխանող պայմաններում` ինչն անմիջական ազդեցություն է ունենում նրանց արտադրած սննդի որակի վրա:
Ռուբեն Հայթյանի խոսքերով, մեր երկրում հացամթերքի ոլորտն ամենավատ վիճակում է եւ արտադրության ընդամենը 10-12 տոկոսն է պատշաճ փաթեթավորվում ու մակնշվում:
Կաթնամթերք արտադրողներն էլ թերի տեղեկատվություն են տալիս սպառողին` չմակնշելով, որ արտադրանքում նաեւ չոր կաթ է պարունակվում: Ըստ նրա, օրենքը չի արգելու չոր կաթի օգտագործումը, սակայն սպառողը պիտի իմանա արտադրանքի քանի տոկոսն է անարատ կաթից, քանիսը` չոր:
Մելիտա Հակոբյանը, խոսելով մսամթերքի շուկայից, ասաց, որ պետք է հասնեն նրան, որ արտադրողները նշեն, թե իրենց արտադրանքում որքան տոկոս միս է պարունակվում: Ըստ Ռուբեն Հայթյանի ՝մսամթերքի արտադրությունում ընդհանուր առմամբ, 5-6 տոկոս է օգտագործվում տեղական միս, մնացածը` Կանադայից, Հնդկաստանից ներկրված մսով է պատրաստվում, ինչը ամենեւին վտանգավոր չէ. «Եթե մսամթերք արտադրողներն ամբողջությամբ տեղական մսով պատրաստեն, ապա մեզ մոտ մսի կիլոգրամը 5 հազար դրամից էժան չէր լինի»:
Տիկին Հակոբյանի խոսքերով, գովազդների դաշտը եւս կարգավորման կարիք ունի եւ այն պնդումները, թե պատրաստված է` «անարատ կաթից» կամ «էկոլոգիապես մաքուր արտադրանք», իրականությանը չեն համապատասխանում, քանի որ նույնիսկ ամենաբարձրադիր վայրերում էլ հանքարդյունաբերությունը, մասնավորապես պոչամբարները բնությունը փչացրել են, հետեւաբար հատուկենտ վայրեր են մնացել, որտեղ, իսկապես կարելի է էկոլոգիապես մաքուր արտադրանք ստանալ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ