Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում չկա նաև վերաբացված գործերի, առավել ևս արդարացման դատավճիռների վիճակագրություն». Փորձագետ

Դեկտեմբեր 19,2016 16:47

Հայաստանում անցկացվել է 1991-2016 թթ. մահապատժի ու ցմահ ազատազրկման դատապարտվածների դատավճիռների ապացույցների բազաների ուսումնասիրություն:

Այսօր «Դատական ճակատագրական սխալների ուղղման ամերիկյան փորձը» կլոր սեղան քննարկման ժամանակ ծրագրի համակարգող, փորձագետ Զարուհի Մեջլումյանը ներկայացրեց ուսումնասիրության արդյունքները:

Ուսումնասիրության համաձայն, դեռևս չկա նախադեպ, որ համակարգային ուսումնասիրվեն «ավարտված» ամբողջական քրեական գործեր, չկա նաև դատական հնարավոր սխալների մասին գիտական աշխատանք:

Ըստ փորձագետի, Հայաստանը վերջին 25 տարիների ընթացքում դատաիրավական բարեփոխումների քառափուլ շրջան է անցել, քրեական արդարադատության ոլորտի օրենսդրությունը պարբերաբար կատարելագործվել ու կատարելագործվում է, եռաստիճան դատական համակարգ է ստեղծվել, ՄԻԵԴ-ի ու Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներ են կայացվել, զարգացել է նախադեպային իրավունքը, արդյունավետ պաշտպանության մեխանիզմներ են ներդրվել, ավելացել, սակայն երբևէ որևէ անդրադարձ չի կատարվել նախկին իրավակարգի ժամանակ քննված քրեական գործերին:

Այնինչ մինչև 2003 թվականը քննված գործերով դատապարտյալները չեն օգտվել եռաստիճան դատական համակարգի՝ գործերի վերանայման, բողոքարկման մեխանիզմից, չեն կարող նաև իրենց դատավճիռները վիճարկել ՄԻԵԴ-ում այն պարզ պատճառով, որ ՀՀ-ն ԵԽ անդամ պետություն չէր:

Մեր երկրում առայժմ չկա մի մարմին, որը զբաղվի «ավարտված» քրեական գործերի ուսումնասիրմամբ, չկա նաև վերաբացված գործերի, առավել ևս արդարացման դատավճիռների վիճակագրություն:

«Հայաստանում այսօր պատիժ է կրում 98 ցմահ բանտարկյալ: Փորձագետների մեր խումբը՝ Փորձաքննությունների ազգային բյուրոյի քրեաբան Երեմ Ասատրյանը, Հելսինկյան կոմիտեի իրավաբան, գործող փաստաբան Ռոբերտ Ռևազյանը, հետազոտող, իրավաբան Դիաննա Ջավադյանը ուսումնասիրել են 91 անձի վերաբերյալ 76 դատավճիռ:

Դատավճիռները ձեռք են բերվել ՀՀ ԱՆ ՔԿՎ գիտությամբ և աջակցությամբ, բնականաբար՝ մահապատժի ու ցմահ դատապարտված անձանց համաձայնությամբ, ինչը նրանք ամրագրել են իրենց ստորագրություններով:

Խորհրդակցելով «Ջեֆֆրի Դեսկովիչը հանուն արդարության» հիմնադրամի ղեկավար, դատական սխալ վերապրած, 16 տարի չկատարած հանցանքի համար պատիժ կրած, ապա արդարացված՝ Ջեֆֆրի Դեսկովիչի հետ՝ կազմել ենք միասնական սխեմա, որով առաջնորդվելով էլ կատարել ենք ուսումնասիրությունը:

Ուսումնասիրված 76 դատավճիռ՝ 91 անձի վերաբերյալ: 1991-2003 91 անձից 28-ը դատապարտվել է մահապատժի՝ 1961 թ-ի ԽՍՀՄ օրենսգրքով, 2003-մինչ օրս 91 անձից 63-ը դատապարտվել են ցմահ ազատազրկման, 2003 թվականին Հայաստանի անկախ պետության առաջին քրեական օրենսգրքով

91 մահապատժի ու ցմահ ազատազրկման դատապարտվածներից 27-ը չի ընդունել մեղքը, 35-ը ընդունել է մասնակի, 29-ը ընդունել է լրիվ: 1991-2009 թթ ցմահ դատապարտյալների մեծամասնությունը 18-25 տարեկան են, իսկ 2009-2016թթ. ցմահ դատապարտյալների տարիքը սկսվում է 25-ից, բացառությամբ 2 դատավճռի, որտեղ մի ամբաստանյալը 19 տարեկան է եղել, մյուսը՝ 20:

2009-2013թթ ցմահ ազատազրկում պատժատեսակով 24 դատավճիռ է եղել, իսկ 2013-2016 թթ ցմահ ազատազրկում պատժատեսակով՝ 1 դատավճիռ:

Արձանագրել ենք ինքնախոստովանական ցուցմունքների առատություն մահապատժի դատավճիռներում: 1991-2008 թթ. ինքնախոստովանական ցուցմունք հանդիպել է ընդամենը 25 անգամ, իսկ 2009-2016 թթ. ինքնախոստովանական ցուցմունք հանդիպել է ընդամենը 2 անգամ»,- ներկայացրեց փորձագետը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031