«Մենք բոլորս հասկանում ենք, որ դա Հայաստանն ու Ռուսաստանը կապող միակ ճանապարհն է, մեր գործընկերները ամեն ջանքերը ներդնում են, որպեսզի այդ ճանապարհը լինի բաց»,-ասաց տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն՝ այսօր՝ տարեվերջյան ասուլիսի ժամանակ:
Նախարարի խոսքերով՝ «Եղանակից էլ է կախված, ունեցել ենք աննախադեպ ձմեռ, վստահեցնում եմ՝ աշխատանքները կատարվում եւ կատարվելու են միշտ: Դա վրացի իմ գործընկերների եւ Վրաստանի վարչապետի հանձնարարականն է»:
Պարոն Մարտիրոսյանը վստահեցրեց, որ դեպի Ռուսաստան եւ ՌԴ-ից Հայաստան բեռնափոխադրման այլընտրանքային ճանապարհների մասին քննարկումներ են լինում՝«Լաստանավով կազմակերպենք, բայց այսօր Փոթին լաստանավ չի ընդունում, փոթորիկ է, քննարկում ենք ավիափոխադրումներով կազմակեպելու ուղղությամբ, շուտով կունենանք այլընտրանքային տարբերակներ: Բայց այսօր Լարսը բաց է, Հայաստանի սահմանին մոտեցել են 300 մեքենա՝ նաեւ Փոթիի նավահանգստից: Իսկ Լարսի սահմանից, եթե չեմ սխալվում 240 մեքենա է դեպի դուրս գնացել, 185 էլ՝ դեպի Հայաստան»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, պարոն նախարարն ասաց, որ փորձում են հասկանալ մասնավոր հատվածի պահանջները եւ պայմանները.«Հարկային բարեփոխումների ծրագիր ենք մշակում, շուտով կներկայացնենք կառավարություն»:
Հարցին՝ ի՞նչ փուլում է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագիրը, որը դեռեւս 2008 թվականին ՀՀ նախագահի ծրագրով է նախատեսված, պարոն Մարտիրոսյանը վստահեցրեց՝ «Հիմա ունենք բիզնես պլան, որտեղ կոնկրետ նշված են ներդրումային մասն ու հետգնման ժամկետը: Կատարված է մոտավոր ուսումնասիրություն հատվածների հետ կապված»:
Լրագրողների այն հարցին էլ, որ վարորդները վստահեցնում են, որ Լարսի անցակետում իրենցից ապօրինի գումարներ են գանձում եւ այս ուղղությամբ ի՞նչ է անում հայկական կողմը, նախարարը պատասխանեց՝ «Այս հարցը բարձրացրել եմ իմ կոլեգաների առաջ, ես էլ եմ եղել Լարսում, բարձրացրել եմ հարցը մաքսային կետի պետի մոտ: Իրենք հաստատում են, որ նման բան չկա, բայց վարորդները վստահեցնում են, որ կա ժամանակ առ ժամանակ: Հասկացեք, մենք չենք կարող Ռուսաստանում մեր միջոցներով ինչ-որ բան փոխել»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ