Հարգարժան նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան, Ղարաբաղյան խնդրի կարգավորման խաղաղ գործընթացն իրական «շահեկան» մակարդակի բարձրացնելու խոչընդոտներից մեկը հանդիսանում է հենց այն սխալ պատկերացումը, թե ԼՂՀ կողմից վերահսկվող բոլոր տարածքների կամ նրանց մի մասի զիջումը կարգավորման գործընթացը կարող է մոտեցնել դրական արդյունքի։
Իրականում, թեկուզև մեկ շրջանի կամ նույնիսկ շրջանի մի մասի զիջումը չի մեղմացնի և, առավել ևս, չի բացառի ԼՂՀ-ն զավթելու՝ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու ռազմական ջանքերը։ Հակառակը, թեկուզ միայն մեկ շրջանի կամ շրջանի մի մասի զիջումն Ադրբեջանի մոտ առաջ կբերի նոր «պասիոնարություն» և ավելի կոշտ ու ուժային դիրքերի նոր խթաններ, նոր փաստարկներ և նոր «ախորժակ»։
Այս ամենը կարող է հանգեցնել կանխատեսելի հետևանքների։ Զգալով հայկական կողմի զիջողականությունը՝ Ադրբեջանը կսկսի գործել «եթե մենք վերցրել ենք սա, ապա կվերցնենք նաև մնացածը» սկզբունքով, կդիմի 23 տարիների ընթացքում հայերի կողմից «զավթված» տարածքներում հասցված վնասի ընդգծմանն ուղղված ցուցադրական գործողությունների՝ ներկայացնելով այդ վնասի փոխհատուցման պահանջներ, իսկ հայերի կողմից նշված զինադադարի գիծը, արդեն՝ որպես ադրբեջանական թիկունք, ռազմական առումով ԼՂՀ-ի դեմ ավելի վստահ կօգտագործվի ռազմական գործողությունների ձեռնարկման համար, հանձնված տարածքներ վերադարձված բնակչությունը կօգտագործվի ԼՂՀ-ի դեմ «չղեկավարվող», իսկ իրականում՝ ադրբեջանական իշխանությունների կողմից հրահրվող «պարտիզանական պատերազմի» համար, ինչպես նաև ադրբեջանական կողմից դեպի Հայաստան և ԼՂՀ բացված տրանսպորտային միջոցների ու կոմունիկացիայի դեմ դիվերսիոն գործողություններ կկազմակերպվեն։ Հետևելով ներկայիս քարոզչական իներցիային՝ Ադրբեջանը համապատասխան բնույթի տարբեր գործողությունների կդիմի, որոնց թվում կարելի է ենթադրել նյութական ու բարոյական վնասի փոխհատուցման, ինչպես նաև «ադրբեջանական տարածքների օկուպացիայի փաստի ու դրա հետևանքների համար» հայկական քաղաքական գործիչներին ու զինվորականներին միջազգային քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հայցերի ներկայացումը միջազգային դատական մարմիններ։
Այն, որ միջազգային հարթակներում նման գործողությունները հատում են Ադրբեջանին, հեշտ է համոզվել՝ հիշելով, թերևս, 2008թ. դեկտեմբերի վերջին այդ երկրի կողմից ՄԱԿ-ում տարածված զեկույցները։
Կարդացեք նաև
Թեկուզև մեկ շրջանի կամ նույնիսկ մեկ շրջանի որևէ հատվածի զիջումը սրման կրիտիկական կետի կհասցնի ներքաղաքական իրավիճակը ինչպես՝ Հայաստանում, այնպես էլ՝ ԼՂՀ-ում։ Հայաստանում և ԼՂՀ-ում ի հայտ կգա ներքաղաքական խմորումների «Ադրբեջանին անհրաժեշտ կրիտիկական զանգված», որից նա կփորձի օգտվել։
Գառնիկ ԻՍԱԳՈՒԼՅԱՆ
«Ազգային Անվտանգություն» կուսակցության նախագահ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում