Անկարայում ԱՄՆ դեսպանատունը երեքշաբթի փակ կլինի՝ կապված մերձակայքում տեղի ունեցած հրաձգության երկու միջադեպերի հետ, որոնցից մեկն ավարտվել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանությամբ: Այս մասին ասվում է ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության Twitter-ի պաշտոնական էջում:
«ԱՄՆ դեսպանատունը Անկարայում և հյուպատոսությունները Ստամբուլում և Ադանայում այսօր փակ կլինեն և առօրյա աշխատանք չեն իրականացնի»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Երեքշաբթի Անկարայում ԱՄՆ դեսպանատան մոտ հրաձգություն էր տեղի ունեցել, տուժածներ չկան, չարագործը ձերբակալվել է: Դեսպանատան ներկայացուցիչը «ՌԻԱ Նովոստիին» պատմել է, որ հանցագործը դեսպանատան մուտքի մոտ մի քանի կրակոց է արձակել ատրճանակից:
Դրանից մի քանի ժամ առաջ դեսպանատան հարևանությամբ գտնվող պատկերասրահում ֆոտոցուցահանդեսի բացման արարողությանը սպանվել էր Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովը:
Կարդացեք նաև
Կարլովի սպանության հետ կապված՝ Թուրքիայի մի շարք քաղաքներում մի քանի հյուպատոսություններ է փակել նաև Իրանը: Անկարայում Իրանի դեսպանատունը հայտնել է, որ մասնավորապես, դեկտեմբերի 20-ին փակ կլինեն Ստամբուլի, Տրապիզոնի և Էրզրումի հյուպատոսությունները:
Հիշեցնենք, Կարլովի սպանությունից հետո մարդասպանն ակնարկել էր, որ դա վրեժ է Հալեպի և Սիրիայի համար: Անցյալ շաբաթ Սիրիայի կառավարական ուժերն ազատագրեցին Սիրիայի հյուսիսային Հալեպ քաղաքը: Սիրիայում պատերազմի ընթացքում կառավարական ուժերը քաղաքական, ավելի ուշ նաև ռազմական աջակցություն են ստացել Իրանից ու Ռուսաստանից:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ