Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանալին Ռուսաստանի ձեռքում է, հանրային շրջանում բավական աղմուկ հանած իր ելույթում հայտարարեց ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, կրկնելով ավելի վաղ արտահայտած իր այդ միտքը: Նա կրկնել է նաև ղարաբաղյան խնդրի կարգավորման իր մոտեցումը, որ հրապարակել էր դեռևս 1997 թվականին: Մեծ հաշվով, դա, իհարկե միայն Տեր-Պետրոսյանի մոտեցումը չէ: Այն դավանել են թե՛ Ռոբերտ Քոչարյանը` որի նախագահության տարիներին Հայաստանը հավանության է արժանացրել Մադրիդյան սկզբունքները, թե՛ Սերժ Սարգսյանը` որի նախագահության տարիներին Հայաստանը հավանության է արժանացրել ռուսական Կազանյան պլանը: Երեք նախագահների միջև բանավեճն ըստ էության եղել է միայն շրջանների քանակի` հանձնման ենթակա, և դրա դիմաց ստանալիքի այսպես ասած՝ իրավական «ամբողջականության» շուրջ:
Փիլիսոփայության առումով, Հայաստանի անկախության ընթացքում իշխանության որևէ կոնֆիգուրացիայի պարագայում չի եղել կարգավորման վերաբերյալ սկզբունքային տարբերություն: Տարածվել է իհարկե այնպիսի մտայնություն, որ խոսելով փոխզիջումների մասին, հայտնելով պատրաստակամություն, Հայաստանի իշխանությունները, հատկապես Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ընդամենը մանևրել են, լավ գիտենալով, որ Ադրբեջանը մշտապես պահանջելու է ամբողջը: Ի դեպ, այս մասով իհարկե դիտարկվում է Քոչարյանի և Սարգսյանի ու Տեր-Պետրոսյանի միջև մի տարբերություն, առ այն, որ Տեր-Պետրոսյանը անկեղծորեն հավատացել է իր տարբերակին և դրա իրատեսականությանը` ձգտելով հասնել հակամարտության կարգավորման և խաղաղության հաստատման, իսկ Քոչարյանն ու Սարգսյանը փորձել են ժամանակ շահել և պահել ստատուս քվոն: Իրականում Հայաստանը ժամանակ կորցրել է, սակայն ոչ թե ստատուս-քվոն փոխելու և կարգավորման պատեհ բահեր բաց թողնելու իմաստով` ինչպես ասում է Լևոն Տեր-Պետրոսյանը, այլ Հայաստանի գլխավոր ռեսուրսը իրացնելու, իրականություն դարձնելու: Դա ժողովրդավարական, արդիական, համաշխարհային կյանքին ինտեգրված պետության մոդելն է, որի հույսը Հայաստանը ներշնչում էր ԽՍՀՄ փլուզման գործընթացում` հանդիսանալով հետխորհրդային հանրապետությունների գրեթե անվիճելի առաջատարը, սակայն հուսախաբ անելով թե՛ իր հանրությանը, թե՛ միջազգային հանրությանը անկախության առաջին իսկ տարիներից սկսած:
ԱՐԱՄ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում