Լրահոս
Օրվա լրահոսը

Տեխզննման կտրոնները լինելու են օնլայն. Ստուգելու են՝ իրականում տեխզննում եղե՞լ է. թե ուղղակի գնել են կտրոնը (Տեսանյութ)

Դեկտեմբեր 19,2016 17:32

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը վստահեցնում է՝ ավտոմեքենաների տեխզննման կտրոնները վերանալու են: Այսօր նախարարի տարեվերջյան ասուլիսի ժամանակ Aravot.am-ը նախարարից հետաքրքրվեց՝ արդյոք տեխզննման կտրոնների տրամադրման կարգը վերանայելու կարիք չի՞ տեսնում, քանի որ այն, ինչպես վարորդներն են դժգոհում, վճարումները կատարվում են բանկերում, վերջիններս վարորդներից պահանջում են գույքահարկի վճարման հաշվետվություն, ինչը օրենքի խախտում է:

Նախարարն այս առնչությամբ ասաց, որ մշակել են ծրագիր, որը կներկայացնեն կառավարություն.«Կարճ ասեմ՝ մենք վերացնելու ենք այդ կտրոնները, դրանք լինելու են օնլայն: Ճանապարհային ոստիկանները բոլորը ունենալու են հնարավորություն միաժամանակ մուտք գործել բազա եւ տեսնել՝ անցե՞լ է տեխզննում, թե՝ ոչ, կունենանք հնարավորություն ստուգելու՝ մեքենան իրականում անցե՞լ է տեխզննում, թե՝ ուղղակի գնել է կտրոնը»:

Մեր ճշտող հարցին՝ գույքահարկի վճարման հաշվետվություն ներկայացնելու պահանջն արդյոք կվերանա՞, քանի որ վարորդները պնդում են՝ ըստ օրենքի, գույքահարկի վճարման ժամկետը մինչեւ տարեվերջ է, մինչդեռ եթե տարվա կեսին վճարած չեն լինում, իսկ կտրոն ստանալու համար դա պահանջում են, ապա սա ե՛ւ օրենքի խախտում է, ե՛ւ ավելորդ գլխացավանք, նախարարն այսպես արձագանքեց՝ «Շնորհակալություն հարցի համար, անպայման դա էլ հաշվի կառնենք կառավարություն ներկայացրած մեր առաջարկություններում»:

Aravot.am-ի այն հարցին էլ՝ թե ի՞նչ քայլեր են ձեռնարկում տաքսի ծառայությունների համար հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու համար, քանի որ, դժգոհություններ կան տաքսու վարորդներից, որ «Յանդեքս տաքսին», «GG տաքսին» «արտոնյալ են». նշված ծառայությունները տաքսիների լիցենզավորման նոր կարգ են առաջարկում, սա ընդունելի՞ է նախարարության համար, Վահան Մարտիրոսյանն ասաց՝ իրենց դիրքորոշումն է .«Այն, ինչը պետք է լիցենզավորվի՝ դա պետք է լիցենզավորվի»:

Մանրամասն՝ տեսանյութում

Հիշեցնենք, որ նախարարն այսօր անդրադառնալով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, ասել է , որ փորձում են հասկանալ մասնավոր հատվածի պահանջները եւ պայմանները. «Հարկային բարեփոխումների ծրագիր ենք մշակում, շուտով կներկայացնենք կառավարություն»:

Aravot.am-ի այն հարցին՝ վարչապետը ՏՏ ոլորտից աշխարհ շուռ տվող ծրագրեր էր ուզել, արդյոք հարկային արտոնությունը բավարա՞ր է, կան որոշակի գաղափարներ՝ աշխարհ շուռ տալու կամ աշխարհին զարմացնելու համար, Վահան Մարտիրոսյանն այսպես պատասխանեց. «Աշխարհ շուռ տալու մասին՝ լավ կլինի աշխարհ շուռ տանք, դրա համար հրավիրում ենք ՏՏ ոլորտի, տարբեր միությունների ներկայացուցիչներին, առանձին հանդիպում ենք ունենում, շաբաթական մեկ անգամ վարչապետի հետ ենք հանդիպում: Պետության հիմնական գործիքն այն է, որ լավ պայմաններ ստեղծվի, դա (նկատի ունի աշխարհ շուռ տալը) պետությունը չի կարող անել, դա մասնավորն է անում»:

Մանրամասն՝ տեսանյութում

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031