Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյան. «Բացառում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հստակ չպատկերացնի, որ «խաղաղություն այժմ»-ը անհնար է առանց ուժեղ պաշտպանական համակարգի»

Դեկտեմբեր 19,2016 20:50

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն արձագանքելով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է` Հենրիխ Մխիթարյանով հպարտանում ենք, բայց նա միակը չէ, հպարտության առիթներ ու անձեր Հայաստանն էլի ունի:

«Հավասարաչափ հպարտանում ենք եւ հրճվանք ենք ապրում մեր աշխարհահռչակ երաժիշտներից, որոնք գրավում են աշխարհի առաջատար բեմերը` լինի Սերգեյ Խաչատրյանը կամ Նարեկ Հախնազարյանը: Մեր օլիմպիական չեմպիոնից, մեր մեդալակիրներից, շախմատիստներից, որոնք, տարիներ շարունակ, բերում էին Հայաստանին աշխարհի ոսկին կամ գավաթը»,-ասել է Վիգեն Սարգսյանը:

Պաշտպանության նախարարի խոսքերով` առաջին հերթին մենք հպարտանում ենք մեր զինվորով, որը կանգնած է սահմանագծին եւ նրա մեջքին կանգնած մեր հրամանատարով, սպայով. «Որոնք, օր ու գիշեր, իրենց շատ ծանր ծառայությամբ հնարավոր են դարձնում մեր երկրի խաղաղ զարգացումը եւ առաջընթացը»:

Վիգեն Սարգսյանը արձագանքելով ՀՀ առաջին նախագահի` «ազգ-բանակ» գաղափարախոսության վերաբերյալ քննադատությանը, ասաց. «Բացառում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հստակ չպատկերացնի, որ խաղաղություն այժմ անհնար է առանց ուժեղ պաշտպանական համակարգի»:

Ըստ պաշտպանության նախարարի, «ազգ-բանակ» գաղափարախոսությունը պետության ռազմականացման մասին չէ, այն հասարակության եւ զինված ուժերի սերտ համագործակցության մասին է. «Զինված ուժերը հասարակության հետ ավելի սերտորեն կապելու, զինված ուժերի հնարավորությունները հասարակության եւ պետության առաջընթացի համար օգտագործելու գաղափարախոսություն է»:

Պացիֆիզմի մասին խոսելով էլ պաշտպանության նախարարը նկատեց, որ այն տեղ ունի ցանկացած պետության մեջ, այլ հարց է, թե երբ եւ ինչպես. «Արդիական է միայն այն ժամանակ, երբ ուղղված է, որպես քաղաքացիական նախաձեռնություն իր երկրի ղեկավարության ռազմատենչ քաղաքականությունը սանձելու համար: Իսկ մի իրավիճակում, երբ որ երկիրը պետք է պատրաստ լինի իրեն թելադրվող ռազմական ավանտյուրաներին, պացիֆիզմը, կարծում եմ, լավագույն գործընկերը չէ»:

Ինչ վերաբերում է ՀՀ առաջին նախագահի այն մտքին, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ռացիոնալ մտածող պետական գործիչ է, ապա Վիգեն Սարգսյանը ասել է. «Մարդ, որը հայությանը համարում է Ադրբեջանի թշնամի, իսկ Երեւանը պատմական ադրբեջանական տարածք, նրան տալ այդպիսի բնորոշումներ` շեղում է իրականությունից»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031