Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի 4 գյուղերում լարված վիճակ է. գյուղացիները սպասում են վարչապետի պատասխանին. (Տեսանյութ)

Դեկտեմբեր 19,2016 20:45

Դեկտեմբերի 7-ին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ Շիրակի մարզի ամենահամարձակ գյուղապետերից մեկը՝ Վարդան Իկիլիկյանը, հանդես գալով 4 գյուղերի գյուղապետերի անունից, կառավարության ղեկավարին իր մտահոգությունը հայտնեց Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարության մեջ տեղ գտած փոփոխությունների մասին:

Ըստ գյուղապետի, ավտոմայրուղին նախկինում անցնելու էր Գյումրին շրջանցող տարանցիկ ճանապարհներով, որոնք օգտագործելի չեն, իսկ այժմ փոփոխություններ են եղել ու առաջարկություն է ներկայացվել այն անցկացնել Ազատան, Արեւիկ, Ախուրյան, Կամո գյուղերի լավագույն, բերրի հողերի միջով: Վարդան Իկիլիկյանը վարչապետին խնդրեց անպայման անդրադառնալ այս թեմային, քանի որ գյուղատնտեսությունը զգալիորեն տուժում է: Վարչապետը խոստացավ ուսումնասիրել խնդիրը:

Այսօր Aravot.am-ը Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանից հետաքրքրվեց, թե պատասխան եկե՞լ է վարչապետից, եւ եթե հանկարծ որոշվի, որ ճանապարհն անցնելու է գյուղատնտեսական հողերի միջով, ինչքա՞ն վնաս կկրեն գյուղացիները: Վարդան Իկիլիկյանն ասաց, որ վարչապետից դեռ պատասխան չեն ստացել, թեեւ անհամբեր սպասում են նրա արձագանքին: Իսկ վնասներն ահռելի են. կոնկրետ Ազատանը կզրկվի 150-200 հեկտար գյուղատնտեսական հողերից, իսկ սա նշանակում է, որ կտուժվեն 150-200 գյուղացիական տնտեսություններ: Վարդան Իկիլիկյանի փոխանցմամբ, Ախուրյանը մոտ 300 հեկտար հողատարածքից կզրկվի, Արեւիկը՝ 70-80 հեկտարից, եթե ոչ 100 հեկտարից, Կամոն մոտ 50-60:

Ըստ նրա, այս փոփոխությանը դեմ է նաեւ Քեթի գյուղի բնակիչները: Իհարկե, այս ամենը կհանգեցնի մեծ աղմուկի, ապրուստից զրկված գյուղացիները բնականաբար չեն լռի, կսկսեն բողոքի ակցիաներ, նրանց հետ դատական բախումներ կլինեն եւ ալն: Ազատանի գյուղապետի ասելով, արդեն իսկ նկատելի է մեծ լարվածություն Ազատանի բնակիչների մոտ, քանի որ նման նախագծով գյուղացիները զրկվում են հացից:

«Եթե չանդրադառնան այս թեմային, մենք 4 գյուղերի գյուղացիների բողոքը նամակով կփոխանցենք կառավարություն, սա մեծ լարվածություն է ստեղծում սոցիալական այս պայմաններում: Հարթավայր են գտել, ուզում են ճանապարհը հարթավայրով անցկացնել, հեշտ միջոց է: Չեն ուզում լրացուցիչ չարչարանքներ կրելով՝ ճանապարհ սարքել, բայց չեն մտածում գյուղացու մասին »,-ասաց Վարդան Իկիլիկյանը:

Ախուրյանի գյուղապետ Արծրուն Իգիթյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ այս առաջարկի մասին տեղեկացել է մարզպետարանում, երբ Հյուսիս-Հարավ ճանապարհաշինության հերթական քննարկումն էր: Գյուղապետը, լսելով սա, անմիջապես ներկայացրել է իր առարկությունները, իսկ վարչապետի հետ հանդիպմանը չի բարձրաձայնել այս թեման, քանի որ այդ մասին խոսել է Վարդան Իկիլիկյանը: Արծրուն Իգիթյանի ասելով, ի սկզբանե խնդիրը դրված էր այնպես, որ ավտոմայրուղին չպիտի անցնի բնակավայրերով, բացառությամբ Բավրայի, Բավրայով էլ մաքսատուն է մտնելու, դրա համար այլ ելք չկա: Այժմ, ըստ նրա, անհասկանալի է, թե ինչու են մտափոխվել: Գյուղացիները մեծ հույս են կապում վարչապետի հետ, որ նա կկանխի այս անիրատեսական առաջարկը, այլապես ասում են, որ մինչ վերջ կպայքարեն իրենց իրավունքների համար:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ տրանսպորտի ու կապի նախարարության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031