Ամանորի նախաշեմին շուկայում անգամ սատկած խոզի, ձիու միս է հայտնվում, սակայն ինչպես պարենային իրավունքի փորձագետ, սննդամթերքի անվտանգության փորձագետ Դավիթ Պիպոյանն է ասում` եթե սննդամթերքի անվտանգության կառավարման, հետագծելիության, օպերատորների ինքնավերահսկելիության համակարգեր եւ կիսովի պատասխանատվության ինստիտուտ մեզ մոտ էլ ներդրված լինի, ինչպես այլ երկրներում, սատկած կենդանիների միսը ոչ մի դեպքում շուկա չի մտնի:
Դավիթ Պիպոյանի խոսքի մանրամասները` տեսանյութում
Այսօր պարոն Պիպոյանը «Հայելի» ակումբում անդրադարձավ նաեւ տոնական օրերի սննդակարգին` զգուշացնելով խուսափել թթվասերով, մայոնեզով, ձվով աղցանները օրերով պահելուց, քանի որ դրանից կարող են թունավորումներ լինել:
Կարդացեք նաև
Պարոն Պիպոյանի խոսքերով. «Եթե աղցանի մեջ ավելացրել եք թթվասերը եւ մայոնեզը, նրա պիտանելիության ժամկետը դառնում է 6-8 ժամ: Հիմա սոցիալական վիճակից ելնելով տնային տնտեսուհիները մինչեւ դեկտեմբերի 30-ը աշխատում են եւ չեն հասցնում պատրաստել եւ անգամ աղցանները պատրաստի` թթվասերով, մայոնեզով համեմված գնում են: Հունվարի մեկին պարզապես թափեք այդ աղցանները»:
Ըստ փորձագետի, ցանկացած սննդամթերք ունի պիտանելիության ժամկետ եւ անկախ այն բանից, սննդամթերքը խանութում է, թե տանը` դրանից նրա ժամկետը չի երկարում: Պարոն Պիպոյանի խոսքերով, ոչ միայն երշիկեղենն է շուտ փչանում, այլ նաեւ բուսական ծագման սննդամթերքը:
Aravot.am-ի հարցին, թե վարչապետ Կարեն Կարապետյանը նշանակվելուց հետո առաջին խնդիրը, որ բարձրացրեց` սննդամթերքի անվտանգության հարցն էր, արդյոք շուկայում փոփոխություններ նկատե՞լ է այս ամիսների ընթացքում, Դավիթ Պիպոյանը պատասխանեց, որ ոլորտի հաջողությունների մասին կարող է դատել, եթե լինի ռազմավարություն. «Ես կարող եմ օբյեկտիվ, կոնկրետ կարծիք տալ այդ ռազմավարությանը, եթե լինի ծրագիր եւ կոնկրետ գործիքակազմ: Ես ցավով պիտի արձանագրեմ, որ այդ փաստաթղթերը չեմ տեսել եւ այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել, ես կարծիք չեմ կարող տալ, որովհետեւ պիտի այդ թիմն աշխատի եւ առնվազն, նրանց 100 օր ժամանակ պետք է տանք»:
Մանրամասները` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ