Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բեռնատար ավտոմեքենան մխրճվել է Սուրբծննդյան տոնավաճառի ամբոխի մեջ, ինչի հետևանքով զոհվել է 12 մարդ, ևս 48-ը տեղափոխվել է հիվանդանոց:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», դեպքը տեղի է ունեցել երեկ՝ տեղի ժամանակով ժամը 20:00-ին, քաղաքի բանուկ կենտրոնում՝ մի քանի խոշոր տեսարժան վայրերի հարևանությամբ: Իշխանությունները հայտնել են, որ տուժածների շարքում մեծ թվով զբոսաշրջիկներ կան, նրանց քաղաքացիությունը ճշտվում է:
Բեռնատարի ղեկին, ենթադրաբար, եղել է փախստական Աֆղանստանից կամ Պակիստանից, իսկ կողքին եղել է Լեհաստանի քաղաքացի:
Բեռնատարի վարորդը թաքնվել է դեպքի վայրից, սակայն արագ կազմված ֆոտոռոբոտի շնորհիվ նրան հաջողվել է ձերբակալել դեպքի վայրից ոչ շատ հեռու: Բեռնատարում եղած երկրորդ տղամարդը տեղում մահացել է: Վերջինս եղել է ազգությամբ լեհ, իսկ մեքանան եղել է լեհական համարներով: Բեռլինի ոստիկանությունը ենթադրում է, որ բեռնատարը կարող էին առևանգած լինել Լեհաստանում՝ շինհրապարակից: Բեռնատարի լեհ սեփականատերը պատմել է, որ կեսօրին մեքենայի վարորդը զանգահարել է իրեն և հայտնել, որ գտնվում է «մի թաղամասում, որտեղ մեծամասնությունը մուսուլմաններ են», իսկ հետո կապը նրա հետ ընդհատվել է:
Կարդացեք նաև
Ըստ իշխանությունների, ամենայն հավանականությամբ, դա եղել է ահաբեկչություն: Քննությունը վարում է Բեռլինի քրեական ոստիկանությունը:
Կատարվածից հետո Բեռլինի ոստիկանությունը կոչ է արել քաղաքի բնակիչներին և հյուրերին դուրս չգալ փողոց: Ավելի ուշ իրավապահները հայտարարել են, որ մայրաքաղաքի կենտրոնում վտանգի սպառնալիք չկա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ