Անկարայում զինված հարձակում են գործել Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի վրա: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով թուրքական NTV հեռուստաալիքը:
Ըստ այդ տեղեկության՝ Կարլովը ծանր վիրավորվել է: Դեպքը տեղի է ունեցել ֆոտոցուցահանդեսի բացմանը:
Ավելի ուշ տեղեկությունը հաստատել են Ռուսաստանի ԱԳՆ-ից: Նախարարությունում նշել են, որ ռուսական կողմը կապ է պահպանում թուրքական գերատեսչությունների հետ:
Կարդացեք նաև
Ավելի ուշ «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով անանուն աղբյուրը, գրում է, որ Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովը ստացած վիրավորումից մահացել է:
Ռուսաստանի ԱԳՆ-ն հաստատել է, որ դեսպանը մահացել է:
Ըստ ականատեսների՝ դեսպանը ելույթ էր ունենում ցուցահանդեսի բացմանը, երբ շենքում կրակոցներ են լսվել:
Թուրքական ԶԼՄ-ները գրում են, որ հարձակվողը չեզոքացվել է:
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է Ռուսաստանի դեսպանի վրա զինված հարձակումը:
«Մենք հաղորդագրություններ ենք տեսել Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի վրա զինված հարձակման մասին: Մենք դատապարտում ենք բռնության այդ գործողությունը, ով էլ որ լինի դրա աղբյուրը»,- «ՌԻԱ Նովոստիին» ասել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
Պատրաստեց՝ ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ