ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Ցոցորկովա-Կայմակչիեվային:
Շնորհավորելով նորանշանակ դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ` նախարար Լևոն Մկրտչյանը համոզմունք է հայտնել, որ կրթության բնագավառում Բուլղարիայի հետ հարաբերությունները զարգացման նոր մակարդակ կարձանագրեն և այդ համատեքստում կարևորել է համագործակցության խորացմանն ուղղված գործնական քայլերի իրականացումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառներում 2016-2020 թվականների համագործակցության մասին» ծրագրին: Նշվել է, որ համատեղ կրթական ծրագրեր իրականացնելու նպատակով նախատեսվում է ակտիվացնել միջբուհական համագործակցությունը, մասնավորապես` կրթաթոշակների փոխանակման գործընթացում: Զրուցակիցների հավաստմամբ` նոր ծրագրի իրականացումը դինամիկա կհաղորդի հայ-բուլղարական կրթական համագործակցության ամրապնդմանը և զարգացմանը:
Նախարար Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է, որ Հայաստանն այս տարվանից անդամակցում է եվրոպական «Հորիզոն-2020» գիտական ցանցին և այդ համատեքստում առաջարկել ակտիվորեն համագործակցել նաև գիտության ոլորտում` շեշտը դնելով բնական գիտությունների վրա:
Կարդացեք նաև
Շնորհակալություն հայտնելով կրթության ոլորտում առկա համագործակցության համար` դեսպան Մարիա Ցոցորկովա-Կայմակչիեվան կարևորել է համագործակցության նոր ծրագրի ստորագրումը՝ հույս հայտնելով, որ այն կրթության ոլորտում երկու երկրների միջև զարգացման նոր հեռանկարներ կբացի: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մի շարք ընթացիկ աշխատանքային հարցեր:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն