Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստան մեկնելու համար` կեղծ ամուսնություն եւ կեղծ անձնագիր

Դեկտեմբեր 19,2016 17:35

Հրազդան քաղաքի բնակիչ Աղվան Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013 թ. հունիսին, խնդիրներ ունենալով ՌԴ մուտք գործելու թույլտվության կապակցությամբ, իր սանուհի Նոյեմ Սամվելի Պետրոսյանի հետ ամուսնության կեղծ վկայական ձեռք բերելու ու դրա հիման վրա, ազգանվան փոփոխությամբ, պաշտոնական կեղծ փաստաթուղթ ձեռք բերելու նպատակով, քրոջ ամուսնու՝ Մհեր Հակոբյանի հետ միասին, ՀՀ ԱՆ ՔԿԱԳ Հրազդանի տարածքային բաժնի աշխատակից Անահիտ Մկրտչյանի միջնորդությամբ դիմել են պաշտոնատար անձ հանդիսացող՝ ՀՀ ԱՆ ՔԿԱԳ Սևանի տարածքային բաժնի պետ Մանուշ Կիրակոսյանին, որը համաձայնել է որպես կաշառք 300 ԱՄՆ դոլար գումար ստանալու դիմաց գրանցել կեղծ ամուսնություն:

Դրա արդյունքում, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ամուսնության դիմումի և Նոյեմ Պետրոսյանի անձնագրի պատճենի մեջ Մանուշ Կիրակոսյանը մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություն այն մասին, որ Նոյեմ Պետրոսյանը 2012 թվականից մշտապես բնակվել է Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղում, ինչի հիման վրա 2013 թ. հունիսի 27-ին կատարել է նշված ամուսնության վերաբերյալ ակնհայտ ապօրինի ակտի թիվ 111 գրանցումը և տրամադրել թիվ ԱԲ 101015 ամուսնության կեղծ վկայականը:

Ըստ մեղադրական եզրակացության`Աղվան Մնացականյանը 2013 թ. հուլիսի 2-ին ստացել է Աղվան Պետրոսյան ազգանունով ՀՀ քաղաքացու AN սերիայի 0544061 համարի անձնագիրը և պաշտոնական կեղծ փաստաթուղթ հանդիսացող հիշյալ անձնագրի օգտագործմամբ 6 անգամ Բագրատաշեն հսկիչ անձնագրային կետով հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը: Տվյալ կեղծ փաստաթղթի հիման վրա 2016 թվականի օգոստոսի 24-ին Աղվան ՄՆացականյանը ստացել է նույն տվյալներով ՀՀ քաղաքացու AP սերիայի 0562336 համարի անձնագիրը և ևս 2 անգամ Բագրատաշեն հսկիչ անձնագրային կետով հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը:

Աղվան Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով («Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը») եւ 329 հոդվածի 1-ին մասով («Պետական սահմանն ապօրինի հատելը»):

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունը դեկտեմբերի 23-ին կմեկնարկի Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031