Լրահոս
Օրվա լրահոսը

Արևելյան գործընկերությունը որպես ԵՄ Արևելյան քաղաքականության մաս

Դեկտեմբեր 19,2016 19:45

Անի Եղիազարյան

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա) քաղաքագիտության ինստիտուտի ասպիրանտ-հետազոտող։ 

Հետազոտության մեջ մանրամասն կանդրադառնանք Եվրոպական միության (ԵՄ) Հարևանության քաղաքականության, մասնավորապես՝ Արևելյան գործընկերության (ԱլԳ) գործունեության ընթացակարգին` ցույց տալով դրանից բխող քաղաքական և տնտեսական հետևանքները թե՛ ԵՄ, թե՛ ԱլԳ անդամ երկրների արտաքին քաղաքականության վրա: Վերլուծությունը Եվրոպական հարևանության քաղաքականությունից (ԵՀՔ) սկսելը (2003թ.) ժամանակագրական կարևորություն և իմաստ ունի, քանի որ ԱլԳ-ը սերում է ԵՀՔ-ից և հանդիսանում է ԵՀՔ-ի արևելյան ուղղությունը:

ԵՄ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ (ԵՀՔ)

«Եվրոպական հարևանություն» հասկացությունը սկսեց բյուրեղանալ 2002թ. սկզբին: ԵՀՔ-ն ավելի իրական դառնալու հայտ ներկայացրեց 2003թ. մարտին, ինչը նախորդում էր 2004թ. ԵՄ-ի՝ 10 նոր անդամներով համալրմանը, որը պատմության ընթացքում ԵՄ-ի մեկանգամյա խոշորագույն ընդլայնումն է տարածքային և բնակչության, բայց ոչ ՀՆԱ-ի տեսանկյունից։ Խոսքը Կիպրոսի, Չեխիայի, Էստոնիայի, Հունգարիայի, Լատվիայի, Լիտվայի, Մալթայի, Լեհաստանի, Սլովակիայի ու Սլովենիայի մասին է (ուշագրավ է, որ նրանց մեծ մասը նախկինում Արևելյան բլոկի մասնակիցներ են)։ ԵՀՔ-ն աջակցում է Եվրոպայի հարևան 16 երկրներում քաղաքական և տնտեսական բարեփոխումների անցկացմանը՝ որպես խաղաղության, կայունության և տնտեսական բարգավաճման խթանման միջոց ողջ տարածաշրջանում:

ԵՀՔ-ի ռազմավարական նպատակն է ամրապնդել և հարևան երկրների հետ կիսել ԵՄ-ի՝ դեպի Կենտրոնական ու Արևելյան Եվրոպա ընդլայնման օգուտները՝ բարեկեցություն, կայունություն և անվտանգություն: ԵՀՔ-ը ԵՄ-ի արտաքին քաղաքականության առանցքային մասն է:

Այն ԵՄ-ի ուղղակի հարևաններին կապվում է ցամաքով և ծովով: Դրանք են՝ Ալժիրը, Եգիպտոսը, Լիբիան, Թունիսը, Իսրայելը, Հորդանանը, Մարոկկոն, Պաղեստինը, Լիբանանը, Սիրիան (10 երկրներ ծովով), Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան (6 երկրներ ցամաքով): Չնայած ՌԴ-ը ևս ԵՄ հարևան է, սակայն նրանց հարաբերությունները զարգացել են Ռազմավարական գործընկերության միջոցով (2003թ. մայիս):

ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԾՐԱԳԻՐ (ԱլԳ)

ԱլԳ-ը ԵՄ-ի և Արևելյան Եվրոպայում ու Հարավային Կովկասում նրա գործընկերների համատեղ նախաձեռնությունն է, որը ԵՄ-ի արևելյան հարևաններին մերձեցնում է ԵՄ-ին և ներկայացնում է ԵՀՔ Արևելյան ընդլայնումը։ ԱլԳ-ը կառուցվել է ԵՄ-ի և նրա արևելյան գործընկեր երկրների միջև երկկողմ հարաբերությունների հիման վրա: ԱլԳ-ն աջակցում և խրախուսում է մասնակից երկրներում բարեփոխումների անցկացումը և ներառում է 6 անդամ երկիր՝ Հայաստան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա, Ադրբեջան:

Ինչպես գիտենք, ԱլԳ-ը մեկնարկել է 2009թ. մայիսին Պրահայում կայացած ԵՄ գագաթաժողովի ժամանակ, որի համատեղ հայտարարության մեջ ասվում է. «Պրահայի գագաթաժողովի մասնակիցները համաձայնում են, որ ԱլԳ-ը հիմնվում է միջազգային օրենքների և հիմնարար սկզբունքների վրա՝ ներառելով ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հանդեպ հարգանքը, ինչպես նաև՝ շուկայական տնտեսությունը, կայուն զարգացումն ու արդյունավետ կառավարումըԱլԳ-ը կառուցվում է առկա երկկողմ պայմանագրային հարաբերությունների վրա և լրացնում է դրանց: Այն ձևավորվում է առանց որևէ վնաս հասցնելու առանձին պետությունների ձգտումներին ԵՄ-ի հետ իրենց հետագա հարաբերություններում: Այն կառավարվելու է տարբերակման և պայմանականության սկզբունքների հիման վրա»:[1]

Ինչպես իր «ՀՀ-ԵՄ հարաբերությունների ծավալում և համագործակցության գործիքներ» հոդվածում գրում է Ա. Բայբուրդյանը, Եվրաինտեգրման ներքո մշտապես արդիական խնդիր է եղել «ձգտումը դեպի Եվրոպա» (European aspiration), և այդ ձևակերպումն արտացոլվել է հիմնարար փաստաթղթերում։ Սա ԵՄ-ի ստեղծման ընթացքում ու  եվրաինտեգրման գործընթացներում մեկնաբանվում էր որպես ԵՄ-ին անդամ դառնալու հավակնություն: Երբ մեկնարկեց ԵՀՔ–ը, այդ ձևակերպման մեկնաբանությանը նոր երանգներ տրվեցին՝ առավել զգուշորեն արտահայտված՝ «ձգտում դեպի Եվրոպա՝ ԵՄ-ին տարբեր աստիճանով ինտեգրվելու հավակնությամբ»: ԵՄ-ի ֆիննական նախագահության կողմից (2006թ.) շրջանառության մեջ դրվեց հետևյալ դրույթը. ԵՀՔ-ը չի երաշխավորում ԵՄ-ին անդամակցություն, սակայն նաև չի փակում դուռը, այսինքն՝ չի բացառում անդամակցության հնարավորությունը՝ ելքի պատասխանատվությունն ամբողջությամբ թողնելով  առանձին վերցրած երկրի վրա:[2]

Ինչպես նշվում է «Արևելյան գործընկերություն. հաղորդակցություն Եվրոպական հանձնաժողովից մինչև Եվրոպական խորհրդարան ու խորհուրդ» փաստաթղթում, ԵՄ-ը կենսական հետաքրքրվածություն ունի՝ իր արևելյան սահմաններին տեսնելու կայունություն, ավելի լավ կառավարում և տնտեսական զարգացում. «Միևնույն ժամանակ, մեր բոլոր գործընկերներն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում ձգտում են ամրապնդել հարաբերությունները ԵՄ-ի հետ: Վերջինիս քաղաքականությունը պետք է լինի պրոակտիվ և հստակ. ԵՄ-ը հաստատուն աջակցություն կցուցաբերի իր գործընկերներին և նրանց՝ ԵՄ-ին մոտենալու ջանքերին, ինչպես նաև կտրամադրի անհրաժեշտ աջակցություն դրան հաջորդող բարեփոխումներին՝ ԵՀՔ-ի շրջանակում հատուկ Արևելյան ուղղվածության միջոցով»:[3]

ԱԼԳ-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎՆԵՐԸ

ԱլԳ-ի սկզբնավորման պահից անցկացվել են 4 պաշտոնական գագաթաժողովներ, որոնք տեղի են ունեցել Պրահայում (7 մայիսի, 2009թ.), Վարշավայում (29-30 սեպտեմբերի, 2011թ.), Վիլնյուսում (28-29 նոյեմբերի, 2013թ.) և Ռիգայում (21-22 մայիսի, 2015թ.): Պրահայի գագաթաժողովի ժամանակ մասնակիցներն ակնկալում էին իրենց հարաբերությունները բերել մի նոր հարթություն՝ հիմնելով ԱլԳ-ը և ընդունելով Համատեղ հռչակագիր: Նրանք համաձայնվեցին, որ ԱլԳ-ը պետք է հիմնվի միջազգային իրավունքի և հիմնարար արժեքների սկզբունքների վրա, ներառյալ՝ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ, ինչպես նաև՝ շուկայական տնտեսությունը, կայուն զարգացումը և լավ կառավարումը: ԱլԳ-ը պետք է զարգանար ԵՄ և երրորդ երկրների երկկողմ համագործակցությանը զուգահեռ:[4]

Ուշագրավ է, որ «Արևելյան գործընկերություն» ծրագիրը կյանքի է կոչվել ռուս-վրացական պատերազմից հետո (2008թ.) ԵՀՔ-ի զարգացումը և հետխորհրդային տիրույթում ԵՄ-ի էլ ավելի լայն ներգրավվածությունն ապահովելու համար: Նույն տարում ԱլԳ-ի իրական նպատակների ձևավորման վերաբերյալ մի շարք գնահատականներ տրվեցին ՌԴ-ում:

2011թ. Վարշավայի գագաթաժողովի մասնակիցներն վերահաստատեցին որոշ մասնակիցների ձգտումը դեպի Եվրոպա և եվրոպական ընտրությունը, ինչպես նաև իրենց՝ խորը և կայուն ժողովրդավարություն կառուցելու  հանձնառությունը: Նրանք ընդգծեցին ԱլԳ-ի առանձնահատուկ դերն աջակցելու նրանց, ովքեր ձգտում են էլ ավելի սերտ հարաբերություններ հաստատել ԵՄ-ի հետ: Ընդգծվեց նաև, որ ԵՄ-ի և Արևելյան Եվրոպայում ու Հարավային Կովկասում նրա գործընկերների միջև առկա է ավելի մեծ առևտրային և տնտեսական հաղորդակցություն, քան նախկինում: Նշվեց, որ հաշվի առնելով ԵՄ-ի և ԱլԳ-ի գծով նրա գործընկերների մեծ մասի ներգրավվածությունն Ասոցացման համաձայնագրերի (ԱՀ) շուրջ բանակցություններում՝ համապատասխան պայմանները բավարարելու դեպքում ԱՀ-ն կհանգեցնի նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) ստեղծմանը: Միաժամանակ նշվեց, որ կողմերը ներգրավված են վիզային ռեժիմի ազատականացման զարգացման գործընթացում։[5]

2011թ. դրությամբ ազատ վիզային ռեժիմի շուրջ երկխոսությունն արդեն իսկ մեկնարկել էր Ուկրաինայի և Մոլդովայի հետ։ ԵՄ-Ուկրաինա վիզային ռեժիմի ազատականացման երկխոսությունը մեկնարկել է 2008թ. հոկտեմբերի 29-ին, և վիզայի ազատականացման համար սահմանված գործողությունների ծրագիրը (ՎԱԳԾ) Ուկրաինային ներկայացվել է 2010թ. նոյեմբերի 22-ին, իսկ ԵՄ-Մոլդովա վիզայի ազատականացման երկխոսությունը մեկնարկել է 2010թ. հունիսի 15-ին, և ՎԱԳԾ-ը Մոլդովային ներկայացվել է 2011թ. հունվարին։
Նշենք, որ ԵՄ-ի և Ուկրաինայի միջև Վիզաների դյուրացման և հետընդունման վերաբերյալ համաձայնագրերն ուժի մեջ էին մտել 2007թ. հունիսին (իսկ Վիզաների դյուրացման համաձայնագրի լրամշակված տարբերակն ուժի մեջ է մտել 2013թ. հուլիսին)։ Ինչ վերաբերում է Մոլդովային, ապա ԵՄ-ն ու Մոլդովան 2008թ. հունիսին ստորագրել են Տեղաշարժի գործընկերությունը, իսկ ԵՄ-Մոլդովա Վիզաների դյուրացման և հետընդունման վերաբերյալ համաձայնագրերն ուժի մեջ են մտել 2007թ. հոկտեմբերին (Վիզաների դյուրացման համաձայնագրի լրամշակված տարբերակն ուժի մեջ է մտել 2013թ. հուլիսին):[6]

2011թ. Վիզայի դյուրացման և հետընդունման համաձայնագրեր են կնքվել Վրաստանի հետ. նման համաձայնագրեր նախատեսվում էր կնքել նաև Հայաստանի, Բելառուսի և Ադրբեջանի հետ:

Այս ամենից հետևում է, որ ԱլԳ առաջատար երկրներն Ուկրաինան և Մոլդովան են։ Պետք է նշել, որ ԱլԳ-ի և, ընդհանրապես, Եվրոպայում տարածքով ամենամեծ երկիր Ուկրաինան ամենակարևոր երկիրն է թե՛ ՌԴ-ի և թե՛ ԵՄ համար և գտնվում է նրանց արանքում։ Հենց Ուկրաինան առաջինը նախաստորագրեց ԱՀ-ը ԵՄ-ի հետ։ Ի դեպ, դա տեղի ունեցավ 2012թ.՝ Ուկրաինայի չորրորդ նախագահ Վիկտոր Յանուկովիչի նախագահության ժամանակ (նա Ուկրաինայի նախագահ էր դարձել 2010թ.): Սա շատ կարևոր հանգամանք է հետագայում ուկրաինական հայտնի դեպքերը մեկնաբանելու տեսանկյունից (երբ Յանուկովիչը մեղադրվեց ռուսամետ դիրքորոշում ունենալու համար)։ Գալով Մոլդովային՝ նկատենք, որ այն մշտապես դիտարկվել է որպես Եվրոպային աշխարհագրորեն մոտ կանգնած երկիր։ Անդրադառնալով ԱլԳ մյուս անդամներին՝ հարկ է նշել, որ 2008թ. oգոստոսյան պատերազմը զգալիորեն կապված էր Վրաստանի՝ եվրոպական ինտեգրման ձգտումների հետ։ Ըստ ամենայնի, այն պետք է դաս լիներ ԱլԳ անդամ մյուս երկրների համար՝ ի ցույց դնելով ՌԴ-ի վճռականությունը։ Բելառուսի պարագայում հայտնի է, որ նա բավականին մոտ է կանգնած ՌԴ-ին և նրա հետ ստեղծել է միասնական պետություն (համապատասխան պայմանագիրն ուժի մեջ էր մտել դեռևս 2000թ. հունվարի 26-ին): Ադրբեջանը վերջին տարիներին չեզոք դիրքորոշում է որդեգրել՝ շարունակ հայտարարելով, որ դեմ է ցանկացած տիպի դաշինքներին միանալուն։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ՀՀ-ում ՌԴ-ն ունի բավականին  մեծ ազդեցություն, ռազմական ներկայություն, որը զսպիչ գործոն է ՀՀ եվրաինտեգրման ճանապարհին։

ԱլԳ երրորդ գագաթաժողովը տեղի ունեցավ 2013թ. նոյեմբերի 29-30-ին Վիլնյուսում, որի մասնակիցները վերահաստատեցին իրենց հանձնառությունն ԱլԳ առաջնորդող սկզբունքների ամբողջական իրականացմանը: Նրանք վերագնահատեցին Վարշավայի գագաթաժողովից հետո ԱլԳ անդամ երկրների գրանցած զգալի առաջընթացը, ինչը նրանց մերձեցնում էր ԵՄ-ին։ Գագաթաժողովի մասնակիցները կարևորեցին քաղաքական, տնտեսական և սոցիալական բարեփոխումների շուրջ ձեռքբերված հանձնառությունների իրականացումը[7]: Վիլնյուսի գագաթաժողովում էական արդյունքներ գրանցվեցին։ Վրաստանը և Մոլդովան նախաստորագրեցին ԱՀ-ը, մինչդեռ Ուկրաինան, որը պետք է արդեն ստորագրեր ԱՀ-ը, չստորագրեց այն: Գագաթաժողովից մեկ շաբաթ առաջ Ուկրաինայի կառավարությունը դադարեցրեց ԱՀ-ի ստորագրման նախապատրաստական գործընթացը: Պատճառները մի քանիսն էին, որոնք մանրամասն ներկայացրել ենք աշխատանքի «Ամփոփման» մեջ։

Վիլնյուսի գագաթաժողովի ժամանակ Ադրբեջանը և ԵՄ-ը ստորագրեցին Վիզայի դյուրացման համաձայնագիր, որը նախաստորագրել էին 2013թ. հուլիսին (այն ուժի մեջ մտավ 2014թ. սեպտեմբերի 1-ին՝ հետընդունման համաձայնագրի հետ միասին)։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա 3.5 տարվա բանակցային գործընթացը հաջող անցնելուց հետո այդպես էլ չնախաստորագրեց ԱՀ-ը: Սա կապված էր 2013թ. սեպտեմբերի 3-ի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարության հետ, համաձայն որի՝ Հայաստանը միանում է Մաքսային միությանը:

ԵՄ-ի և ՌԴ-ի տեսանկյունից Վիլնյուսի գագաթաժողովի արդյունքները մեկնաբանելիս կնկատենք, որ տվյալ պահի դրությամբ ի հայտ եկան երկու խմբեր: Առաջին խմբի երեք երկրները նախաստորագրել էին ԱՀ-ը (Մոլդովա, Ուկրաինա, Վրաստան), իսկ մյուս խմբի երեքը (Հայաստան, Բելառուս, Ադրբեջան)՝ ոչ: Փաստորեն, ՌԴ-ն այստեղ ձախողեց երկու կարևոր գործողություն: Խոսքը Հայաստանի կողմից ԱՀ-ը չնախաստորագրելու և Ուկրաինայի կողմից ԱՀ-ը չստորագրելու մասին է: Կարելի է համարել, որ ԵՄ-ի ու ՌԴ-ի միջև հաշիվը 2:2 էր՝ կապված նրա հետ, որ Վիլնյուսի գագաթաժողովում Մոլդովան ու Վրաստանը նախաստորագրեցին ԱՀ-ը, մինչդեռ Հայաստանը չնախաստորագրեց, Ուկրաինան էլ չստորագրեց այն: Սակայն հարկ է նշել, որ  այս իրավիճակը բնորոշ էր միայն 2013թ., քանի որ Մայդանի հայտնի դեպքերից  հետո՝ 2014թ., Ուկրաինան ստորագրեց ԱՀ-ը (նախ՝ քաղաքական մասը, ապա նաև՝ տնտեսական մասը):

Եվ, վերջապես, ԱլԳ վերջին գագաթաժողովն անցկացվեց 2015թ. Ռիգայում։ Դրա մասնակիցները վերահաստատեցին այն մեծ կարևորությունը, որը նրանք տալիս են ԱլԳ-ին՝ որպես ԵՀՔ-ի առանձնահատուկ ուղղություն: Նրանք վերահաստատեցին այս ռազմավարական և հավակնոտ Գործընկերության ընդհանուր տեսակետը՝ հիմնված փոխադարձ շահերի ու հանձնառությունների վրա և ուղղված ԱլԳ երկրներում կայուն բարեփոխումների գործընթացներին աջակցելուն: Գագաթաժողովի մասնակիցները հանձնառություն ստանձնեցին ամրապնդելու ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ինչպես նաև միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը, որոնք ընկած են եղել Գործընկերության հիմքում, քանի որ այն մեկնարկել է որպես ԵՄ անդամ երկրների և ԱլԳ երկրների ընդհանուր նախաձեռնություն:

Գագաթաժողովի մասնակիցները վերահաստատեցին ԵՀՔ և ԱլԳ շրջանակում յուրաքանչյուր գործընկերոջ հավակնությունների աստիճանն ու նպատակները, ազատ ընտրություն կատարելու ինքնիշխանության իրավունքը, ինչին տվյալ գործընկեր երկիրը ձգտում է ԵՄ-ի հետ հարաբերություններում: Ընդգծվեց, որ ԵՄ-ը և նրա ինքնիշխան գործընկերները պետք է որոշեն, թե ինչպես են ցանկանում զարգացնել միմյանց միջև հարաբերությունները: Սա, բնականաբար, հստակ ուղերձ էր ՌԴ-ին, որն իր վարքագծով ցույց էր տալիս, որ մերժում է ԱլԳ անդամ երկրների կողմից ինքնիշխան որոշումներ կայացնելու իրավունքը։ Նշվեց նաև, որ ԵՄ-ը հավատարիմ է մնում իր բոլոր գործընկերների տարածքային ամբողջականության, անկախության և ինքնիշխանության աջակցման առաքելությանը:[8] Հաղորդվեց նաև, որ Ռիգայի գագաթաժողովի մասնակիցներն անհամբերությամբ սպասում են հաջորդ գագաթաժողովին, որը կկայանա 2017թ. վերջին, և որը կգնահատի Գործընկերության գրանցած արդյունքներն ու կուրվագծի հետագա ուղին:

Ամփոփելով ԱլԳ վերջին գագաթաժողովը՝ կարող ենք նկատել, որ գագաթաժողովի արդյունքներով լուրջ փոփոխություններ չգրանցվեցին, իրավիճակն էականորեն չփոխվեց, և հետխորհրդային վեց երկրները շարունակեցին ԵՄ-ի հետ ունենալ տարբեր մակարդակի հարաբերություններ և գործակցություն։

Ներկայումս ԵՄ-ը տարբերակված մոտեցում է ցուցաբերում ԱլԳ անդամ երկրների հանդեպ: Դա պայմանավորված է նրանով, որ ԱլԳ անդամ երկրների առաջին խումբը (Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան) ստորագրել է ԱՀ-ը՝ ներառյալ ԽՀԱԱԳ-ի ստեղծումը, մինչդեռ երկրորդ խումբը (Հայաստան, Բելառուս, Ադրբեջան) չի ստորագրել։ Այս առումով ԵՄ-ի ու ՌԴ-ի միջև հաշիվը 3:3 է: Չնայած այս հավասար հաշվին՝ կարելի է նկատել, որ ԵՄ-ն առավելություն ունի՝ կապված մի քանի կարևոր գործոնների հետ: Նախևառաջ, առաջին խմբում ընդգրկվեց Ուկրաինան, որը, ինչպես արդեն նշվել է, ԱլԳ անդամ խոշորագույն և կարևորագույն երկիրն է (չնայած Ղրիմի ու Դոնբասի հայտնի դեպքերին)։ Եվ երկրորդ՝ քիչ հավանական է, որ ԱլԳ-ն առաջ քաշելիս ԵՄ-ը մեծ հույսեր է կապել երկրորդ խմբի երկրների հետ, որոնց վրա ՌԴ-ն ունի բավականին մեծ ազդեցություն։ Բացի այդ երկրորդ խմբի երկրներում (Հայաստանում ավելի քիչ, քան Ադրբեջանում և Բելառուսում) գործում են (ավելի) ավտորիտար համակարգեր՝ համեմատած առաջին խմբի երկրների հետ, ինչը որոշակի խոչընդոտ է ԵՄ-ին ինտեգրվելու ճանապարհին:

Եվ քանի որ ԵՄ-ն ԱլԳ-ի մասով «գրոհում էր» մի քանի ճակատով (երկրով), ուստի և ՌԴ-ի հնարավորություններն ու ներուժը չբավարարեցին, որպեսզի այդ գրոհը կասեցվի բոլոր ճակատներում, և ՌԴ-ի «պաշտպանական գիծը» մի քանի տեղից ճեղքվեց։ Այստեղ պետք է մեջբերել 2014թ. հոկտեմբերին «Վալդայ» ակումբի անդամների հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վ. Պուտինի արած հայտարարությունը։ Խոսելով ազգային շահերի պաշտպանության մասին՝ Պուտինը հայտարարել էր, որ արջն իր տայգան չի հանձնի ոչ ոքի. «Ընդհանրապես նա (արջը) մեզ մոտ համարվում է տայգայի տեր, և ես հաստատապես գիտեմ, որ նա չի պատրաստվում տեղափոխվել կլիմայական որևէ այլ գոտի, այնտեղ հարմարավետ չէ նրան։ Կարծում ենք՝ հասկանալի պետք է լինի, որ նա իր տայգան չի հանձնի ոչ ոքի»։[9] Պուտինն այսպիսով ակնարկում է, որ արջն ինքն է, իսկ տայգան՝ հետխորհրդային տիրույթը, ուր միայն նա պետք է որս անի։

Չնայած այս իրավիճակին՝ երկու կողմերն էլ՝ ԵՄ-ը և ՌԴ-ը, շարունակում են քայլեր ձեռնարկել ԱլԳ անդամ երկրներին իրենց մերձեցնելու ուղղությամբ:

Ի հավելումն պաշտոնական գագաթաժողովների՝ ԱլԳ շրջանակներում նաև կայացել են մի շարք ոչ պաշտոնական գագաթաժողովներ, որոնք առանձնակի նշանակություն և կշիռ ունեն ԱլԳ-ի համար: 2014թ. հունիսի 2-ին Բրյուսելում կայացած Եվրոպական խորհրդի հանդիպման շրջանակներում Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան ստորագրեցին ԵՄ-ի հետ ԱՀ-ը: Եթե ԵՄ-Ուկրաինա ԱՀ-ը ստորագրվեց տնտեսական մասով, քանի որ քաղաքական մասը ստորագրվել էր նույն թվականի մարտի 21-ին՝ Բրյուսելում կայացած ԵՄ գագաթաժողովի ժամանակ (ի դեպ, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պաշտոնանկ էր արվել դրանից մոտ մեկ ամիս առաջ՝ փետրվարին), ապա Վրաստանը և Մոլդովան այս համաձայնագիրը ստորագրեցին ամբողջությամբ, որը նախաստորագրել էին 2013թ. նոյեմբերին Վիլնյուսում: Սա նույնպես վկայում է, որ ԱլԳ առաջատարներն են Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը: Եվ, եթե նախկինում առաջին տեղում Ուկրաինան էր (առաջինն էր նախաստորագրել ԱՀ-ը), ներկայումս ԱՀ-ի մասով Մոլդովան և Վրաստանը հավասարվեցին նրան (ավելին՝ Մոլդովայի ու Վրաստանի պարագայում ԱՀ-ի նախաստորագրման ու ստորագրման ժամանակային միջակայքը ավելի փոքր ստացվեց Ուկրաինայի հետ համեմատած):

2014թ. սեպտեմբերի 1-ից Վիզայի դյուրացման համաձայնագիրն ուժի մեջ մտավ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև: Միևնույն կերպ ուժի մեջ մտավ նաև Հետընդունման մասին համաձայնագիրը, որով Ադրբեջանը պարտավորվեց հետ ընդունել իր այն բոլոր քաղաքացիներին, որոնք ապօրինի կերպով բնակվում են ԵՄ երկրներում, և ովքեր կարտաքսվեն այնտեղից:

Ինչ վերաբերում է ԵՄ-ի և Ուկրաինայի միջև ազատ առևտրի ռեժիմի գործարկմանը, ապա այն պետք է ուժի մեջ մտներ դեռևս 2015թ. հունվարի մեկից սկսած, սակայն ՌԴ-ի մտահոգությունները ցրելու, որոշ հարցեր պարզաբանելու նպատակով այն հետաձգվեց մինչև 2016թ. հունվարի 1-ը: Սա կարելի է որակել ռուսական կողմի հաջողություն, քանի որ ՌԴ-ն էր նախաձեռնել հետաձգումը։ Ամեն դեպքում ԵՄ-ը մինչև Ուկրաինայի հետ ազատ առևտրի ռեժիմի գործարկումը առևտրային արտոնություններ սահմանեց այդ երկրի համար։ 2015թ. ՌԴ-ն փորձեց կրկնել այս հաջողությունը և նորից մեկ տարով հետաձգել ԵՄ-ի և Ուկրաինայի միջև ազատ առևտրի ռեժիմի գործարկումը, սակայն անհաջողության մատնվեց։ Նման պայմաններում ՌԴ-ը սպառնաց Ուկրաինայի դեմ տնտեսական բեռնարգելք սահմանել 2016թ. հունվարի 1-ից, երբ պետք է ուժի մեջ մտներ ԵՄ-ի և Ուկրաինայի միջև ազատ առևտուրը։ Եվ, երբ Ուկրաինան անտեսեց ՌԴ-ի սպառնալիքը, վերջինս կատարեց իր խոստումը, և 2016թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտավ Ուկրաինայի դեմ սահմանված տնտեսական բեռնարգելքը, որը շարունակվում է մինչև այժմ։

 

ԵՄ-Ի ԿՈՂՄԻՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՄԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐՆ ԱլԳ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

ԵՄ-ի մի շարք քայլեր կարող են անհամաչափության տպավորություն ստեղծել ԱլԳ անդամ երկրներում: Օրինակ, նման տպավորություն կարող է առաջանալ նրանից, որ ԵՄ-ը Մոլդովայի համար վիզային ռեժիմը վերացրել է 2014թ. ապրիլից, մինչդեռ ԵՄ-ն Ուկրաինայի և Վրաստանի 50 միլիոն քաղաքացիների համար (Ուկրաինայի 45 միլիոն և Վրաստանի 5 միլիոն բնակիչների համար) վիզային ռեժիմը վերացնելու է մոտ ժամանակներս, երբ դա կհաստատվի Եվրոպական խորհրդարանի ու ԵՄ-ի Խորհրդի կողմից։ Եվրոպական հանձնաժողովն այս երկու երկրի համար վիզային ռեժիմի հաստատմանը կողմ է արտահայտվել դեռևս 2015թ. դեկտեմբերին (երեք երկրներն էլ ԱՀ-ի հարցում հավասար դիրքում են՝ ստորագրել են ԱՀ-ը միևնույն ժամանակ)[10]։

Սակայն նման հարցերում ԵՄ-ը սովորաբար յուրաքանչյուր երկրի համար կիրառում է անհատական մոտեցում՝ հաշվի առնելով տվյալ երկրի կարևորությունն իր համար և տվյալ երկրին բնորոշ առանձնահատկությունները։ Օրինակ, Եվրոպական խորհրդարանի զեկուցող Անդրեյս Մամիկինսը 2015թ. նոյեմբերին հայտարարեց, որ Մոլդովայի՝ Վրաստանից առաջ ազատ մուտքի արտոնագրի ռեժիմ ստանալու պատճառը ռումինական լոբբիի բավականին ուժեղ ազդեցությունն է, և այն փաստը, որ Մոլդովայի համարյա մեկ միլիոն քաղաքացիներ ունեն Ռումինիայի քաղաքացիություն և, հետևաբար, նրանց արդեն թույլատրվում է ազատ ճանապարհորդել ԵՄ տարածքով։[11] Բացի այդ վիզային ռեժիմի հարցում ԵՄ-ի ու Մոլդովայի միջև բանակցությունները սկսվել են շատ ավելի վաղ՝ Վրաստանի համեմատությամբ։ Նմանատիպ դեպքերի պատճառների թվում են նաև ԱլԳ մասնակից երկրներում տիրող անկայուն վիճակը, ԱլԳ անդամ այս կամ այն երկրի պարագայում ՌԴ-ի ճնշումների ու հակազդեցության աստիճանը, ԱլԳ անդամ երկրների կողմից վիզային ռեժիմի ազատականացման համար անհրաժեշտ օրենքների ընդունման արագությունը և այլն։ 2015թ. մայիսի սկզբին Եվրոպական հանձնաժողովը վիզայի ազատականացման վերաբերյալ զեկույց հրապարակեց, որտեղ նշվում էր, որ թե՛ Վրաստանը, թե՛ Ուկրաինան պետք է ավելի շատ ջանքեր կիրառեն կոռուպցիայի և թրաֆիքինգի դեմ պայքարում: Զեկույցում Վրաստանին կոչ էր արվում առաջընթաց գրանցել թմրանյութերի վաճառքի դեմ պայքարում, ինչպես նաև Ուկրաինային հորդորում էին ուժեղացնել կազմակերպված հանցագործություն և խտրականություն ենթադրող օրենքների դեմ պայքարը:[12]

Այստեղ հարկ է նշել, որ «Թրանսփարենսի ինթերնեյշընըլ» ընկերության «Կոռուպցիայի ընկալման ինդեքս 2014թ.» զեկույցում, որին մասնակցել են 175 երկրներ, 35 միավորով Մոլդովան 103-րդ հորիզոնականը կիսում է Բոլիվիայի, Մեքսիկայի, Նիգերի հետ, մինչդեռ Վրաստանը 52 միավորով զբաղեցնում է 50-րդ տեղը՝ կիսելով այն Մալայզիայի և Սամոայի հետ (Ուկրաինան 142-րդ տեղը կիսում է Ուգանդայի և Կոմորյան կղզիների հետ):[13] Վրաստանին ուղղված մարդկային թրաֆիքինգի դեմ պայքարի ակտիվացման կոչի հետ կապված՝ ԱՄՆ պետդեպարտամենտի հրապարակած «Մարդկային թրաֆիքինգի մասին» տարեկան զեկույցում (2015թ. հուլիս) տեսնում ենք, որ Վրաստանը և Մոլդովան երկրորդ մակարդակում ներառված երկրների շարքում են, ավելին, եթե Մոլդովայի կառավարությունը ճանաչել է 264 մարդկային թրաֆիքինգի զոհերի, ապա Վրաստանի կառավարությունը ճանաչել է միայն 17 մարդու:[14] Այս ամենն ի ցույց է դնում, որ Վրաստանի ցուցանիշները շատ ավելի լավն են՝ համեմատած, ասենք, Մոլդովայի հետ։ Այստեղ հարկ է նշել մեկ այլ լուրջ պատճառ, թե ինչու է ԵՄ-ը ձգձգում Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացումը: Խնդիրն այն է, որ վրացիները ԵՄ երկրներում առանձնանում են հատկապես բնակարանների գողությամբ և այլ տեսակի հանցագործություններով, ինչի համար էլ ԵՄ-ի տարբեր երկրներից արտաքսվել են Վրաստանի հարյուրավոր քաղաքացիներ։ ԵՄ-ը և հատկապես Գերմանիան մտահոգ էին, որ ազատ վիզային ռեժիմի կիրառմամբ այդօրինակ դեպքերը կշատանան: Սա ևս մեկ անգամ վկայում է, որ ԵՄ-ը նման հարցերում անհատական դիրքորոշում է ցուցաբերում ԱլԳ երկրների նկատմամբ։ Բացի այդ կարծում ենք, որ ԱլԳ երկրների նկատմամբ ԵՄ-ի ոչ համաչափ վերաբերմունքը նաև կապված է այն տարածաշրջանների հետ, որոնցում գտնվում են տվյալ երկրները, և ԵՄ-ը տարբերակել է շահերը յուրաքանչյուր երկրում՝ կախված նաև նրա տարածաշրջանային դիրքից:

ԱՄՓՈՓՈՒՄ

Այստեղ առանձին-առանձին կանդրադառնանք ԱլԳ անդամ երկրներին՝ դիտարկելով նրանց կողմնորոշումներն ԱլԳ-ի շրջանակներում։ Ինչպես վերևում արդեն նշել ենք, Մոլդովան առայժմ ԱլԳ անդամ միակ երկիրն է, որը և՛ ստորագրել է ԱՀ-ն ԵՄ-ի հետ (2014թ. հունիս), և՛ նրա հետ ունի ազատ վիզային ռեժիմ (ուժի մեջ է մտել 2014թ. ապրիլի 28-ից)՝ չնայած այն փաստին, որ այս երկիրն ունի տարածքային կոնֆլիկտ (Մերձդնեստր)։ Իհարկե, այս համատեքստում Մոլդովան ևս չի մնացել առանց ՌԴ-ի պատասխանի, սակայն դա անկարող եղավ կանխել ԵՄ-ի հետ նրա մերձեցումը (օրինակ՝ ՌԴ-ն սահմանափակել էր մոլդովական գինու արտահանումը, ինչի համար Եվրոպայում կոչեր էին հնչեցնում՝ գնել մոլդովական գինի, խնդիրների էին բախվել ՌԴ-ում աշխատող Մոլդովայի քաղաքացիները և այլն)։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, որին շատերը դիտարկում են որպես արևելյան կողմնորոշում ունեցող երկիր, պետք է նշել, որ իրականում նա չունի ոչ՛ արևելյան,  ոչ՛ արևմտյան հստակ ուղղվածություն: Ադրբեջանը շարունակ հայտարարում է, որ չի ձգտում ո՛չ ԵՄ-ին, ո՛չ էլ ԵԱՏՄ-ին անդամակցելուն: Վերջինիս նման վարքագիծը երկիրը դարձնում է չեզոք ԱլԳ 6 անդամ երկրների շարքում: Ավելին, Ադրբեջանը ցանկանում է ԵՄ-ի հետ ստորագրել ռազմավարական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր և տարբերվել մյուս երկրներից՝ իր կարևորությունն ընդգծելով Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործընթացում: Մեր կարծիքով՝ Ադրբեջանը չի ցանկանում ԵՄ-ի հետ հարաբերություններում գտնվել նույն մակարդակում, ինչ Հայաստանը՝ իրեն դիտարկելով որպես ԵՄ-ի համար ավելի կարևոր:

Բելառուսն այն երկիրն է, որը կարևորել է արևելյան (ռուսական) կողմնորոշումը: Մի շարք կարևոր գործոններ զգալի դեր ունեն երկրի դիրքորոշման հարցում: Այսպես, Բելառուսը հանդիսանում է ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ: Ավելին, Բելառուսը և ՌԴ-ը համաձայնագիր են ստորագրել Ռուսաստան-Բելառուս միասնական պետություն ստեղծելու վերաբերյալ:[15]

Ուկրաինայի հետ կապված՝ հարկ է նշել, որ ամենաաղմկահարույց իրադարձությունները տեղի են ունեցել հենց այս երկրում, որը 2013թ. նոյեմբերին Վիլնյուսում հրաժարվեց ստորագրել ԱՀ-ը: Վիկտոր Յանուկովիչը հրաժարվեց ԱՀ-ը ստորագրելուց՝ փոխարենը նախընտրելով ռուսական ֆինանսական օգնությունը վարկի տեսքով, ինչպես նաև ՌԴ-ից գազային խոշոր զեղչ ստանալը: Սա հանգեցրեց հասարակության շրջանում բողոքի ցույցերի և Կիևի ազատության հրապարակի գրավմանը, որը երիտասարդ եվրոպամետ ուկրաինացիների կողմից անվանվեց «Եվրոմայդան»: Վարչապետ Ն. Ազարովն իր հերթին որպես Ուկրաինայի կողմից ԱՀ-ը ստորագրելուց հրաժարվելու պատճառ շեշտեց Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից տրամադրվող 15 միլիարդ դոլար վարկի համար առաջադրված բավականին կոշտ պայմանները:[16]

Նկատենք, որ Վիլնյուսի գագաթաժողովից առաջ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև իրականացվել էին բարձր մակարդակի մի շարք փոխադարձ այցեր, և ինչպես արդեն նշեցինք, ՌԴ-ը խոստացել էր Ուկրաինայի իշխանություններին տրամադրել 15 միլիարդ դոլարի վարկ՝ նրանց տնտեսական խնդիրները լուծելու նպատակով: Նախ տրամադրվեց առաջին տրանշը՝ 3 միլիարդ դոլար, որը Մայդանի իրադարձություններից հետո Ուկրաինայի նոր իշխանությունները հրաժարվեցին վերադարձնել՝ հայտարարելով, որ ՌԴ-ը դա որպես քաղաքական կաշառք է տվել Ուկրաինայի նախկին կառավարությանը՝ Վիլնյուսում ԱՀ-ը չստորագրելու համար (ՌԴ-ի կողմից վարկի առաջին խմբաքանակի հետպահանջը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ՌԴ-ի տնտեսական վիճակը վատթարացավ նավթի համաշխարհային գների անկման և Արևմուտքի կիրառած պատժամիջոցների հետևանքով, ինչպես նաև Ուկրաինայում նոր իշխանությունների հայտնվելուց հետո): Բացի այդ ՌԴ-ը Վիլնյուսի գագաթաժողովից առաջ իջեցրեց Ուկրաինային տրամադրվող գազի սակագները (268.5 դոլար 1000մ3-ի դիմաց): ՌԴ-ին մտահոգում էր Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությունը, և երբ Ղրիմը բռնակցվեց ՌԴ-ին, նախագահ Վ. Պուտինն ասաց, որ իրենք ոչ մի կերպ չէին կարող թույլ տալ, որ ՆԱՏՕ-ն զորքեր տեղակայեր Ղրիմում։

Կարելի է ենթադրել, որ ՌԴ-ն Ուկրաինայի իշխանություններին զգուշացրել էր սպասվելիք քաղաքական, տնտեսական և անվտանգության հետևանքների մասին, եթե վերջինս ստորագրի ԱՀ-ն և շարունակի իր ուղին դեպի Արևմուտք։ Սակայն ուկրաինական հասարակությունը կա՛մ չընկրկեց անգամ այդ հետևանքների սպառնալիքի պարագայում, կա՛մ նախագահ Յանուկովիչն Ուկրաինայի ժողովրդին չէր ներկայացրել այն հնարավոր ռիսկերն ու վտանգները, որոնք կլինեին ԱՀ-ի ստորագրման դեպքում։

Ուկրաինայի կողմից ԱՀ-ի ստորագրումը, ուղեկցված Ռուսաստանի նախաձեռնած հակաքայլերով,  դրսևորվեց հետևյալ հետևանքներով.

  • Ուկրաինան առնվազն անորոշ ժամանակով կորցրեց Ղրիմը և Դոնբասի մի մասը (որոշ հաշվարկներով՝ 45.000 քառակուսի կիլոմետր, ուր բնակվում էր 6 միլիոն մարդ),
  • 2016թ. հունվարի 1-ից ՌԴ-ն ուկրաինական ապրանքների ներկրման բեռնարգելք դրեց,
  • Ուկրաինան ստացավ քայքայված տնտեսություն. կորցրեց արդյունաբերության զգալի մասը, զրկվեց ռուսական գազի սակագնի զեղչից, ռազմական գործողությունների հետևանքով ավերվեցին ենթակառուցվածքներ,
  • Ուկրաինան փորձեց իր գազային պահանջարկն ապահովել ԵՄ-ից գազի ռևերսային մատակարարումներով, որն իրականում նույն ռուսական գազն էր՝ Հյուսիսային հոսք գազատարով հասցված Եվրոպա, սակայն անգամ այդ ծավալը չբավարարեց, և Ուկրաինայում ընդունեցին, որ առանց ռուսական գազի ուղիղ մատակարարումների անհնար է հատկապես ձմռանը բավարարել երկրի գազային պահանջարկը։ Եվ դա այն դեպքում, երբ Ուկրաինայում կան ստորգետնյա խոշոր գազապաստարաններ։
  • ՌԴ-ում փակվեցին ուկրաինական մի շարք ձեռնարկություններ, իսկ Ուկրաինայի քաղաքացիներն էլ բախվեցին գործազրկության խնդրի հետ։
  • Ուկրաինան հայտնվեց ռուսական գազը Եվրոպա փոխադրելու գործընթացում տարանցիկ դերի կարգավիճակից զրկվելու ռիսկի տակ,
  • Երկիրը լիարժեք ֆինանսական կախվածության մեջ հայտնվեց Արևմուտքից,
  • Մյուս կողմից, Եվրոպայում նշեցին, որ նրանք կողմ չեն Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը, ինչը բավականին մեծ հիասթափություն առաջացրեց Ուկրաինայում,
  • ԵՄ-ի և Ուկրաինայի միջև մեկ տարի ուշացումով սահմանվեց ազատ առևտրի ռեժիմը,
  • Տեղի ունեցավ Սևաստոպոլի ծովային տարածքում գտնվող ռազմաբազայի վճարից զրկում, Խարկովի համաձայնագրի չեղարկում, որով նաև նախատեսվում էր Ուկրաինային տրամադրվող գազի սակագնի նվազում,

Այնուամենայնիվ, Ուկրաինայի իշխանությունները շարունակում են առաջ ընթանալ արևմտյան ուղով՝ չնայած երկրի հարավ-արևելյան հատվածի արևելամետ դիրքորոշմանը (այն աշխարհագրական դիրքով մոտ է ՌԴ-ին):

Ինչպես գրում է Գլոբալիզացիայի հետազոտությունների կենտրոնի հոդվածագիր Անդրի Բրունոն, ուկրաինական ճգնաժամը շատ նման է Վրաստանի 2008թ. ճգնաժամին: Ռուսներն ուղղակի փորձեցին կանխել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Վրաստան՝ գրավելով ռազմավարական նշանակության տարածքներ, որոնք կենսական նշանակություն ունեն նրանց համար՝ Աբխազիան և Հարավային Օսիան՝ Վրաստանում (քանի որ այս տարածքները գտնվում են հենց այն ճանապարհների վրա, որոնք կապում են Հյուսիսային Կովկասն Անդրկովկասին, 2008թ. հուլիսին ՌԴ-ի կողմից կառուցված երկաթգիծը Հարավային Օսիայում գտնվող աբխազական ափի և Ռոկի թունելի երկայնքով) և Ղրիմը՝ Ուկրաինայում (որտեղ կայանված է ռուսական նավատորմը, և պայմանագիր է կնքվել պահելու այս նավատորմը մինչև 2042թ.): [17]

ԱլԳ անդամների շարքում այդ գործընթացը բավականին հանգիստ է դիտարկվում Վրաստանում: Սա ինչ-որ կերպ կապված է վերոնշյալ ռուս-վրացական 2008թ. պատերազմական գործոնների հետ, որոնք նախորդել են ԱլԳ ձևավորմանը: Ներկայումս Վրաստանն արևմտյան կողմնորոշմամբ երկիր է, ինչի մասին վկայում են ԵՄ-ի հետ ԱՀ-ի ստորագրումը, ԵՄ-ի կողմից վիզային ռեժիմի մոտալուտ վերացումը, ինչպես նաև ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանն ուղղված քայլերը: ԵՄ-ի կողմից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացումն ունի չափազանց մեծ կարևորություն երկրի իշխանությունների համար։ Նրանք հուսով են, որ դրա շնորհիվ կհաջողվի հասնել նրան, որ աբխազներն ու օսերը կձգտեն դառնալ Վրաստանի քաղաքացի, որպեսզի կարողանան ազատորեն մեկնել ԵՄ։ Ի դեպ, տարիներ առաջ Կովկասի հարցերով վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեն հայտարարել էր, որ Վրաստանը ներկա դրությամբ պետք է առաջին հերթին մտածի ոչ թե Աբխազիան ու Հարավային Օսիան վերադարձնելու, այլ՝ աբխազներին և օսերին վերադարձնելու մասին։ Եվ ահա ԵՄ-ի կողմից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացումը կարող է ոգևորություն առաջացնել աբխազների ու օսերի համար՝ գրավիչ դարձնելով Վրաստանի քաղաքացիությունը։ Վրաստանում քաջ գիտակցում են, որ ՌԴ-ն, որը ռազմակայաններ ունի Աբխազիայում ու Հարավային Օսիայում, նրանց բնակիչներին չի կարող առաջարկել նման հնարավորություն։ Վրաստանը, փաստորեն, վիզային ռեժիմի վերացմամբ փորձում է ինչ-որ չափով նպաստել իր տարածքային խնդիրների լուծմանը։

ՌԴ-ում գիտակցում են, որ եթե որևէ հակաքայլ չձեռնարկեն դեպի արևելք ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի ընդլայնման դեմ, ապա այդ տարածաշրջանի երկրները, ըստ ամենայնի, կդառնան ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի անդամներ, և ՆԱՏՕ-ի զորքերը կտեղակայվեն ՌԴ-ի համար մեծ կարևորություն ունեցող սահմանակից տարածաշրջաններում: Դա է հաստատում ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ 2011թ. Վլադիկավկազում զինվորականների հետ հանդիպման ժամանակ արած այն հայտարարությունը, որ «ՆԱՏՕ-ն կընդլայնվեր նախկին խորհրդային հանրապետությունների հաշվին, եթե ՌԴ-ը չմտներ Վրաստան 2008թ.։ Մոսկվան կտրականապես դեմ է Արևմտյան ռազմական դաշինքի ընդլայնմանը՝ ներառելու այնպիսի նախկին հանրապետությունների, ինչպիսիք են Վրաստանը և Ուկրաինան»։ Մեդվեդևի խոսքերով՝ 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո ո՛չ Վրաստանը, ո՛չ էլ մյուս երկրները, որոնց ՆԱՏՕ-ին անդամակցելուն դեմ է ՌԴ-ը, այդպես էլ չհամալրեցին դաշինքի շարքերը[18]:

Ինչ վերաբերում է ՀՀ-ին, ապա, չնայած ԵՄ-ի հետ ԱՀ-ի շուրջ 3.5 տարի տևած բանակցություններին, ընդ որում, որակապես լավ բանակցություններին, Հայաստանը չնախաստորագրեց համաձայնագիրը Վիլնյուսում, ինչպես որ պլանավորված էր: Սա մեծապես վերաբերում էր ՀՀ նախագահի 2013թ. սեպտեմբերի 3-ին Մոսկվա կատարած այցին, ինչից հետո նա հայտարարեց Հայաստանի՝ Մաքսային Միությանն անդամակցելու մտադրության մասին (ռուսական ճնշում): Դրանից առաջ ԵՄ արտաքին կապերի և անվտանգության քաղաքական հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ԵՄ-ի և Հայաստանի միջև բանակցությունների արդյունքը գնահատել էին «գերազանց»: Համատեղ հայտարարության մեջ նշվում էր ապագա ԱՀ-ի շուրջ բանակցությունների ավարտի մասին. «2010թ. մեկնարկած այս բանակցային գործընթացի ավարտը լուրջ ձեռքբերում է թե՛ ԵՄ-ի և թե՛ Հայաստանի համար: ԱՀ-ը Հայաստանին և ԵՄ-ին հնարավորություն կտա համատեղ ուժերով առաջ մղել արդիականացման և բարեփոխումների մի ընդգրկուն ծրագիր՝ հիմնված ընդհանուր արժեքների, քաղաքական ասոցացման ու տնտեսական ինտեգրման վրա: Համաձայնագիրն անմիջական դրական ազդեցություն կունենա առօրյա կյանքի վրա և Հայաստանին ու ՀՀ քաղաքացիներին ավելի մոտ կդարձնի Եվրոպային: Մեր գոհունակությունն ենք հայտնում բանակցող կողմերի բոլոր մասնակիցներին նման գերազանց արդյունք արձանագրելու կապակցությամբ»:[19]

Սրանից հետո Հայաստանը հայտարարեց, որ կընտրի «և՛…և՛»-ի քաղաքականությունը: Կարելի  է ասել, որ Հայաստանը սա արեց՝ ցույց տալու մի-փոքր անկախություն ՌԴ-ից և հերքելու, որ այս որոշումը կայացվել է ՌԴ-ի ճնշման ներքո: Սակայն եվրոպական հաստատությունները նշեցին, որ պետք է տարանջատում լինի այն երկրների միջև, որոնք հարաբերություններ ունեն ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ, և պետք է շարունակեն համագործակցությունը՝ որդեգրելով «կա՛մ…կա՛մ»-ի քաղաքականությունը: Նկատենք, որ անվտանգության հարցերն առաջնային են Հայաստանի համար, և վերջինս գոնե մինչ այժմ այնքան ուժեղ չէ ընտրելու «կա՛մ…կա՛մ»-ի քաղաքականությունը: Այստեղ ՌԴ-ի դիրքորոշումը բավականին հետաքրքիր է: 3.5 տարի ՌԴ-ը թույլ է տվել, որ Հայաստանը բանակցի ԵՄ-հետ և կարողացավ չեղարկել Հայաստանի եվրոպական պլանները «3.5 ժամում»: Վլադիմիր Պուտինը կարող էր դա անել բանակցությունների ժամանակ, բայց նա վստահ էր, որ կարող է անել ցանկացած պահի: ԱլԳ երկրների շարքում Հայաստանը դարձավ ռուսական քաղաքականության առաջին զոհը: Հայաստանի օրինակը ՌԴ-ի ուղերձն էր մյուս երկրներին, նախևառաջ, Ուկրաինային, որն էլ արդյունքում հրաժարվեց Վիլնյուսի գագաթաժողովում պլանավորված ԱՀ-ի ստորագրումից:

2015թ. հոկտեմբերի 12-ին Արտաքին հարաբերությունների խորհուրդը լիազորեց Եվրոպական հանձնաժողովին և Բարձր ներկայացուցչին սկսել բանակցությունները Հայաստանի հետ նոր, պարտադիր իրավական ուժ ունեցող, համալիր համաձայնագրի շուրջ, ինչպես նաև տրամադրեց համապատասխան բանակցային մանդատը։ Բանակցությունների պաշտոնական մեկնարկը տրվեց 2015թ. դեկտեմբերի 7-ին։

Նոր պայմանագիրը կփոխարինի առկա ԵՄ-Հայաստան Գործընկերության և համագործակցության համաձայնագրին, որը ներկայումս հարաբերությունները կարգավորող և առաջնահերթություններն ընդգծող հիմնական փաստաթուղթն է: ԵՄ-ի կատարած այս քայլի վերաբերյալ տարբեր կարծիքներ կան Հայաստանում. փորձագետները վերլուծում են, թե ինչու ԵՄ-ը Հայաստանին քարտ-բլանշ շնորհեց: Դա վստահությունն ամրապնդելու համա՞ր էր, թե՞ քաղաքական որոշում էր: Տարբերակները շատ են: Այս ամենով հանդերձ, Հայաստանը դառնում է մի երկիր, որը ԵԱՏՄ անդամ է և որոշակի հարաբերություններ ունի ԵՄ-ի հետ ևս: Այսքանով ցանկանում ենք սահմանափակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերլուծությունը, քանի որ պատրաստվում ենք առաջիկայում այդ թեմայով ներկայացնել առանձին հոդված։

Ամփոփելով կարող ենք եզրակացնել, որ Վիլնյուսում կայացած ԵՄ գագաթաժողովի արդյունքում ՌԴ-ի դեմ բացվեցին երեք ճակատներ՝ Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա, իսկ ՌԴ-ն ավելի կենտրոնացավ Ուկրաինայի վրա, քանի որ՝ ա) ՌԴ-ը չէր կարող միաժամանակ երեք ճակատներով հանդես գալ, բ) Ուկրաինան ամենակարևորն էր ՌԴ-ի համար, գ) Այստեղ որոշակի դեր խաղաց նաև այն, որ ՌԴ-ն ինչ-որ կերպ արդեն պատժել էր Վրաստանին (Աբխազիա, Հարավային Օսիա) և Մոլդովային (Մերձնեստր), սակայն չի բացառվում, որ, այնուամենայնիվ, ցանկացած պահի ՌԴ-ը նորից կկենտրոնանա Վրաստանի և Մոլդովայի վրա:

 

«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

 

[1] Joint Declaration of the Prague Eastern Partnership Summit, May 2009, p. 5, https://www.consilium.europa.eu/uedocs/cms_data/docs/pressdata/en/er/107589.pdf, (Վերջին մուտքը՝ 10.11.2016)

[2] Բայբուրդյան Ա., ՀՀ-ԵՄ. հարաբերությունների ծավալում և համագործակցության գործիքներ, Տարածաշրջանային խնդիրներ, Երևան, 2013, էջ 10-11

[3] Eastern Partnership: Communication from the European Commission to European Parliament, and the Concil, SEC (2008) 2974, 3 December 2008, p.1, https://eeas.europa.eu/eastern/docs/com08_823_en.pdf, (Վերջին մուտքը՝ 11.11.2016)

[4] Joint Declaration of the Prague Eastern Partnership Summit, 07 May 2009, p.1, https://www.consilium.europa.eu/uedocs/cms_data/docs/pressdata/en/er/107589.pdf, (Վերջին մուտքը՝ 11.11.2016)

[5] Joint Declaration of the Eastern Partnership Summit, Warsaw, 29-30 September 2011, p. 1-2, https://www.consilium.europa.eu/uedocs/cms_Data/docs/pressdata/en/ec/124843.pdf, (Վերջին մուտքը՝ 12.11.2016)

[6] Mobility partnerships, visa facilitation and readmission agreements, Migration and home affairs, https://ec.europa.eu/home-affairs/what-we-do/policies/international-affairs/eastern-partnership/mobility-partnerships-visa-facilitation-and-readmission-agreements_en, (Վերջին մուտքը՝ 18.10.2016)

 

[7] Joint Declaration of the Eastern Partnership Summit, Vilnius, 28-29 November 2013, p 1-2, https://www.consilium.europa.eu/uedocs/cms_Data/docs/pressdata/EN/foraff/139765.pdf, (Վերջին մուտքը՝ 12.11.2016)

[8] Joint Declaration of the Eastern Partnership summit, Riga, 21-22 May 2015, p. 1, https://eeas.europa.eu/eastern/docs/riga-declaration-220515-final_en.pdf, (Վերջին մուտքը՝ 13.11.2016)

[9] Путин: “Россия обойдется без меня”, но медведь свою тайгу “никому не отдаст”, 24.10.2014, https://www.rosbalt.ru/main/2014/10/24/1331088.html, (Վերջին մուտքը՝ 20.11.2016)

[10] The EU has reached an agreement to grant visa-free travel to 50 million people, https://www.independent.co.uk/news/world/europe/eu-visa-free-travel-ukraine-georgia-a7462631.html (Վերջին մուտքը՝ 10.12.2016)

[11] Georgia has chance to begin visa-free regime with EU, 11 Nov, 2015, https://en.trend.az/scaucasus/georgia/2455231.html, (Վերջին մուտքը՝  13.11.2016)

[12] Commission assesses the implementation of Visa Liberalization Action Plans by Ukraine and Georgia

Brussels, 08 May 2015, https://europa.eu/rapid/press-release_IP-15-4949_en.htm, (Վերջին մուտքը՝  11.11.2016)

[13] Corruption Perceptions Index 2014; results, https://www.transparency.org/cpi2014/results, (Վերջին մուտքը՝  10.11.2016)

[14] Trafficking in persons report, July 2015, https://www.state.gov/documents/organization/245365.pdf, (Վերջին մուտքը՝ 11.11.2016)

[15] Thomas Ambrosio, The Political Success of Russia-Belarus Relations: Insulating Minsk from a Color Revolution, p. 412-413 https://www.gwu.edu/~ieresgwu/assets/docs/demokratizatsiya%20archive/GWASHU_DEMO_14_3/9162J67W06523546/9162J67W06523546.pdf, (Վերջին մուտքը՝  05.11.2016)

[16] Derek Fraser, The Refusal of President Yanukovych of Ukraine to sign at the EU Vilnius Summit on 28 to 29 November, the Association Agreement, including a Deep and Comprehensive Free Trade Area (DCFTA) with the European Union, December 3,  2013, https://www.eucanet.org/news/media-tips/6-international-relations/169-the-refusal-of-president-yanukovych-of-ukraine-to-sign-at-the-eu-vilnius-summit-on-28-to-29-november-the-association-agreement-including-a-deep-and-comprehensive-free-trade-area-dcfta-with-the-european-union, (Վերջին մուտքը՝ 08.11.2016)

[17]  Bruno Adrie, The EU-Ukraine “Association Agreement” and the Upcoming War, August 03, 2015, https://www.globalresearch.ca/the-eu-ukraine-association-agreement-and-the-upcoming-war/5466573, (Վերջին մուտքը՝ 11.11.2016)

[18]  Медведев: если бы не война с Грузией, в НАТО приняли бы несколько стран, вопреки позиции России, 21.11.2011, https://www.gazeta.ru/news/lenta/2011/11/21/n_2104434.shtml

[19] Joint Statement by High Representative Catherine Ashton and Commissioner ŠtefanFüle on completion of negotiations on the future Association Agreement with Armenia, Brussels, 25 July 2013, https://www.consilium.europa.eu/uedocs/cms_Data/docs/pressdata/EN/foraff/138404.pdf, (Վերջին մուտքը՝ 11.11.2016)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031