Լրահոս
Օրվա լրահոսը

Վիկտոր Դալլաքյանը շարունակում է քննադատել իշխանությանը, որն ինքը լքեց. (Տեսանյութ)

Դեկտեմբեր 19,2016 16:30

«3-րդ հանրապետություն» կուսակցության 7-րդ համագումարը կայանալու է դեկտեմբերի 23-ին, որի ժամանակ իր լիազորությունները վայր կդնի կուսակցության նախագահ Էդվարդ Անտինյանը: Համագումարին կլինեն միայն կուսակցականներ, քանի որ լինելու են կանոնադրական հարցեր:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նախ Էդվարդ Անտինյանը պարզաբանեց, որ կուսակցության գրանցման մասին նախօրոք չէին հայտարարել, որպեսզի խանգարողները քիչ լինեին: Այդ համագումարում արդեն կուսակցությունն ամենայն հավանականությամբ կգլխավորի նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանը:

Այսօրվա ասուլիսում Վիկտոր Դալլաքյանն ասաց, որ իրենք կողմ են քաղաքական դաշտում լայն կոնսոլիդացիայի: Նա շատ մանրամասներից առայժմ զերծ մնաց, բայց հստակ ասաց, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ առաջիկայում կհամագործակցեն: Եռյակի`«Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների հետ համագործակցությունը Վիկտոր Դալլաքյանը չի տեսնում, փոխարենը դրական տոներով խոսեց «Ժառանգության» եւ «Համախմբման» մասին:

2016 թվականի հայաստանյան քաղաքական կյանքում Վիկտոր Դալլաքյանը երեք կարեւոր իրադարձություն է առանձնացնում` ապրիլյան պատերազմը, «Սասնա ծռեր» խմբի ըմբոստությունը եւ նոր կառավարության ձեւավորումը: «Մեծ տերությունների համար ՀՀ-ն ներկայումս հայտնվել է մի իրավիճակում, երբ գերտերությունները կողմնակից են ստատուս քվոյի փոփոխությանը, իսկ Հայաստանն առաջնորդվում է 90-ականների տեսլականով: Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ ՀՀ գործող իշխանությունները, օլիգարխիան չեն կարող դիմակայել հնարավոր ագրեսիային: Ըստ որոշ վերլուծաբանների գնահատականի՝ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ պատերազմի»,- ասաց Վիկտոր Դալլաքյանը:

Մանրամասները`տեսանյութում

ՀՀ անվտանգության թիվ մեկ սպառնալիքը Վիկտոր Դալլաքյանը համարում է գործող իշխանությունների վերարտադրությունը 2017-ի ընտրություններում: Այս ընտրությունների հետ կապված, իր կարծիքով, բացառիկ հնարավորություն կա`թույլ չտալու գործող իշխանության վերարտադրությունը, ինչը Հայաստանում միշտ եղել է:

Սա, ըստ Վիկտոր Դալլաքյանի, Արմեն Գեւորգյանի`իրեն ուղարկած հաղորդագրությունն է`իր ասուլիսից առաջ

Սա, ըստ Վիկտոր Դալլաքյանի, Արմեն Գեւորգյանի`իրեն ուղարկած հաղորդագրությունն է`իր ասուլիսից առաջ

Գործող վարչապետի գնահատականը`որ տնտեսությունը շատ վատ վիճակում է, Վիկտոր Դալլաքյանը համարում է գործող իշխանության եւ գործող նախագահի ութ տարվա գործունեության արդյունք: Նա պաշտոնական երկու թիվ է հրապարակում. ութ տարում, խաղաղ պայմաններում Հայաստանից արտագաղթել է 400 հազար մարդ, իսկ արտաքին պարտքը կազմել է 5 միլիարդ 500 միլիոն: «ՀՀ-ի սպառնալիքը գործող իշխանության վերարտադրությունն է, որը պետք է կանխել»,- եզրակացնում է նա`հավելելով, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում անհրաժեշտ է կիրառել 1990 մոդելը`հասարակությունը բաժանել սեւի եւ սպիտակի ու հաղթել ընտրություններում: Իրենք հայաստանյան եւ սփյուռքի լայն կոնսոլիդացիայի կողմնակից են, դրական են վերաբերվում սփյուռքահայ գործիչների`հայաստանյան ընտրությունները դիտարկելու ցանկությունը, պատրաստ են աջակցել նրանց`իրենց առաքելության ընթացքում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031