Ուկրաինայի Լվով քաղաքում դեկտեմբերի 13-14-ին կայացել է անվանի գիտնական Յարոսլավ Դաշկեւիչի ծննդյան 90-ամյակին նվիրված գիտաժողով, որին մասնակցել են Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը, Հայաստանում Ուկրաինայի առաջին դեսպան Ալեքսանդր Բոժկոն, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդը, հայագետներ Կլոդ Մութաֆյանը և Պատրիկ Դոնաբեդյանը` Ֆրանսիայից, գիտաշխատողների մի մեծ խումբ Հայաստանից՝ պրոֆեսոր Լեւոն Չուգասզյանի գլխավորությամբ, ուկրաինացի հայագետներ Իրինա Գայուկը, Սամվել Ազիզյանը, Կարինե Պիվավարսկայան եւ այլք։ Պարոն Չուգասզյանը ասելիքը ներկայացրել է անգլերենով:
Գիտաժողովի պաշտոնական լեզուներն էին՝ ուկրաիներենը, անգլերենը և հայերենը: Ավելի վաղ նախատեսված էր, որ պաշտոնական լեզուներից մեկը պետք է թուրքերենը լինի: Ըստ Լվովի պետական Համալսարանի ռեկտոր Վլադիմիր Մելնիկի ողջույնի խոսքից հետո, ելույթ են ունեցել Անդրանիկ Մանուկյանը, ապա Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդը, իսկ երբ խոսքը տրվել է Թուրքիայի ներկայացուցչին, վերջինս ինչ-որ ելույթ է ունեցել, որը աղբյուրի փոխանցմամբ, անգամ թարգմանչուհին չի ցանկացել թարգմանել: Թուրքիայի ներկայացուցիչը իր երկու հայրենակիցների հետ ցուցադրաբար լքել է դահլիճը։
Միջադեպին անդրադարձել է նաեւ «Մարմարան»:
«Ապա խօսք տրուեցաւ թրքական պատուիրակութեան, որու անդամները նիութական որոշ ներդրում ունեցած են ու կը ջանան Լվովի գիտական մթնոլորտի մէջ հաստատուիլ: Բայց թուրք պատուիրակները կարծր ելոյթ մը ունեցան ու ըսին, որ կը հրաժարին մասնակցիլ գիժաժողովին (32 մասնակից պիտի գար իրենցմէ), ուր հայ դեսպան, հայ եւ հրեայ հոգեւորականներ ներկայ էին: Թուրք պատուիրակները հրապարակաւ լքեցին դահլիճը, որը տարբեր ազգերու գիտնականներով լեցուն էր »,-գրում է թերթը:
Կարդացեք նաև
Գիտաժողովի մասին մանրամասն` առաջիկայում:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Լուսանկարը` kievao.com.ua-ի