Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ՀՀ քաղաքական դաշտը ներկայացնելով թատրոնի համատեքստում, հայտարարեց, թե ՀՀԿ-ն պարտերում է, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը նստած է ռադիկալ ընդդիմության օթյակում:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Ադիբեկյանը նշեց, թե նոր կուսակցությունների համար ձայներ չկան: Ըստ նրա՝ ՀՀ քաղաքական դաշտում գործող 80 կուսակցություններից միայն 5-ը լուրջ դերակատարություն ունեն, մնացյալը 0-ներ են: Հստակեցմանը՝ դա վերաբերո՞ւմ է նաև «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին, պարոն Ադիբեկյանը պատասխանեց. «Այդ կուսակցությունները մեր տվյալներով հինգ տոկոսի չեն հասնում»:
Ըստ սոցիոլոգի՝ ԲՀԿ-ն երկու անգամ զիջել է դիրքերը. «Ժառանգության» խնդիրն է հարցականի տակ, ՀԱԿ-ինը՝ ևս: Նրանք միշտ 7 տոկոսի սահմանում են, որ 0.2 տոկոսով տակ տան, ՀԱԿ-ը չի անցնի»: Պարոն Ադիբեկյանը Տեր-Պետրոսյանի ակտիվությունը կապում է հենց այս վտանգավոր շրջանի հետ:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կանխատեսմամբ՝ միավորումներ դեռ կլինեն: Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի վերադարձին՝ պարոն Քոչարյանն ասաց. «Եթե Գագիկ Ծառուկյանը վերադառնա, չի վերադառնալու ԲՀԿ, լինելու է լայն միավորման՝ դաշինքի ղեկավար, որը կլինի վերկուսակցական մարմին»:
Կարդացեք նաև
Պարոն Քոչարյանը նկատեց, որ ընտրությունը կատարվելու է նաև աշխարհաքաղաքական տեսանկյունից: Այնուհետև զգուշացրեց. «Եթե որևէ արևմտյան ուժ չանցավ, որևէ ֆինանսական հոսք Հայաստան, չի լինի մոտակա հինգ տարիների ընթացքում»:
Գուրգեն Եղիազարյանը ամեն ինչ կապեց Գագիկ Ծառուկյանի վերադարձի հետ. «Այսօր Գագիկ Ծառուկյանը դեռ չի մտել խաղի մեջ: Լինելու է այն, որ մենք սպասելու ենք Գագիկ Ծառուկյանի որոշմանը: Տա Աստված, որ մտնի քաղաքական դաշտ»:
Անդրադառնալով ՀԱԿ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին՝ https://www.aravot.am/2016/12/17/838393/ պարոն Եղիազարյանը բարձր գնահատեց հայրենիքի վերաբերյալ հնչեցվածին, իսկ ՀՀ առաջին նախագահի՝ մյուս երկու խնդրահարույց շեշտադրումների վերաբերյալ գերադասեց լռել:
Վերլուծելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի 100-օրյա գործունեությունը՝ Կարեն Քոչարյանը հայտարարեց, թե նրա կառավարության անդամներից քչերն են հասցնում վարչապետի տեմպին՝ դրայվին. «Կարեն Կարապետյանի կառավարությունից շատ քչերը դիմացան դրայվին, այդ տեմպին: Ինքը կսկսի փոխել իր իսկ կառավարության անդամներին, ովքեր չեն հասցնում այդ տեմպին, հակառակ պարագայում ինքն իսկ չի հասցնի իր տեմպին: Պատահական չէր վերջին կառավարության նիստին իր մատ թափ տալը: Կարեն Կարապետյանը հասկացրեց բոլորին, որ ինքը պատրաստ է կադրերին փոխել այսպես շարունակվելու դեպքում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ