«Ռոհանիի այցը երկար է նախապատրաստվել: Կարծում եմ՝ այն ուշացած է, քանի որ այս տարի լրանում է նրա կառավարման հինգ ամյակը, մյուս տարի Իրանում տեղի են ունենալու ընտրություններ: Այլ է հարցը՝ Ռոհանին կմասնակցի՞ ընտրություններին, թե ոչ»,-«Հայացք» մամուլի ակումբում այսօր խոսելով Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ վաղը ՀՀ կատարելիք այցի մասին, ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:
Նրա բնորոշմամբ՝ 25 տարում ՀՀ-Իրան հարաբերությունները զարգացել են, իսկ նախագահների վաղվա հանդիպմանը, ենթադրաբար, որոշակի խնդիրներ են բարձրաձայնվելու եւ որոշ հարցեր լուծում են ստանալու: Առաջինը Մեղրիի ՀԷԿ-ի նախագիծն է. «2012թ. հիմնարկեքն արվել է, սակայն մինչ օրս շինարարություն չի կատարվել: Իրանական կողմի հավաստմամբ՝ միայն ֆինանսական խնդիրների պատճառով է, որ շինարարությունը չի սկսվել: Կարծում եմ՝ այս հարցը նախագահների մակարդակով կդրվի քննարկման»:
Մյուս կարեւոր հարցը, ըստ Գոհար Իսկանդարյանի, ՀՀ-Իրան առեւտրաշրջանառության ծավալների մեծացումն է. «Ապրանքները դժվարությամբ են մտնում Իրան, քանի որ վերջինս իր շուկայի հանդեպ հովանավորչական քաղաքականություն է վարում: Իրանը պետք է բացվի աշխարհի առաջ եւ թույլ տա, որ հարեւան երկրներն առեւտրաշրջանառություն իրականացնեն: Այնպես չի, որ Իրանը թույլ չի տալիս հայկական ապրանքը մտցնել սեփական շուկա, բայց հարկերն այնքան շատ են, որ ապրանքը դադարում է մրցունակ լինելուց»:
Փորձագետի խոսքով՝ ՀՀ կառավարության մակարդակով նշյալ հարցի մասին պետք է բարձրաձայնել, քանի որ Ռոհանի-Կարեն Կարապետյան հանդիպում է սպասվում:
Կարդացեք նաև
«Իրանը բեռնափոխադրման այլընտրանքային ճանապարհներ է փնտրում՝ այդ նպատակով դիտարկելով ՀՀ-ն եւ Ադրբեջանը: Ըստ Իրանի՝ ՀՀ-ի տարածքով բեռնափոխադրումը շահավետ է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ