ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը ողջունում է «Հանրապետություն». «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների միավորումը:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Արշակյանը նշեց. «Այդ միավորումը կարծում եմ նոր ուժերով էլ կհամալրվի: Դա մեր քաղաքական դաշտում գործող հարաբերական ամենաբարոյական ուժերի միությունն է»:
Պարոն Արշակյանը նշեց, թե ծանոթացել է Արամ Սարգսյանի վերլուծությանը և հաճելիորեն զարմացել, որ վարչապետական տարիներից նա բավականին առաջ է գնացել. «Նիկոլին գիտեմ 20 տարուց ավելի, թեև բազում տարաձայնություններ եմ ունեցել նրա հետ, բայց նա որտեղ էլ եղել է, իր սկզբունքներին չի դավաճանել: Կիրովականցի երիտասարդն էլ կամաց-կամաց ասպարեզ իջավ, ու տեսանք, որ սկզբունքներ ունեցող երիտասարդ է: Իմ սպասելիքները նրանցից բավականին շատ են»:
Գագիկ Ծառուկյանի վերադարձի վերաբերյալ նախկին պատգամավորը փոխանցեց միայն հետևյալը. «Չեմ ողջունում նրա վերադարձը, քանի որ դա ոչ իրեն, ոչ էլ հասարակությանը օգուտ չի տալու»:
Կարդացեք նաև
ՀԱԿ համագումարում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի
մասին Աղասի Արշակյանն ասաց, եթե դա Լևոն Տեր-Պետրոսյանի արած վերլուծությունը չլիներ, ես դրա տակ կստորագրեի. «Ինքը տարածքներ հենց այնպես չի զիջում, այլ ցույց է տալիս լուծման հնարավոր տարբերակ: 25-27 տարի առաջ ոտքի կանգնեցինք մեր հայրենակիցներին փրկելու ազնիվ մղումով, ճանապարհը գնաց այնպես, որ մենք չկարողացանք ծնելիության աճ գրանցել, ընդհակառակը, եղավ արտագաղթ»:
ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը, դառնալով երեք կուսակցությունների դաշինքին, ասաց. «Եթե այն հաջողությամբ ստացվի, քաղաքական դաշտին միայն օգուտ կբերի»: Գագիկ Ծառուկյանի վերադարձի և ԲՀԿ-ի հետագա ճակատագրի մասին ՀՀԿ-ականը դժվարացավ կանխատեսումներ անել ու նշեց. «Գագիկ Ծառուկյանի վերադարձը, համենայն դեպս, միավորող կլինի: Բայց կոնկրետ ես չեմ պատկերացնում այն ԲՀԿ-ն, որը գոյություն ուներ նախկինում»:
Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունների մասին պարոն Ալեքսանյանը նշեց, եթե տարիներ շարունակ սկզբունքորեն նույն կարծիքին է, ապա այդ կարծիքն իրավունք ունի գոյություն ունենալու. «Լևոն Տեր-Պետրոսյանը միշտ էլ այդ կարծիքին է եղել, ճիշտ, թե սխալ, եթե նա սկզբունքորեն այդ կարծիքին է եղել, ուրեմն այդ կարծիքն իրավունք ունի գոյություն ունենալու»:
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը ևս դրական գնահատեց Նիկոլ Փաշինյան-Արամ Սարգսյան-Էդմոն Մարուքյան դաշինքը. «Ակնհայտորեն ողջունում եմ: Երեքն էլ պոտենցիալ բարձր մակարդակներ են, հայրենասեր մարդիկ: Նման միությունը մեծ բան կտա քաղաքական մենաշնորհի կասեցման առումով: Իշխանությունը բազմիցս ասել է՝ թող ստեղծվի լավ ընդդիմություն, որը կլինի հակակշիռ իշխանությանը: Սա նման քայլերից մեկն է»:
Դառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին՝ պարոն Բոստանջյանն ասաց, թե դժվարությամբ է հասկանում նրան. «Կարելի է ազատ մեկնաբանությունների դաշտ ընկնել, մտածել, որ ի սկզբանե եղել է հանձնարարություն ստեղծել ղարաբաղյան հիմնախնդիրը, որից հետո Ադրբեջանին վերադարձնել այդ հողերը: Բոլոր դեպքերում դա մնում է որպես հանձնարարություն: Եկեք փնտրենք լուծման ճանապարհներ: Ինչի՞ մասին է խոսքը, երբ մտածում ենք հանձնելու մասին: Արյո՞ւնը հանձնենք, մարդկա՞նց, որ իրենց կյանքը դրեցին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ