Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքագետ Գեւորգ Պետրոսյան. ՌԴ դեսպանի սպանությունը Մոսկվա-Թուրքիա հարաբերությունների վրա խորը եւ լուրջ ազդեցություն չի ունենա

Դեկտեմբեր 19,2016 23:20

Ռուսական «Սու-24» օդանավի կործանումից հետո  Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները նոր-նոր կարգավորվում էին, երբ այսօր Թուրքիայում ժամեր առաջ, ցուցահանդեսի բացման ժամանակ սպանվեց Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովը:

Aravot.am-ը թուրքագետ Գեւորգ Պետրոսյանից հետաքրքրվեց, թե միջադեպն ինչպիսի՞ հետեւանք կունենա ռուս-թուրքական հարաբերությունների վրա:

Ըստ պարոն Պետրոսյանի, թեեւ դեպքից մի քանի ժամ է անցել, բայց հայտարարություններով հասցրել են հանդես գալ պաշտոնյաներ ե՛ւ Թուրքիայից, ե՛ւ Ռուսաստանից, որտեղ շտապել են նշել, որ միջադեպը չպետք է ազդի Մոսկվայի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների վրա:

«Դեկտեմբերի 20-ին նախատեսված է Մոսկվայում Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը, ըստ թուրքական լրատվամիջոցների, որոշել են չհետաձգել: Այսպիսով, ռուսաստանյան կողմը չի շտապում արագ որոշումներ կայացնել եւ փորձում է ավելի ընդհանուր պատկեր ստանալ, մանրամասն վերլուծել իրավիճակը: Այն տեղեկությունները, որոնք ներկայում ունենք մեր ձեռքի տակ, թույլ են տալիս պնդել, որ միջադեպը Մոսկվա-Թուրքիա հարաբերությունների վրա խորը եւ լուրջ ազդեցություն չի ունենա»:

Գեւորգ Պետրոսյանի կարծիքով, Ռուսաստանում եւ Թուրքիայում արձագանքները եւս կարող ենք հիմք ընդունել այս պնդման համար. «Կրկնեմ, որ դեռեւս վաղ է խոսել հստակ հետեւանքներից, քանի որ պետք է ճշտել, թե հարձակման հետեւում ով էր կանգնած, ինչ նպատակով եւ ինչպես է իրականացվել մահափորձը: Այն, որ Թուրքիայի մայրաքաղաքում սպանվում է Ռուսաստանի արտաքին եւ լիազոր դեսպանը, մեծագույն խնդիր է նախեւառաջ Թուրքիայի համար: Մինչ անդրադառնալն այլ հարցերին, պետք է ընդգծել, որ սա թուրքական անվտանգության համակարգի հերթական լուրջ ձախողումն ու բացթողումն է: Ներկայումս կարեւոր են Թուրքիայի քայլերը եւ պատրաստակամությունը՝ հետաքննելու այս միջադեպը, ինչի արդյունքներով էլ հնարավոր կլինի խոսել ռուս-թուրքական հարաբերությունների վրա դրա ազդեցությունից»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031