«Եթե գնաք Գառնի, ապա այնտեղ մի խճանկար կա, որտեղ գրված է` աշխատեցինք, մեզ չվճարեցին, այդ պատմությունը դժվար թե ինչ-որ մեկը մեզ պատմի, բայց, մեր հարթակում, այն եւ շատ այլ հետաքրքիր պատմություններ կգտնեք` տվյալ վայրի մասին»,-ասաց 360 STORIES վիրտուալ պատմությունների սոցիալական հարթակի համահիմնադիր Ալբերտ Պողոսյանը:
Այսօր 360STORIES նախագծի շնորհանդեսն էր: Այն վիրտուալ պատմությունների սոցիալական հարթակ է, որտեղ առայժմ ներկայացված են հինգ քաղաքների, այդ թվում եւ Երեւանի պատմական եւ տեսարժան վայրերը եւ դրանց շուրջ հետաքրքիր պատմություններ: Նախագծի հիմնադիրների խոսքերով զբոսաշրջության ոլորտում սա մի նոր հնարավորություն է զբոսաշրջիկի գործը հեշտացնելու, ավելի քաղաքակիրթ ծառայություն մատուցելու: Օրինակ` մեր երկիր այցելած զբոսաշրջիկը հենց հյուրանոցում կարող է վիրտուալ ճամփորդություն կատարել` տեսնելու ինքը որ վայրն է ուզում այցելել: Հիմնադիրների ներկայացմամբ, սա նաեւ հնարավորություն է տալիս ժամանակն ավելի օպտիմալ օգտագործել:
Օրինակ, այցելելով Ռիո դե ժանեյրո, եթե մարդն ունի 3 օր ժամանակ եւ ուզում է հասկանալ` թե որ տեսարժան վայրն այցելի, կարող է 360STORIES-ի միջոցով նախ ծանոթանալ այդ վայրերին եւ ընտրել որ մեկն այցելի:
Կարդացեք նաև
Շուտով այդ հարթակում կհայտնվի նաեւ Արեւմտյան Հայաստանը եւս: Առայժմ նախագծի պատասխանատուները հինգ քաղաք են ներառել` Երեւանը, Ամստերդամը, Ռիո դե ժանեյրոն, Պրահան, Բարսելոնը:
Նախագծի ներկայացմանը ներկա էին նաեւ տուրիզմի ոլորտի ներկայացուցիչներ:
«Եթե ինչ-որ ժամանակ առաջ ու հիմի էլ սոցիալական կայքերում կիսվում ենք մեր հետ տեղի ունեցած պատմություններով, դեպքերով, հիմա այս ամենը տեղափոխվում է վիրտուալ իրականություն եւ մարդը լիարժեք պատկերացում է ունենում` 360 աստիճանով դիտելով այդ վայրերը»,-նշում են նախագծի հիմնադիրները: Ի դեպ, օգտատերերը եւս կարող են իրենց պատմություններով հարստացնել այդ հարթակը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ